Կարևոր իրադարձություններ

Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 19

19 Հունվար, 2017 19:00
Օրվա կարևոր իրադարձությունները. հունվարի 19

Shabat.am-ը ներկայացնում է օրվա կարևոր իրադարձությունները. 

Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ըստ որի բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի գարնանը ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գ.Ա.-ն ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ուղեկցող գումարտակի աշխատակից Գ.Մ.-ից առաջարկ է ստացել միջամտել գործի քննությանը և դատավորի միջոցով ամբաստանյալ Ա.Ծ.-ի համար ապահովել բարենպաստ դատական ակտի կայացում: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Գ.Ա.-ն հավաստիացրել է, թե իբր 8.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ցանկալի արդյունք ապահովելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել դատավորի հետ: Այնուհետև, Գ.Մ.-ի և վերջինիս ծառայակից Կ.Հ.-ի միջոցով ամբաստանյալի ազգականներից Գ.Ա.-ն ստացել է 8.000 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն։      Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Գ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) և նա կալանավորվել է, իսկ Գ.Մ.-ին և Կ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդության փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-313 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ): Նրանց նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է:

Այսօր լրացավ պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10 տարին: Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։ Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքիիրավունքների հարցը։ 

Գործադիրն այսօրվա նիստում հավանության  Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի բնակվելու (գտնվելու) վայրում լուսանկարահանում իրականացնելու և մատնադրոշմները վերցնելու դեպքերն ու կարգը սահմանելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ ՀՀ քաղաքացիներին կապահովվի նույնականացման քարտ և անձնագիր ստանալու (փոխանակելու) համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը:

ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ընտրական ցուցակները գրանցելուց հետո ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Իսկ համաձայն Ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար յուրաքանչյուր կուսակցություն կարող է նշանակել առավելագույնը երկու վստահված անձ: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է լինել վստահված անձ, եթե ունի ընտրական իրավունք, այսինքն՝ եթե քվեարկությանը օրը (ս.թ. ապրիլի 2-ին) լրացել է նրա 18 տարին, միաժամանակ՝ դատարանի վճռով չի ճանաչվել անգործունակ, և դատապարտված չէ (և պատիժը չի կրում) դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար: 


Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայկական կերակուրներով է սնվում Մանչեսթեր քաղաքում հայկական ռեստորանում, որտեղ այցելում է շաբաթական 1-2 անգամ։ Այս մասին Manchester Evening News-ի հետ զրույցում ասել է Armenian Taverna-ի սեփականատեր Արմանը։ «Այո, ես եղել եմ այնտեղ, ընդ որում՝ բազմիցս»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։ Արմանի կարծիքով՝ հայտնի ֆուտբոլիստը շարունակում է վերադառնալ իրենց մոտ, քանի որ իրենք մատուցում են կերակուրներ, որոնք հոգեհարազատ են նրան։  

 

Լրահոս

Դիտել ավելին