Կարևոր իրադարձություններ

Ֆինանսների նախարարի կարծիքը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին. Շաբաթի հյուրը Վարդան Արամյանն է

10 Նոյեմբեր, 2016 16:00
Ֆինանսների նախարարի կարծիքը Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի մասին. Շաբաթի հյուրը Վարդան Արամյանն է

Shabat.am-ը շարունակում է իր  «Շաբաթի հյուրը» ծրագիրը, որն   այս անգամ անցկացրել ենք Ծաղկաձորում, հյուրընկալելով՝ Հայաստանի Հանրապետության Ֆինասների նախարար Վարդան Արամյանին և իր ընտանիքին: Նախարար Արամյանը  Ծաղկաձորում կազմակերպել էր նաև սեմինար-քննարկում: 

-Պարո՛ն Արամյան, Դուք տարիներ շարունակ բավականին բարձր պետական պաշտոններ եք զբաղեցրել, Ձեր հայրը՝ դատավոր Սարիբեկ Արամյանը ինչպիսի՞ դերակատարում է ունեցել Ձեր կյանքում:

- Գիտեք, հայրս երկու կարևոր ազդակ է ինձ տվել: Առաջինը՝  որակյալ  կրթություն և լավ աշխատանք ունենալն է, իսկ մյուսը՝ պատասխանատվության զգացումը սեփական արարքների նկատմամբ:  Հիշում եմ, երբ երիտասարդ էի , պետավտոտեսուչը ավտոմեքենան կանգնեցրեց, ես սկսեցի բանավիճել, ինձ ասացին, որ պետք է մեքենան տանեն տուգանային հրապարակ: Կապ հաստատեցի հայրիկիս հետ, հետո նա խոսեց պետավտոտեսուչի հետ, րոպեներ անց պետավտոտեսուչը նստեց  մեքենայի ղեկին ու այն տարավ տուգանային հրապարակ:

Հայրս ավտոտեսուչին ասել էր, որ նա պարտավոր է կատարել իր պաշտոնական պարտականությունները, եթե խախտում եմ  կատարել: Հասկացա, որ արարքներիս համար ես պետք է պատասխանատու լինեմ և դա կարելի է ասել ինձ համար դաս եղավ:  

-Երիտասարդ տարիներին ի՞նչ խորհուրդ է տվել Ձեր հայրը, որը մինչ այսօր  հիշում եք:

-Ես դպրոցական տարիներին գերազանց էի սովորում, միևնույն ժամանակ սպորտով էի զբաղվում: Մեր բակում կային տղաներ, ովքեր փորձում էին ինչ որ կերպ օգնել իրենց ընտանիքի անդամներին: Մեր ընտանիքը ճիշտ է չուներ այդ խնդիրը, բայց ես ընկերներիս հետ որոշեցի ինչ-որ փոքրիկ բիզնես սկսել:Հայրս այդ մասին տեղյակ չէր, բայց երբ իմացավ, հորդորեց, որ աշխատեմ և իմ գումարը վաստակեմ, որ հասկանամ, թե ինչքան դժվար է գումար վաստակելը: Այդ ընթացքում ես իհարկե վնասներ կրեցի, բայց հայրս ինձ չէր օգնում:Հետագայում հասկացա, որ դա է ճիշտը և ինքս պետք է իմ հարցերը լուծեմ:

 

 -Ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ իմացաք, որ նախարար եք դառնալու:

 -Պետք է անկեղծ ասեմ՝ իմ կյանքի նպատակը կամ երազանքը երբեք չի եղել նախարարի պաշտոն զբաղեցնելը: Այդուհանդերձ, հորս խորհուրդներից մեկն էլ այն է  եղել, որ ինչ-որ կերպ փորձեմ մեր երկրին օգտակար լինեմ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ՝ նախարար կլինեմ, թե այլ աշխատակից:

 

-Գործադիր մարմնում  կան մարդիկ, որոնց հետ բացի աշխատանքային հարաբերություններից նաև ընկերներ եք: Ովքե՞ր են նրանք:

- Բնականաբար, կան ՝ քանի որ ես կառավարման համակարգում նոր մարդ չեմ , ավելին ՝իմ աշխատանքային միջավայրը չի սահմանափակվել մեկ գերատեսչությամբ, իսկ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ մենք լավ ընկերներ ենք դեռ մանկուց , նույն բակում ենք մեծացել , հետագայում  էլ Վաչե Գաբրիելյանի կնոջ հետ մենք միասին սովորել ենք ,  նաեւ ընտանիքներով ենք մտերմացել: 

- Ձեր անմիջական ղեկավար Կարեն Կարապետյանը տարբերվու՞մ է նախկին Ձեր ղեկավարներից, ըստ Ձեզ իրականում նա այնպիսին է, ինչպիսին մենք նրան տեսնում ենք Էկրանի վրա:

 -Յուրաքանչյուր ղեկավար ունի իր սկզբունքներն ու մոտեցումները: Ես երկար ժամանակ աշխատել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ և համոզված եմ , որ նա երկիրը սիրում է, նա անձնավորություն է, ով պատերազմի միջով է անցել, հասկանում  է այն խնդիրները, որոնք ունի մեր պետությունը:

Կարեն Կարապետյանի հետ մենք կարճ ժամանակ է, ինչ աշխատում ենք, բայց կարող եմ ասել, որ շատ պրագմատիկ և պրակտիկ մարդ է, փորձում է շատ արագ խնդիրները հասկանալ և նույնքան արագ էլ լուծումներ  գտնել: Ժամանակը չի սպասում, կյանքը ցույց է տալիս, որ ժամանակը թանկ հաճույք է: Կարծում եմ, որ նրա մոտ ժամանակի զգացողությունը շատ ուժեղ է:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ առաջարկեցին Ֆինանսների նախարարի պաշտոնը:

 -Ինձ համար դա անակնկալ էր, երբ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանն ինձ առաջարկեցին ֆինանսների նախարարի պաշտոնը, որովհետև մինչև այդ առաջարկը այդօրինակ խոսակցություններ չէին եղել :

Առաջարկից հետո, իմ աչքի առաջ կարմիր թելով անցան այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեն:

Եթե իրականում ցանկանում ենք ինչ որ բան փոխել, ապա առաջինը պետք է սկսենք ինքներս մեզանից, մեր վարքագծից. պատասխանատվությունն այս դեպքում ՝ առաջնայինն է :

 -Ձեզ ընդգրկել ենք Շաբաթի քաղաքական կոմիքսներում, նեղացե՞լ եք մեր հումորներից:

 -Անկեղծ պետք է լինեմ, երբեք նման հումորներից չեմ նեղանում:

 

(խմբ. Շաբաթի քաղաքական նոր կոմիքսները տեսնելուց հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մի քանի վարկյան լիաթոք ծիծաղեց)

 

- Եթե Դուք լինեիք վարչապետ, ո՞ր առաջնահերթ խնդիրները կլուծեիք երկիրը ոտքի կանգնացնելու համար:

-Վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք վարչապետն առաջնահերթ է համարում, ես ևս այդպես կվարվեի:

 - Հայաստանում ո՞ր վայրն եք ամենից շատը սիրում, որտե՞ղ կարելի է Ձեզ հաճախ տեսնել:

 - Քաղաքից դուրս, նախընտրում եմ Սևանա լիճը, ընտանիքով հաճախ ենք գնում ու նստում Սևանի ափին: 

-Ի՞նչը կամ ովքե՞ր կարող են Ձեզ նյարդայնացնել:

 - Ինձ շատ է նյարդայնացնում անարդարությունն ու սուտը:

-Խի՞ստ եք Ձեր ենթակաների նկատմամբ:

 -Ես չէի ասի, որ աշխատանքային հարաբերություններում ես նրանց հետ  ոչ օրինաչափ եմ կամ՝ չափից ավելի խիստ, բայց աշխատանքի նկատմամբ պահանջկոտ եմ: Միաժամանակ, ինձ հոգեհարազատ է թիմային մոտեցումը: Աշխարհում կառավարման երկու մոդել գոյություն ունի: Մեկը ղեկավարի այն մոդելն է, երբ դու պարտադրում ես ամեն ինչ՝ առանց դիմացինիդ առաջնորդելու, իսկ վերջում հաջողության դեպքում այն վերագրում ես քո անձին: Ես նախընտրում եմ երկրորդ տարբերակը, երբ այն ինչ արվում է ՝ դա մեր բոլորինն է, լինի հաջողություն, թե թերացում:

 Այսօր մեր թիմին միացել են մարդիկ, որոնք մասնավոր հատվածում 2-3 անգամ, ավելի բարձր աշխատավարձ կարող են վաստակել: Սակայն նրանք միացել են մեր թիմին, քանի որ հասկացել են՝ կան խնդիրներ, որոնք թիմային կերպով պետք է լուծվեն և դա բոլորիս խնդիրն է:

-Ինչպե՞ս և որտե՞ղ եք անցկացնում Ձեր հանգստյան օրերը:

 -Ես իսկապես շատ ժամանակ եմ տրամադրում աշխատանքին, այլկերպ ՝չեմ կարող: Իհարկե, եթե ժամանակ գտնում եմ  աշխատում եմ այն անցկացնել ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ :

-Ի՞նչ էինք երազում դառնալ մանուկ հասակում:

-Հետաքրքիրն այն է, որ հայրս իրավաբան է եղել, այդ մասնագիտությունն ինձ որոշ չափով գայթակղել է, բայց հետագայում տնտեսագիտությունը հարազատ դարձավ: Մեր ամբողջ ընտանիքը, այդ թվում՝ կինս, իրավաբան են: Ես հաճախ եմ  կնոջս հետ իրավական հարցեր խորհրդակցում, բայց տնտեսագիտությունն ավելի եմ նախընտրում : 

 

 

-Ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

-Կնոջս՝ Բելլայի հետ ծանոթացել եմ մեր ընդհանուր ընկերոջ միջոցով, ինձ միշտ գայթակղել են այն աղջիկները, որոնք կանացի և առաքինի լինելուց բացի նաև բանիմաց են, ունեն հետաքրքիր մտածելակերպ: Առաջին անգամ Բելլայի հետ ծանոթացել եմ որպես իրավախորհրդատու; Շփման ընթացքում հասկացա, որ Բելլան այն աղջիկն է, որին ես փնտրել եմ: 

3 առանձին մշտական հարցեր
 
-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:
 - Ամենամեծ ամոթի զգացումն ապրել եմ այն ժամանակ, երբ ձյուդոյի մրցումների ժամանակ չլսեցի մարզիչիս խորհուրդները և պարտվեցի:
 
 
 
-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել եք և որ ստացել եք:
-Ամենալավ նվերը ես ստանում եմ իմ կնոջից, դա նրա ջերմությունն է, իսկ ամենալավ նվերը, որը փոխանցել եմ՝ երևի թե տվել եմ ծնողներիս, դա իմ կատարած աշխատանքն է և այն ամենը ինչին հասել եմ:
 
 
 
 
-Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ վրա այն կօգտագործեիք:
-Կցանկանայի, որ մեր երկիրը լիներ այնպիսին, որ իմ տղան ամեն անգամ հպարտանար, որ ամենահզոր երկրում է ապրում:
 
 
 
 
Նյութը պատրաստեցին՝ 
 
Մարիամ Մելքումյանը
Անուշ Մուրադյանը 
Խաչատուր Կոճիբրոյանը 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին