Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարի կարծիքը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին. «Շաբաթի հյուրը» Վարդան Արամյանն է (լուսանկարներ)

20 Նոյեմբեր, 2016 14:23
Ֆինանսների նախարարի կարծիքը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին. «Շաբաթի հյուրը» Վարդան Արամյանն է (լուսանկարներ)

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը, որն   այս անգամ անցկացրել ենք Ծաղկաձորում, հյուրընկալելով՝ Հայաստանի Հանրապետության Ֆինասների նախարար Վարդան Արամյանին և իր ընտանիքին: Նախարար Արամյանը  Ծաղկաձորում կազմակերպել էր նաև սեմինար-քննարկում: 

-Պարո՛ն Արամյան, Դուք տարիներ շարունակ բավականին բարձր պետական պաշտոններ եք զբաղեցրել, Ձեր հայրը՝ դատավոր Սարիբեկ Արամյանը, ինչպիսի՞ դերակատարում է ունեցել Ձեր կյանքում:

- Գիտեք, հայր՛ս, երկու կարևոր ազդակ է ինձ տվել: Առաջինը՝  որակյալ  կրթություն և լավ աշխատանք ունենալն է, իսկ մյուսը՝ պատասխանատվության զգացումը սեփական արարքների նկատմամբ:  Հիշում եմ, երբ երիտասարդ էի , պետավտոտեսուչը ավտոմեքենան կանգնեցրեց, ես սկսեցի բանավիճել, ինձ ասացին, որ պետք է մեքենան տանեն տուգանային հրապարակ: Կապ հաստատեցի հայրիկիս հետ, հետո նա խոսեց պետավտոտեսուչի հետ, րոպեներ անց պետավտոտեսուչը նստեց  մեքենայի ղեկին ու այն տարավ տուգանային հրապարակ:

Հայրս ավտոտեսուչին ասել էր, որ նա պարտավոր է կատարել իր պաշտոնական պարտականությունները, եթե խախտում եմ  կատարել: Հասկացա, որ արարքներիս համար ես պետք է պատասխանատու լինեմ, և դա կարելի է ասել ինձ համար դաս եղավ:  

-Երիտասարդ տարիներին ի՞նչ խորհուրդ է տվել Ձեր հայրը, որը մինչ այսօր  հիշում եք:

-Ես դպրոցական տարիներին գերազանց էի սովորում, միևնույն ժամանակ սպորտով էի զբաղվում: Մեր բակում կային տղաներ, ովքեր փորձում էին ինչ-որ կերպ օգնել իրենց ընտանիքի անդամներին: Մեր ընտանիքը ճիշտ է չուներ այդ խնդիրը, բայց ես ընկերներիս հետ որոշեցի  փոքրիկ բիզնես սկսել:Հայրս այդ մասին տեղյակ չէր, բայց երբ իմացավ հորդորեց, որ աշխատեմ և իմ գումարը վաստակեմ, որ հասկանամ, թե ինչքան դժվար է գումար վաստակելը: Այդ ընթացքում ես իհարկե վնասներ կրեցի, բայց հայրս ինձ չէր օգնում:Հետագայում հասկացա, որ դա է ճիշտը, և ինքս պետք է իմ հարցերը լուծեմ:

 

 -Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ իմացաք, որ նախարար եք դառնալու:

 -Պետք է անկեղծ ասեմ՝ իմ կյանքի նպատակը կամ երազանքը երբեք չի եղել նախարարի պաշտոն զբաղեցնելը: Այդուհանդերձ, հորս խորհուրդներից մեկն էլ այն է  եղել, որ ինչ-որ կերպ փորձեմ մեր երկրին օգտակար լինեմ, անկախ նրանից թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ՝ նախարար կլինեմ, թե այլ աշխատակից:

 

-Գործադիր մարմնում  կան մարդիկ, որոնց հետ բացի աշխատանքային հարաբերություններից նաև ընկերներ եք: Ովքե՞ր են նրանք:

- Բնականաբար, կան  քանի որ ես կառավարման համակարգում նոր մարդ չեմ , ավելին ՝իմ աշխատանքային միջավայրը չի սահմանափակվել մեկ գերատեսչությամբ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ մենք լավ ընկերներ ենք դեռ մանկուց, նույն բակում ենք մեծացել, հետագայում  էլ Վաչե Գաբրիելյանի կնոջ հետ մենք միասին սովորել ենք,  նաեւ ընտանիքներով ենք մտերմացել: 

- Ձեր անմիջական ղեկավար Կարեն Կարապետյանը տարբերվու՞մ է նախկին Ձեր ղեկավարներից, ըստ Ձեզ իրականում նա այնպիսին է, ինչպիսին մենք նրան տեսնում ենք Էկրանի վրա:

 -Յուրաքանչյուր ղեկավար ունի իր սկզբունքներն ու մոտեցումները: Ես երկար ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ և համոզված եմ , որ նա երկիրը սիրում է, նա անձնավորություն է, ով պատերազմի միջով է անցել՝ հասկանում  է այն խնդիրները, որոնք ունի մեր պետությունը:

Կարեն Կարապետյանի հետ մենք կարճ ժամանակ է ինչ աշխատում ենք, բայց կարող եմ ասել, որ շատ պրագմատիկ և պրակտիկ մարդ է, փորձում է շատ արագ խնդիրները հասկանալ և նույնքան արագ էլ լուծումներ  գտնել: Ժամանակը չի սպասում, կյանքը ցույց է տալիս, որ ժամանակը թանկ հաճույք է: Կարծում եմ, որ նրա մոտ ժամանակի զգացողությունը շատ ուժեղ է:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին Ֆինանսների նախարարի պաշտոնը:

 -Ինձ համար դա անակնկալ էր, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանն ինձ առաջարկեցին ֆինանսների նախարարի պաշտոնը, որովհետև մինչև այդ առաջարկը այդօրինակ խոսակցություններ չէին եղել :

Առաջարկից հետո իմ աչքի առաջ կարմիր թելով անցան այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն:

Եթե իրականում ցանկանում ենք ինչ-որ բան փոխել, ապա առաջինը պետք է սկսենք ինքներս մեզանից, մեր վարքագծից. պատասխանատվությունն այս դեպքում  առաջնայինն է :

 -Ձեզ ընդգրկել ենք Շաբաթի քաղաքական կոմիքսներում, նեղացե՞լ եք մեր հումորներից:

 -Անկեղծ պետք է լինեմ, երբեք նման հումորներից չեմ նեղանում:

 

(խմբ. Շաբաթի քաղաքական նոր կոմիքսները տեսնելուց հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մի քանի վարկյան լիաթոք ծիծաղեց)

 

- Եթե Դուք լինեիք վարչապետ, ո՞ր առաջնահերթ խնդիրները կլուծեիք երկիրը ոտքի կանգնացնելու համար:

-Վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք վարչապետն առաջնահերթ է համարում, ես ևս այդպես կվարվեի:

 - Հայաստանում ո՞ր վայրն եք ամենից շատը սիրում, որտե՞ղ կարելի է Ձեզ հաճախ տեսնել:

 - Քաղաքից դուրս նախընտրում եմ Սևանա լիճը՝ ընտանիքով հաճախ ենք գնում ու նստում Սևանի ափին: 

-Ի՞նչը կամ ովքե՞ր կարող են Ձեզ նյարդայնացնել:

 - Ինձ շատ է նյարդայնացնում անարդարությունն ու սուտը:

-Խի՞ստ եք Ձեր ենթակաների նկատմամբ:

 -Ես չէի ասի, որ աշխատանքային հարաբերություններում ես նրանց հետ  ոչ օրինաչափ եմ կամ՝ չափից ավելի խիստ, բայց աշխատանքի նկատմամբ պահանջկոտ եմ: Միաժամանակ, ինձ հոգեհարազատ է թիմային մոտեցումը: Աշխարհում կառավարման երկու մոդել գոյություն ունի: Մեկը ղեկավարի այն մոդելն է, երբ դու պարտադրում ես ամեն ինչ՝ առանց դիմացինիդ առաջնորդելու, իսկ վերջում հաջողության դեպքում այն վերագրում ես քո անձին: Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը, երբ այն ինչ արվում է ՝ դա մեր բոլորինն է, լինի հաջողություն, թե թերացում:

 Այսօր մեր թիմին միացել են մարդիկ, որոնք մասնավոր հատվածում 2-3 անգամ, ավելի բարձր աշխատավարձ կարող են վաստակել: Սակայն նրանք միացել են մեր թիմին, քանի որ հասկացել են՝ կան խնդիրներ, որոնք թիմային կերպով պետք է լուծվեն և դա բոլորիս խնդիրն է:

-Ինչպե՞ս և որտե՞ղ եք անցկացնում Ձեր հանգստյան օրերը:

 -Ես իսկապես շատ ժամանակ եմ տրամադրում աշխատանքին, այլկերպ չեմ կարող: Իհարկե, եթե ժամանակ գտնում եմ  աշխատում եմ այն անցկացնել ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ :

-Ի՞նչ էինք երազում դառնալ մանուկ հասակում:

-Հետաքրքիրն այն է, որ հայրս իրավաբան է եղել, այդ մասնագիտությունն ինձ որոշ չափով գայթակղել է, բայց հետագայում տնտեսագիտությունը հարազատ դարձավ: Մեր ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ կինս, իրավաբան են: Ես հաճախ եմ  կնոջս հետ իրավական հարցեր խորհրդակցում, բայց տնտեսագիտությունն ավելի եմ նախընտրում : 

 

 

-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

-Կնոջս՝ Բելլայի հետ ծանոթացել եմ մեր ընդհանուր ընկերոջ միջոցով, ինձ միշտ գայթակղել են այն աղջիկները, որոնք կանացի և առաքինի լինելուց բացի նաև բանիմաց են, ունեն հետաքրքիր մտածելակերպ: Առաջին անգամ Բելլայի հետ ծանոթացել եմ որպես իրավախորհրդատու: Շփման ընթացքում հասկացա, որ Բելլան այն աղջիկն է, որին ես փնտրել եմ: 

3 առանձին մշտական հարցեր
 
-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:
 - Ամենամեծ ամոթի զգացումն ապրել եմ այն ժամանակ, երբ ձյուդոյի մրցումների ժամանակ չլսեցի մարզիչիս խորհուրդները և պարտվեցի:
 
 
 
-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել եք և որ ստացել եք:
-Ամենալավ նվերը ես ստանում եմ իմ կնոջից, դա նրա ջերմությունն է, իսկ ամենալավ նվերը, որը փոխանցել եմ՝ երևի թե տվել եմ ծնողներիս, դա իմ կատարած աշխատանքն է և այն ամենը ինչին հասել եմ:
 
 
 
 
-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ համար այն կօգտագործեիք:
-Կցանկանայի, որ մեր երկիրը լիներ այնպիսին, որ իմ տղան ամեն անգամ հպարտանար, որ ամենահզոր երկրում է ապրում:
 
 
 
 
Նյութը պատրաստեցին՝ 
 
Մարիամ Մելքումյանը
Անուշ Մուրադյանը 
Խաչատուր Կոճիբրոյանը 

 

 

Լրահոս

Դիտել ավելին