Կարևոր իրադարձություններ

«Ընտրատեղամասերում դիտորդություն կանեք, շատ շնորհակալ կլինենք, բայց ժողովրդին կրթելու մտադրությունը թողեք...»

06 Դեկտեմբեր, 2016 12:33
Հեղինակ՝ Տիգրան Հակոբյան
«Ընտրատեղամասերում դիտորդություն կանեք, շատ շնորհակալ կլինենք, բայց ժողովրդին կրթելու մտադրությունը թողեք...»
Կարծում եմ՝ որպես փոխհատուցում եւ շնորհակալություն մեզ կրթելու պատրաստակամության համար Հայաստանի քաղաքացիներս եւս կրթելու, սովորեցնելու ծրագիր պետք է մշակենք սփյուռքահայ արվեստի գործիչների համար: 
Օրինակ՝ ամբողջ ժողովուրդը կարող է դասընթացներ անցկացնել, թե ինչպես է պետք պայքարել կայսրության դեմ, հաղթել այդ պայքարում, հռչակել եւ կառուցել անկախ պետականություն (88-ին Թատերականի հարթակից սփյուռքահայ արվեստի գործիչների ելույթներ չեմ լսել): Ազատամարիկները կարող են կրթել, թե ինչպես հաղթել պատերազմում առանց կանոնավոր բանակի, թիկունքի, սպառազինության, լուրջ դաշնակիցների (ղարաբաղյան պատերազմում Սփյուռքից եկած 15-20 հոգի էր կռվում): Հայաստանի կանայք անգնահատելի խորհուրդներ կտան, թե ինչպես պատերազմական ցուրտ ու անլույս ձմռան ամիսներին կարելի է կին մնալ, օջախ տաքացնել, երեխա մեծացնել, մաքուր-կոկիկ դպրոց ուղարկել: Ուսուցիչները փորձ կփոխանակեն, թե ինչպես ցուրտ դասասենյակներում, 50-60 դոլար վարձատրության դիմաց մատաղ սերունդ կարելի է կրթել: Գյուղացիները կսովորեցնեն, թե ինչպես առանց տեխնիկայի ու պարարտանյութի կարելի է հող մշակել, բերք հավաքել՝ սահմանային գյուղերում հաճախ ադրբեջանցիների կրակոցների թիրախ լինելով: Ազատատենչ քաղաքացիները կկրթեն, թե ինչպես կարելի է «ձայներ պահել» ընտրատեղամասերում՝ հաճախ բռնությունների ենթարկվելով: Ցուցարարներն ու լրագրողները՝ ինչպես պաշտպանվել մահակի հարվածներից ցույցերը ցրելու ժամանակ: Քաղբանդարկյալները՝ ինչպես պաշտպանվել դատարանում, չկորցնել արժանապատվությունը բանտերում, նրանց ընտանիքները՝ ինչպես գոյատեւել եւ չչարանալ քո երկրի նկատմամբ: Գործարարները դասընթացներ կարող են կազմակերպել, թե ինչպես ապրանք ներկրել պաշարված Հայաստան, «քցվելով» ռուսաստան-վրաստաններում, հայրենի մաքսատներում ու հարկայիններում: Մարտի 1-ի զոհերը, ղարաբաղյան (նաեւ ապրիլյան) պատերազմի նահատակները, ՊՊԾ գնդի ոստիկանները, ցավոք, անձամբ չեն կարող որեւէ բան սովորեցնել եւ կրթել, բայց նրանց սխրանքն է ուսուցանում…
Հայաստանի քաղաքացիների մեծագույն հատվածը 88-ից շատ լավ գիտի ազատության, արդարության, պատասխանատվության, ազնվության արժեքը: Այդ մեծագույն հատվածը վտանգի է ենթարկել սեփական բարեկեցությունը, առողջությունը, կյանքը, իղձերը հանուն այս պետության կայացման: Նույնիսկ այն մարդիկ, որոնք այսօր իրենց ձայնն են վաճառում: Լավ են անում, եթե այլընտրանք նրանց չեն թողել:
Ի սեր Աստծո, մի՛ փորձեք մեզ կրթել: Ազատ ժամանակ կունենաք, ընտրությունների օրերին ձեր արձակուրդը Հայաստանում կանցկացնեք, ընտրատեղամասերում դիտորդություն կանեք եւ շատ շնորհակալ կլինենք ձեզ: Բայց ժողովրդին կրթելու մտադրությունը թողեք...
 

Լրահոս

Դիտել ավելին