Կարևոր իրադարձություններ

Փորձում էին մեկ բաժակ ջրում փոթորիկ անել. Զոհրաբյանը՝ «Համախմբում» կուսակցության հետ հարաբերությունների մասին

26 Մայիս, 2016 20:00
Փորձում էին մեկ բաժակ ջրում փոթորիկ անել. Զոհրաբյանը՝ «Համախմբում» կուսակցության հետ հարաբերությունների մասին

Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը շարունակում է իր շուրջը համախմբել բոլոր այն անկուսակցականներին, ովքեր 2017թ.-ի ընտրություններին մասնակցելու համար ապահով տանիք են փնտրում: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Օսկանյանը փորձում է իր կողմը ներքաշել նաև այն ԲՀԿ-ականներին, ովքեր լքել են իրենց կուսակցությունը ինչ-ինչ պատճառներով, սա ըստ հրապարակումների՝ զայրացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին: Վարդան Օսկանյանի քայլերի, ԲՀԿ-ականների վերադարձի և ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, շրջանառող տեղեկությունների համաձայն Վարդան Օսկանյանի կատարած քայլերը Ձեզ զայրացրել են: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս լուրերը:

-Տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Որոշ կուսակցություններ փորձում են մեր տարածքային կառույցների, պատգամավորների հետ ինչ-ինչ բանակցություններ վարել հասկանալով, որ ԲՀԿ-ն իսկապես լուրջ ռեսուրս ունի: Իհարկե իրենց մոտիվացիան բացարձակապես հասկանալի չէ և չի էլ հետաքրքրում, բայց Համախմբումը այդ կուսակցությունների մեջ չկա: «Համախմբում» քաղաքական ուժի հետ մենք ունենք նորմալ աշխատանքային հարաբերություններ և ես հստակ հասկանում եմ, թե ինչու է հատուկ շեշտվում «Համախմբումը»՝ պղտոր ջրում ձուկ որսալու համար: Ում նկատի ունեմ, տվյալ ուժի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ ես խոսել եմ, խնդիրը պարզաբանված և փակված է: Սա ինձ հիշեցնում է՝ մեկ բաժակ ջրում փոթորիկ անելու փորձը, ինչը չի ստացվել:

-2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների շեմին շատ անկուսակցական պատգամավորներ փորձում են որևէ քաղաքական ուժի անդամագրվել: Եղել են դեպքեր, որ ԲՀԿ-ից դուրս եկածները դիմել են Ձեզ՝ վերադառնալու համար:

-Ես բացարձակ կոռեկտ չեմ համարի՝ մեր ներկուսակցական ներքին խոհանոցը, քննարկեմ մամուլով: 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին նման հարցերին անդրադառնալու համար բավականաչափ ժամանակ կա, բոլորս էլ հասկանում ենք, որ աշնանը քաղաքական ուժերը կմտնեն ընտրական  փուլ, որի մեկնարկն այս անգամ երևի  թե հասկանալի պատճառներով ավելի վաղ կտրվի, բայց ես կրկնում եմ՝ մենք հստակ աշխատելաոճ ենք որդեգրել՝  ներքին խնդիրները չքննարկել մամուլի հետ և չդարձնել հրապարակային քննարկման առարկա: Մենք հասկանում ենք, որ ինչքան մոտենում ենք ընտրական գործընթացներին, այնքան շատ են լինելու ինտրիգները, մտացածին վարկածներ, կանխատեսումներ, քաղաքագետների վերլուծություններ, անհաջող սոցիոլոգների հարցումներ, բայց ԲՀԿ-ն ունի հստակ օրակարգ և որևէ մեկը չի կարողանալու պրովոկացիաների ենթարկել և շեղել մեզ մեր հիմնական գործից:

Մեր օրակարգում կա սեպտեմբերի ՏԻՄ ընտրությունները, որտեղ մենք մեծ ծավալով առաջադրելու ենք՝ թե՛ քաղաքապետերի, թե՛ գյուղապետերի, ավագանիների: ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական ուժերն արդեն անցում կկատարեն խորհրդարանական ընտրություններին:

-Նախօրեին հրապարակում կար, որ Դուք արդեն հստակ որոշել եք, թե ով է լինելու Գյումրիում Ձեր թեկնածուն:

-Տեղեկատվությունն ինչպես միշտ չի համապատասխանում իրականությանը: Մենք Գյումրիում, Վանաձորում, Կապանում, բազմաթիվ այլ քաղաքներում առաջադրելու ենք մեր թեկնածուներին: Թե կոնկրետ Գյումրիում ով կգլխավորի մեր համամասնական ցուցակը, դեռևս քննարկումների փուլում են: Շիրակի մեր կառույցի ղեկավար Արմեն Բադեյանին հանձնարարված է կազմել համամասնական ցուցակ՝ քաղաքի խնդիրների ծանոթ, հանրային հեղինակություն վայելող գործիչներից: Ես ինքս, որպես կուսակցության ղեկավար մեկ – երկու անգամ հանդիպել եմ ավագանիների ցուցակի մեր ներկայացուցիչների հետ: Վերջնական որոշումը Գյումրիի և Վանաձորի մասով մենք կկայացնենք առաջիկայում:

Նախնական որոշում կա առաջին հնգյակի վերաբերյալ, բայց ես այս պահին չեմ ցանկանում հրապարակել: Մենք առաջնորդվելու ենք ժողովրդավարական կուսակցության մոդելով, բոլոր տարածքային կառույցներում հանձնարարված է ռեյտինգային կքվեարկություն անել՝ պոտենցիալ թեկնածուների միջև և կորոշվի համասնական ցուցակի առաջնահերթությունը Գյումրիում և Վանաձորում, իսկ մնացյալ տեղերում տարածքային կառույցը կորոշի այն թեկնածուին, որը կառաջադրվի գյուղապետ և ավագանի: Կարծում եմ, որ սա  ճիշտ և ազնիվ ճանապարհ է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին