«Երբ ունենալով 15 ձայն, մանիպուլյացիաների, ներդրված գործակալների կամ ճնշումների միջոցով գաղտագողի ապահովում են 19 ձայն, ապա այդ մեծամասնությունը պետք է դրսևորվի նաև նիստերի ժամանակ,- Shabat.am-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ արձագանքելով Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամների կողմից ավագանու նիստերը բոյկոտելու միջոցով ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած անդմաներին պարզելու փորձերին:- Իշխող կոալիցիան՝ ՀՀԿ-ն և Դաշնակցությունը, չունենալով ձայների կեսից ավելին, չեն կարող ավագանու որոշումները միայնակ ընդունել» ,- նկատում է Սաքունցը:
Ըստ իրավապաշտպանի՝ ընդդիմադիր ուժերի միջև կնքված հուշագրով նախատեսված պայմանավորվածությամբ չքվեարկելու փաստը լուրջ մտահոգությունների տեղիք պետք է տա կուսակցություններին: Սաքունցի կարծիքով դրանից կախված, թե քվեարկությանը մասնակցած կուսակցությունները որպես քաղաքական միավոր գոյություն ունե՞ն, թե՞ ոչ. «Կարևոր է հասկանալ, թե այս կամ այն կուսակցությունը որքանով ունի համարժեք ռեսուրս, որպեսզի ապահովի իր ստորագրած համաձայնագրի իրականացումը: Նկատենք, որ ստորագրել էին ոչ միայն կուսակցության ղեկավարներն, այլև ավագանու բոլոր անդամները:
Քաղաքական աճպարարության բացահայտման այս քայլը, որը բոյկոտի միջոցով է արվելու, միաժամանակ լուրջ մարտահրավեր է քաղաքապետի ոչ լեգիտիմ ընտրության փաստը արձանագրելու և ցույց տալու, թե շարունակվելու՞ է արդյոք մանիպուլյացիաներով կառավարումը:
«Հանրապետական կուսակցությունը փորձում է Պյուռոսյան հաղթանակները կեղծ ժողովրդավարության դիմակի ներքո հրամցնել որպես ժողովրդավարական վարքագիծ: Դա կատարյալ ցինիզմ է, որի հեղինակը Հանրապետական կուսակցությունն է, և որի դիմակը պատռվեց Վանաձորի ավագանու նիստի ժամանակ՝ քաղաքապետի ընտրությունների արդյունքներով»,-հավելում է Սաքունցը :