Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո մի քանի էական բան փոխվեց.Շաբաթի հյուրը Ալեք Ենիգոմշյանն է. (լուսանկարներ)

18 Դեկտեմբեր, 2016 18:31
«Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո մի քանի էական բան փոխվեց.Շաբաթի հյուրը Ալեք Ենիգոմշյանն է. (լուսանկարներ)

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը այս անգամ ներկայացնում ենք ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանին: 

-Պարո՛ն Ենիգոմշյան, «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին պարզվեց, որ Հայաստանում գրեթե չեն մնացել հեղինակավոր մարդիկ, որոնք կարող էին միջնորդ լինել: Երբ Դուք ընտրվեցիք այդ դերում, ի՞նչ էմոցիաներ ունեցաք:

-Պատասխանատվության մեծ զգացում էր, որովհետև կշեռքի նժարների վրա դրված էին բազմաթիվ հարցեր: Նախ կային այն խորը շարժառիթները, որոնք այդ տղաներին մղել էին նման քայլի: Եվ ապա կար հարցը, թե ստեղծված իրավիճակը՝ կախված Սասնա ծռերի գործողություններից ինչպիսի հանգուցալուծում կունենա: Կար տղաների, նաև այն բոլոր հայ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների՝ այդ թվում ոստիկանների կյանքի և առողջության հարցը: Միջնորդ լինելն ինձ առաջարկվեց ոչ թե տղաների, այլ անվտանգության մարմինների կողմից և նրանք լավ գիտեին իմ հայացքների մասին: Քանի որ և՛ ես, և՛ այդ տղաների մի մասը Հիմնադիր խորհրադարանից ենք, գաղափարական առումով ես կիսում էի նրանց մտահոգությունները, պահանջները, բոլոր այն խնդիրները, որոնք նրանց մղել էին այդ քայլին:

 

-Դուք եղել եք ԱՍԱԼԱ-ի անդամ: Այդ գաղտնի կազմակերպությունն ինչ-որ կերպ Ձեզ օգնել կամ խանգարե՞լ է այս տարիների ընթացքում:

-Ցանկացած մարդ, ով իր կյանքում նման կարևոր, իր և ուրիշների ճակատագրերի հետ են առնչվող որոշումներ է կայացնում, կրում է լուրջ պատասխանատվություն: Ես իմ գաղափարական ազգային և մարդկային արժեքների շուրջ դաստիրակություն ստացել են նաև ավելին՝ առաջին հերթին իմ ծնողներից: Դա չի նշանակում, որ նրանք անվերապահ քաջալերում էին ինձ: Եղել է իհարկե ծնողական բնազդը, և շեղումներից հեռու պահելու նախանձախնդրությունը:  

Արդեն 20 տարի է, որ մշտական բնակություն եմ հաստատել Հայաստանում և հայրենիք գալուց հետո այն փաստը, որ ես ԱՍԱԼԱ-ի անդամ եմ եղել և՛ օգնել, և՛ խանգարել է: Ասեմ, որ երբևէ չեմ զղջացել այդ ճանապարհն ընտրելու համար: Մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման մեջ իմ լուման պետք է ունենամ: Այդ առումով ԱՍԱԼԱ-ի անդամն լինելը ինչ-որ չափով խանգարում է, քանի որ ոմանք իմ գործունեության մեջ  միայն այդ մասն են ուզում տեսնում: Եթե դու անցյալում նման պայքարի մասնակից ես եղել՝ ավելին անելու կարիքը չունես, բայց ես հիմա այդպես չեմ մտածում, հիմա էլ անելիքներ ունեմ: Մեր առաջ մարտահրավերների պակաս չկա, և ես չեմ կարող ինձ թույլ տալ անտարբեր մնալ դրանց նկատմամբ:  Իմ պայքարը միայն ԱՍԱԼԱ-ով չի սկսվել ու ավարտվել: Ե՛վ անցյալում ԱՍԱԼԱ-ի պայքարը և ներկայումս մեր առաջ դրված խնդիրների լուծման համար տարվող պայքարը խորքային իմաստով նույնն են: Ես չէի ուզենա, որ ԱՍԱԼԱ-ում իմ ներգրավված լինելու փաստը խանգարեր մարդկանց այսօրվա իմ անելիքների ընկալման հարցում: 

-ՊՊԾ գնդի գրավման օրերին որոշ ժամանակ գտնվեցիք անազատության մեջ: Այդ ընթացքում ամենաշատն ինչի՞ մասին էիք մտածում:

-Այո, ես հուլիսի 27-ին ձերբակալվեցի և 3 օր անց կալանավորվեցի: Ապա դատախազի որոշմամբ խափանման միջոցը փոխվեց և օգոտոսի 8-ին ազատ արձակվեցի՝ չնայած մեղադրանքը մինչև օրս կա:

Առաջին օրերին՝ մինչև հուլիսի 31-ը, երբ տղաները դեռևս գտնվում էին ՊՊԾ գնդում, բնականաբար իմ ամբողջ միտքը և ուշադրությունը կենտրոնացած էին այն հարցերի վրա, թե  ինչպես է ավարտվելու տղաների պայքարը՝ թե՛ արդյունքների առումով, թե՛ բազմաթիվ մարդկանց կյանքերի վտանգի տակ գտնվելու իմաստով: Ես մի քիչ ուշ՝ օգոստոսի 1-ին եմ իմացել, որ տղաները դուրս են եկել, քանի որ այդ օրերին տեղեկություններ ստանալու միջոց չունեի:

 

-«Սասնա ծռեր» խմբի տղաները, այդ թվում՝ Ժիրայր Սէֆիլյանը բանտարկված են: Որո՞նք են լինելու Հիմնադիր խորհրդարանի հետագա քայլերը:

-Քաղաքական ուղու շարունակումը: Տղաների՝ բանտում գտնված ընթացքում հրապարակվեց մի փաստաթուղթ՝ Նոր հանրապետության հիմնադրման «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը: Այն իր էությամբ Հիմնադիր խորհրդարանի կողմից մինչ այդ ընտրված քաղաքական ուղու շարունակությունն է՝ որոշ կետերի շատ ավելի հստակ և որոշակի շեշտադրումներով: Այդ փաստաթղթի մշակմանը շատ ակտիվ մասնակցել են կալանավորված տղաներից մի քանիսը: Սասնա ծռերի շարժման անելիքներն արդեն պետք է ուղղված լինեն այդ ճանապարհային քարտեզի իրականացմանը, որը նաև  բանտարկված տղաների որոշումն ու ցանկությունն է:

Նշեմ նաև, որ աշխատանքներ են տարվում այժմ անազատության մեջ գտնվող տղաների իրավունքների պաշտպանության և ազատ արձակման ուղղությամբ:

-Կարծիքներ կան, որ խմբի անդամներն արդյունավետ ոչ մի քայլ չկարողացան անել. իշխանությունը հաղթեց, իսկ տղաները հայտնվեցին ճաղերի ետևում: Դուք ի՞նչ կարծիքի եք այս հարցի վերաբերյալ:

-Տղաներն արեցին այն, ինչ կարող էին: Նրանց այդ քայլով շատ բան փոխվեց մեր երկրում: Իհարկե, վերջնական քաղաքական նպատակներն ամբողջովին չեն իրականացվել, բայց ասել, որ տղաները քայլ արեցին և իրենց առաջ դրված խնդիրները չլուծեցին, հետևաբար, նպատակի իրականացումը ձախողվեց, սխալ է, քանի որ մի քանի շատ էական բաներ այնուամենայնիվ փոխվեցին և շարունակվում եմ փոխվել:

Մասնավորապես, մենք կարող ենք խոսել Արցախի հարցով այն խիստ վտանգավոր միտումների մասին, որոնք այդ ժամանակ առկա էին: Քառօրյա պատերազմի ավարտից հետո շատ լուրջ հարցեր էին դրված քննարկման, մասնավորապես, որոշ տարածքների հանձնումը: Միանշանակորեն տղաների քայլը դա ձախողեց: Դա նաև զգուշացում էր ապագայի համար՝ ուղղված նրանց, ովքեր հետագայում այդ ուղղությամբ կարող են ինչ-ինչ ծրագրեր մտմտալ:

Փոխվեց նաև ժողովրդի հոգեբանությունը: Տղաների՝ ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո, երբ կար մեծ սպասում և այն ամբողջապես չիրականացավ, որոշ մարդկանց մոտ հուսախաբություն և հիասթափություն նկատվեց: Բայց այն, որ Հայաստանը մինչև հուլիսի 17-ը և դրանից հետո նույն Հայաստանը չէ, դա փաստ է: Հայաստանի ներկայիս վիճակից դուրս գալու առաջին քայլերն արվեցին Սասնա  ծռերի գործողություններով:

-Տևական ժամանակ է, ինչ Հիմնադիր Խորհրդարանի անդամ Գարեգին Չուքազյանը գտնվում է ընդհատակում, վերջին անգամ ե՞րբ եք նրան հանդիպել և ինչի՞ մասին եք զրուցել:

-Վերջին անգամ հուլիսին ենք հանդիպել՝ մինչև Սասնա ծռերի գործողությունը: Նա այն ժամանակ պետք է գնար Շուշի՝ խորհրդաժողովի մասնակցելու: Կարճ խոսել էինք այդ մասին: Այդ ժամանակ նաև Հիմնադիր խորհրդարանն աշխատանքներ էր տանում, որոնք սկսվել էին դեռևս Ժիրայր Սէֆիլյանի կողմից՝ մինչ նրա ձերբակալվելը: Խոսքը վերաբերում է  մտավորականներով և ազնիվ քաղաքական գործիչներով ինչ-որ ֆորումն ձևավորելու մասին խոսակցություններին, ֆորում, որը ոչ միայն քննարկման, այլև գաղափարի շուրջ ակտիվ մասսայի մոբիլիզացման հարթակ կստեղծեր:

-Երբևէ մտածե՞լ եք պայքարը թողնելու մասին:

-Ոչ: Կանգ առնել և անցած ճանապարհը վերլուծել պետք է միշտ, հատկապես նման սուր և կարևոր դեպքերից հետո, բայց դա չի նշանակում, որ դրա արդյունքը պետք է լինի պայքարը դադարեցնելը:

-Ի վերջո,  Հիմնադիր Խորհրդարանին կհաջողվի՞ իշխանափոխություն իրականացնել:

-Նախ ասեմ, որ իշխանափոխությունը նպատակ չէ, այլ միջոց, իսկ նպատակը մեր ժողովրդին արժանի մարդկային և ազգային պետական միավոր ունենալն է: Հաստատապես համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո կմոտենանք մեր երազած Հայաստանը ունենալուն:

-Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում:

-Թող անհամեստություն չթվա, բայց դեռևս 14-15 տարեկանից ինձ համար այս ուղին էի ընտրել՝ առանց իմանալու, թե կոնկրետ ինչ է ինձ սպասվում: Քանի որ Սփյուռքում եմ ծնվել և ապրել այլ իրականության մեջ, իղձերը կապված էին ամբողջական Հայաստանի հետ: Ազգայինը և մարդու արժանապատվության համար պայքարը միշտ միասին եմ դիտարկել եմ և դեռևս փոքր տարիքից գիտեի, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեմ այս արժեքներով եմ առաջնորդվելու:

-Ձեր կյանքից մի հիշարժան դեպք կպատմե՞ք:

-Մոնթե Մելքոնյանի հետ ծանոթանալը և նրա հետ բավականին մտերմանալը ես իմ կյանքի հարստություններից եմ համարում:

-Եթե հնարավորություն ունենայիք, անցյալում ի՞նչ կփոխեիք:

- Իմ հիմնական համոզմունքները չէի փոխի: Երբեմն նայում ենք անցյալին, տեսնում քայլեր, որոնք այդպես չպետք է անեինք, քանզի դրանք ճակատագրական հետևանքներ են ունեցել: Բայց հիմնական իմ ընտրած ուղուց ոչ մի բան չէի փոխի:

 

3 առանձին, մշտական հարցեր

-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:
-Դժվարանում եմ հիշել: Այնպես չէ, որ ես երբևէ այնպիսի բան չեմ արել, որ ինձ ամոթ պատճառի, ուղղակի հիմա չեմ մտաբերում:

-Ո՞րն է Ձեր տված և ստացած ամենալավ նվերը:

-Մայրս եղել է կյանքիս նվերը, թեև ինքն է ինձ լույս աշխարհ բերել: Մոնթեի հետ ընկերությունն է եղել մեծ նվեր: Ինձ համար նվեր էր նաև կինս, որը մոտ մեկ տարի առաջ մահացավ: Նրան ես ավելի ուշ եմ գնահատել, քան պետք էր…

-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ համար այն կօգտագործեիք:

-Կուզենայի, որ բոլոր մարդիկ լինեն այնպիսի գիտակցության տեր, որ ապրեին իրենց կյանքը լիարժեք՝ թե՛ նյութական և թե՛ հոգևոր առումով: Իրականություն կդարձնեի մեր ժողովդրի ազգային իղձերը՝ Հայաստան երկրի ամբողջացումը և հայ ժողովրդի կյանքն իր պատմական հողերի վրա, այդ երկրում որպես ազգ և մարդ արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորությունը: Եթե այս երազանքները ոմանց համար շատ մշուշոտ թվան, առնվազն կա մի երազանք, որի իրականացումը միանգամայն հնարավոր է: Դա այսօրվա Հայաստանը (Արցախը ներառյալ) ինքնիշխան և ներքին ու արտաքին առումներով արժանապատիվ երկիր ու պետություն դարձնելն է: 

Իրականում այդ փայտիկը մեր յուրաքանչյուրի ձեռքում է և մեզնից  է կախված՝ մենք այդ ցանկությունն իրականություն կդարձնենք, թե՞ ոչ: Բոլորս պետք է համոզված լինենք, որ յուրաքանչյուրից աշխատանքից շատ բան է կախված:

 

Նյութը պատրաստեցին

Մարիամ Մելքումյանը

Անուշ Մուրադյանը 

Խաչատուր Կոճիբրոյանը 

 

Լրահոս

Դիտել ավելին