Կարևոր իրադարձություններ

Չենք կարող թույլ տալ, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում. մտավորականների բաց-նամակը

28 Հունիս, 2016 14:47
Չենք կարող թույլ տալ, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում. մտավորականների բաց-նամակը

34 մտավորականներ բաց-նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ կապված հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության հետ:

Բաց-նամակում, մասնավորապես, ասվում է.

«Վերջերս ողջ հանրապետությունը ցնցեց Նուբարաշենում կատարված բարբա-րոսական սպանությունը. հարազատ մոր  աչքի առջեւ դաժանորեն սպանվեց ընտանիքի օրինակելի հայր, հողի ազնիվ աշխատավոր, մարդկային բարձր արժանիքներով օժտված մի մարդ՝ Եղիշե Խաչատրյանը: Նա մեր գործընկերոջ՝ Փ. Մեյթիխանյանի ամուսինն էր: Մենք Եղիշեին ճանաչել ենք իբրեւ պարզ, ազնիվ աշխատավորի, մեր հայրենիքի ճակատագրով մտահոգված անկեղծ հայ մարդու:

Ապրիլյան պատերազմի օրերին մեր հասարակությանը համակած միասնականությունը, մարդկային ջերմությունը, սրտացավությունը բոլորիս մեջ կրկին հավատ արթնացրին մեր ժողովրդի ապագայի, մեր երիտասարդության առողջ ուժերի, նրա մարդկային բարձր նկարագրի հանդեպ: Բայց, ցավոք, իրականությունը փաստում է, որ այսօր մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին թշնամու դեմ, որը հաճախ շատ ավելի վտանգավոր է, եւ նրա ներկայությունը ժանտախտի պես վարակում է մեր հասարակությունը բարոյալքման ախտով: Մեր օրերում, երբ հայ զինվորը կյանքի ու մահվան կռիվ է տալիս սահմանին, մենք այստեղ խաղաղ պայմաններում հաճախակի լսում ենք կատարվող բռնարարքների, բարբարոսական սպանությունների, դաժան ծեծերի, խոշտանգումների եւ այլ հանցագործությունների մասին:

Այս ամենը խստորեն անհանգստացնում է մեզ՝ մտավորականներիս, եւ վստահ ենք՝ նաեւ մեր հասարակության ճնշող մեծամասնությանը: Մենք չենք կարող լռել եւ թույլ տալ, որ թափթփուկները եղանակ ստեղծեն մեր երկրում, որ վախի ու ահաբեկման մթնոլորտի պատճառով ազնիվ մարդիկ անգամ վախենան օգնության ձեռք մեկնել տուժողին, որ մեր հասարակության՝ դարերով ձեւավորված արժեհամակարգը այս օրերին գլխիվայր շրջվի:

Եղիշե Խաչատրյանի սպանությունը ցնցեց շատ-շատերին: Նրա մահը միայն իր ընտանիքի խնդիրը չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրի ներկայով եւ ապագայով: Կարծում ենք՝ շատերն են գիտակցում, որ Եղիշե Խաչատրյանի փոխարեն կարող էր լինել իրենցից յուրաքանչյուրը, իսկ դա նշանակում է, որ մեր երկրում լրջորեն վտանգված է քաղաքացու կյանքի ապահովությունը: Հանցագործների եւ զոռբաների անպատժելիության մթնոլորտի առկայությունը, ինչ խոսք, չի կարող չանհանգստացնել իր երկրի եւ ընտանիքի ճակատագրով մտահոգված յուրաքանչյուր քաղաքացու:

Դիմելով ձեզ՝ հույս ենք հայտնում, որ ինչպես Եղիշե Խաչատրյանի սպանության, այնպես էլ այլ ծանր հանցագործությունների անաչառ քննությունը եւ իրական մեղավորների բացահայտումն ու արդարացի պատիժը կնպաստեն մեր հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը եւ թույլ չեն տա, որ իրական ոճրագործներն իրենց զգան ազատ ու անպատժելի»:

Հիշեցնենք, որ 2016թ․ հունիսի 4-ին, ժամը 23։00-ի սահմաններում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են:

Ի դեպ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները մահացել են:

Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն երեք տարի անց համաներումով ազատ է արձակվել:

Բաց նամակը ստորագրել են.

1. Մելքոնյան Աշոտ Աղասու, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր

2. Գասպարյան Սեդա Քերոբի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր

3. Մաթեւոսյան Լիաննա Բենիամինի, ՌԴ ԲԱ թղթակից անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր

4. Մելիքյան Գուրգեն Վրեժի, բ.գ.թ., պրոֆեսոր

5. Ավագյան Արծրուն Աբգարի, բ.գ.դ., պրոֆեսոր

6. Հովսեփյան Լիանա Սամվելի, բ.գ.դ., պրոֆեսոր

7. Աբաջյան Աննա Հենրիկի, բ.գ.դ., պրոֆեսոր

8. Կարապետյան Կարո Մնացականի, մ.գ.թ., պրոֆեսոր

9. Առաքելյան Արա Հրաչիկի, բ.գ.դ., պրոֆեսոր

10. Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի, բ.գ.դ., պրոֆեսոր

11. Հովսեփյան Մուշեղ Մայիսի, բ.գ.դ., պրոֆեսոր

12. Կարապետյան Իգոր Կարապետի, մ.գ.դ., պրոֆեսոր

13. Հարությունյան Համլետ Մալխասի, պ.գ.դ.

14. Խառատյան Ալբերտ Արմենակի, պ.գ.դ.

15. Խուդինյան Գեւորգ Սարգսի, պ.գ.դ.

16. Սահակյան Ռուբեն Օնիկի, պ.գ.դ.

17. Դանիելյան Էդվարդ Լիպարիտի, պ.գ.դ.

18. Սաֆարյան Ալեքսանդր Վիլենի, պ.գ.թ., պրոֆեսոր

19. Ջրբաշյան Աշխեն Էդվարդի, բ.գ.թ., դոցենտ

20. Պետրոսյան Վարդան Զորիկի, բ.գ.թ., դոցենտ

21. Բաղդասարյան Հասմիկ Գրիգորի, բ.գ.թ., դոցենտ

22. Հայրապետյան Աշոտ Պուշկինի, բ.գ.թ., դոցենտ

23. Չալըմյան Նուբար Տրդատի, պ.գ.թ., դոցենտ

24. Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի, բ.գ.թ., դոցենտ

25. Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի, բ.գ.թ., դոցենտ

26. Սաղաթելյան Ռիտա Գուրգենի, բ.գ.թ., դոցենտ

27. Ափինյան Աբգար Գեւորգի, բ.գ.թ., դոցենտ

28. Հարությունյան Զավեն Հրանտի, մ. գ. թ., դոցենտ

29. Խոսրոեւա Անահիտ Ռազմիկի, պ.գ.թ.

30. Կարապետյան Արմեն Հովակիմի, պ.գ.թ.

31. Մուրադյան Հակոբ Ղարիբի, պ.գ.թ., դոցենտ

32. Ամիրջանյան Հասմիկ Հովիկի, պ.գ.թ.

33. Ավագյան Վաչագան Վարազդատի, բ.գ.թ., դոցենտ

34. Եղիազարյան Ալինա Վահրիճի, մ. գ. թ., դոցենտ

 

Լրահոս

Դիտել ավելին