Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    482

  • EUR

    533,5
    541,5

  • RUB

    7,93
    8,18

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ամենալավ նվերը հորս հետ վերջին խոսակցությունն էր. Շաբաթի հյուրը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն է (ֆոտոշարք)

30 Հոկտեմբեր, 2016 14:21
Ամենալավ նվերը հորս հետ վերջին խոսակցությունն էր. Շաբաթի հյուրը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն է (ֆոտոշարք)

Շաբաթի հյուրը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն է, ով հարցազրույցին մասնակցել է ամենամոտ ընկերներից երկուսի՝  Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի և իր խորհրդական՝ Վլադիմիր Հովհաննիսյանի հետ: 

-Դուք ավարտել եք բժշկական համալսարանը՝ ստոմատոլոգի մասնագիտացմամբ: Այդ մասնագիտությամբ աշխատե՞լ եք:

 -Մոտ երկու տարի աշխատել եմ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Եղել եմ օրթոպեդ-ստոմատոլոգ: Դասավանդել եմ Երևանի պետական բժշկական համալսարանում: Աշխատել եմ իմ մասնագիտությամբ, սակայն իմ կյանքում սպորտը միշտ գերակա դիրքում է եղել: Բժշկական համալսարան ընդունվել եմ 1998թ.: Այդ ժամանակ սպորտսմեններն ամսական 20-30 դոլար աշխատավարձ էին ստանում: Եթե աշխարհի չեմպիոնը հարյուր դոլար էր ստանում, ապա այդ գումարը կիսվում էր փոխչեմպիոնի հետ: Հետևաբար ոչ չեմպիոնի համար հեռանկար չկար, և ես ծնողներիս հորդորով ընտրեցի բժշկի մասնագիտությունը:

- ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը երկրորդ անգամ եք ստանձնում: Այս երկրորդ նշանակումը Ձեզ մոտ ի՞նչ զգացողություններ առաջացրեց:

 -Նախ և առաջ տարիքային տարբերությունը մեծ նշանակություն ունի: Երբ առաջին անգամ նշանակվեցի 31 տարեկան էի, և թե՛զգացողություններս, թե՛ հոգեվիճակս լրիվ այլ էին: Երկրորդ անգամ գիտեի՝ ուր եմ գալիս, և ինչպիսի պատասխանատվություն է դա ենթադրում: Միանգամից պատկերցնում ես, որ նախարար լինելը միայն ինչ-որ կարգավիճակ կամ առավելություն չէ, այլ լուրջ պարտականություն:

-Նախարարությունում կայի՞ն մարդիկ, ովքեր Ձեր առաջին պաշտոնանկությունից հետո Ձեզ սկսեցին վատ վերաբերվել և հիմա վախով սպասում են, որ վրեժ կլուծեք:

 -Զգացվում է, որ դուք ինձ ընդհանրապես չեք ճանաչում /ժպտում է/: Երբ ես հեռացա նախարարությունից մի շարք աշխատակիցներ ինձ հետ հեռացան: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ մեկին չեմ ասել, որ լքեն նախարարությունը: Մոտ տասնութ մարդիկ հեռացան նախարարությունից: Ինչ վերաբերում է մյուսներին՝  ես փոփոխություն չէի զգում: Ես հեռացա նախարարությունից, սակայն շարունակեցի մնալ ՀԱՕԿ-ի քարտուղար և որևէ խնդիր կամ որևէ փոփոխություն չկար: Ուստի մարդկանց հետ էլ խնդիրներ չկային:

Ես շատ հստակորեն տարանջատում եմ ընկերությունը և աշխատանքը: Հնարավոր է, որ ես շփվեմ մի մարդու հետ, ում մարդկային որակներն ինձ դուր չգան և չընդունեմ նրան անձնապես, բայց ես փորձում եմ հաշվի առնել նրա նաև դրական կողմերը: Ղեկավարի առաքելությունը դիմացինի դրական կողմերն ի շահ գործի օգտագործելու կարողությունն է: Որևէ մեկի հետ անձնական խնդիր, միանշանակ, չեմ ունեցել և չունեմ:

 

-Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին: Նյարդայնանու՞մ եք, երբ Ձեզ քննադատում են:

 -Ընդհանրապես ինձ նյարդայնացնելը շատ դժվար է: Առողջ քննադատության համար միշտ շնորհակալ եմ, մանավանդ լրագրողներից: Մարդկանց մտածելակերպը հաճախ թույլ չի տալիս, որ մարդիկ անմիջականորեն տեղեկացնեն իրենց ղեկավարին, թե ինչ էկատարվում: Դուք՝ լրագրողներդ, ձեր արդար գրչով մեզ օգնում եք: Ես դա քննադատություն չեմ համարում և շնորհակալ եմ, որ դուք ցույց եք տալիս այն բացերն ու բացթողումները, որոնք մենք ունենք և պարտավորենք շտկել: Սակայն լինում են նաև, այսպես կոչած, բուլվարային, անիմաստ քննադատություններ, որոնց նույնիսկ չես ուզում ուշադրության արժանացնել: Ինձ այդ կարգի քննադատությունները երբևէ չեն նյարդայնացրել: Ինձ կարող են նյարդայնացնել անարդարությունը, մարդկանց անտարբեր վերաբեմունքն իրենց աշխատանքի նկատմամբ:

 -Վերջերս մի քանի անգամ Ձեզ ընդգրկել էինք Shabat.am-ի քաղաքական կոմիքսներում: Նեղացե՞լ եք մեր հումորներից:

 -Բավական ուրախացել և ծիծաղել եմ: Այդ կոմիքսները շատ հումորով եմ ընդունել: Դրանք կինս է ինձ ուղարկել՝ ժպտացող սմայլիկով և ես եռակի անգամ ավելի սմայլիկներով եմ պատասխանել /ծիծաղում է/:

 Նման դեպքերում ես կարծում եմ, որ երբեք պետք չէ դիպչել դիմացինի պատվին և արժանապատվությանը: Եթե դուք այդ սկզբունքները պահպանում եք, դիմացինը բարոյական իրավունք չի ունենա ձեզանից նեղանալու:Կյանքի բոլոր ոլորտներում սխալ է մարդու արժանապատվությունը վիրավորելը: Դա մի երևույթ է, որը բումերանգի նման վերադառնում է:

 

 - Հայկական ֆուտբոլը պարբերաբար դառնում է թեժ քննարկումների առարկա, ցավոք սրտի, վատ իմաստով: Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը կամ ովքե՞ր են մեղավոր մեր ֆուտբոլային անհաջողություններում:

 - Պատճառները համալիրեն: Եթե մենք արդյունքներ չենք ունենում պատանիների և երիտասարդների՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, ի՞նչ ենք ակնկալում ազգային հավաքականից: Ինձ համար ֆուտբոլում առաջնային մտահոգիչ փաստն այն է, որ մենք մանկապատանեկան ֆուտբոլում գլոբալ խնդիրներ ունենք: Մասայականությունը կենտրոնացվել է Երևան քաղաքում, և թերևս ինչ-որ չափով Գյումրիում: Բայց մենք ֆուտբոլի դպրոցներ ենք ունեցել Կոտայքի մարզում, Արմավիրում, Վանաձորում:

Բացի այդ մենք պետք է հասկանանք, որ միայն Հենրիխ Մխիթարյանով ոչինչ չենք կարող անել: Այսպիսի հասկացություններ կան՝ աստղերի թիմ և աստղային թիմ: Դրանք տարբեր բաներ են: Ինչպես և խոստացել էի, այս հարցով քննարկումներ ենք սկսելու: Այժմ այդ քննարկումների ձևաչափն է ուսումնասիրվում: Մասնագիտական առումով ես կգերադասեի զերծ մնալ ձևակերպումներից և գնահատականներից: Իհարկե ցավում եմ այս վիճակի համար: Ինքս ֆուտբոլի մեծ երկրպագու եմ և 2000-ականներից սկսած երբևէ չի եղել, որ մեր հավաքականի խաղերը բաց թողնեմ:

-Հավաքականի նոր մարզչից ինչպիսի՞սպասելիքներ ունեք:

 -Յուրաքանչյուր նորանշանակ մարզչի հետ բնականաբար հույսեր են կապվում: Պետք է հնարավորություն տանք նրան աշխատելու և տեսնենք, թե որքանով կարդարացնի դրանք: Ինչ վերաբերում է Արթուր Պետրոսյան ֆուտբոլիստին, նշեմ, որ մենք դեռ երեխա էինք, երբ նա խաղում էր: Հիշում եմ նրա խփած երկու գոլերն Ուկրաինայի հետ խաղում: Հաղթում էինք 2-0 հաշվով, երբ ընդմիջումից առաջ տուգանային նշանակվեց մեր դարպասին և մրցակից թիմը գրավեց մեր դարպասը… Արթուր Պետրոսյանը լավ ֆուտբոլիստ է եղել, լավ մարզիչ Շվեյցարիայում հուսով եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

 -Երբ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, անընդհատ խոսվում էր մարզադպրոցի վատ վիճակի մասին: Գյումրիի իշխանությունների հետ քայլեր ձեռնարկվու՞մ են, որպեսզի մարզադպրոցը պատշաճ տեքսի բերվի և մարզիկները կարողանան այնտեղ մարզվել:

 - Երբ այս հարցի շուրջ ակտիվ քննարկումներ էին ընթանում, ես դեռ ՀԱՕԿ-ի քարտուղարն էի: Սեպտեմբերի 18-ին, երբ մարզիկների մեծարման արարողությունն էր, ՀԱՕԿ նախագանը հայտարարեց, որ ինքը կվերանորոգի մարզադպրոցը՝ միջազգային չափանիշներին համապատասխան` Արթուր Ալեքսանյանին վայել մարզադպրոց դարձնելով այն: Այդ հարցը դեռ քննարկման փուլում էր, երբ ես նախարար նշանակվեցի: Տեղական մարմինների բյուջեում միջոցները սուղ են: Քանի որ շենքային պայմանները շատ վատն են, վերանորոգումը մեծ ծախսեր է պահանջում: Այն կիրականացվի հաջորդ տարի:

 

 -Վարչապետը կարևորում է սպորտի և առողջ ապրելակերպի մասայականացումը: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում նույնիսկ ազգային, հանրապետական ծրագիր է հարկավոր մշակել, որպեսզի սպորտը դառնա մեր կյանքի ապրելաոճ: Ի՞նչ քայլեր են արվում այս ուղղությամբ:

 -Քայլեր, իհարկե ձեռնարկվում են: Դա համալիր ծրագիր է, որը մենք բաժանել ենք երկու մասի՝ տեսական և գործնական: Մենք ուզում ենք, որ մարդիկ գիտակցեն սպորտի և առողջ ապրելակերպի կարևորությունը: Հնարավոր է դա պարտադրված անել, սակայն ես կուզենայի, որ մարդիկ իրենց ցանկությամբ հետաքրքրվեին սպորտով, որպեսզի, եթե անգամ սպորտի նախարարությունը չլինի, մարդը միևնույն է մարզվի: Երբ այդ գաղափարն ամրապնդվի, սպորտը և առողջ ապրելակերպը կդառնան մասսայական: Բազմաթիվ ծրագեր կան այս ուղղությամբ, որոնք պետք է իրականացնենք՝ կիրառելով մեր նոր մոտեցումները: Դրանք մասնավորապես վերաբերում են սպորտլանդիաների անցկացմանը, ուսանողներին սպորտի մեջ ներգրավվելուն և ուսանողական լիգաներ ստեղծելուն և այլն: Վերջինը շատ եմ կարևորում սպորտի մասայականացման գործում, քանի որ առանց ուսանողության որևէ մասայականություն ապահովելը շատ դժվար կլինի: Այս հարցով սերտորեն համագործակցում ենք Կրթության և գիտության նախարարության հետ, ունենք հանձնաժողով, որի նպատակներից մեկը ֆիզկուլտուրա առարկայի դերի կարևորումն է դպրոցներում:

 

-Դուք Ձեր իրական ղեկավար ու՞մ եք համարում՝ վարչապետի՞ն, թե՞ Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, որ երկար տարիների ՀԱՕԿ-ում եք աշխատել:

-Որպես ՀՀ սպորտի ևերիտասարդության հարցերով նախարար իմ անմիջական ղեկավարը ՀՀ վարչապետն է: Քանի որ ես դեռ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն եմ, և հուսով եմ կմնան, իմ ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է:

 

-Ըստ Ձեզ Գագիկ Ծառուկյանը Ձեր ո՞ր մասնագիտական կամ մարդկային որակներ է այդքան բարձր գնահատում, որ Դուք մերթընդմերթ բարձր պաշտոններ եք ստանում:

-Երևի պարոն Ծառուկյանն ավելի լավ կպատասխանի այս հարցին /ծիծաղում է/: Կարծում եմ՝ գնահատվում են մասնագիտական ունակություններս, քանի որ 2010թ.-ից, երբ արդեն ՀԱՕԿ քարտուղար էի, մենք պարոն Ծառուկյանի հետ որևէ ընտանեկան, բարեկամական կապ չենք ունեցել: Պարոն Ծառուկյանը մարդուն գնահատում է՝ անկախ նրա ծագումից: Իմ աշխատանքը և մոտեցումներն են, որ մինչև այսօր գնահատվում են:

 

-Վերջերս մի շարք քաղաքացիներ հավաքվել էին Գագիկ Ծառուկյանի տան դիմաց և պահաջում էին նրա վերադարձը քաղաքականություն: Դուք կցանկանայի՞ք, որ պարոն Ծառուկյանը վերադառնար քաղաքականություն:

-Պարոն Ծառուկյանի քաղաքական կամ այլ որոշումները երբևէ իմ լիազորությունների տիրությում չեն եղել: Այդ հարցին բնականաբար ես չէ, որ պետք է պատասխանեմ: Բայց այն, որ սպորտում մեր նվաճումների մեջ Գագիկ Ծառուկյանի դերակատարումը ուղղակի չափման միավոր չունի, դա փաստ է: 2005-2006թթ.-ից սկսած նա իր անձնական միջոցների հաշվին պահում է մեծ սպորտը:

 

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր ընտանիքի անդամները:

-Կինս մեծացնում է մեր երեխային: Քույրս մասնագիտությամբ բժիշկ է, սովորում է և աշխատում: Մայրս հիմնականում տանն է, ժամանակի մեծ մասն անցկացնում է թոռնիկի հետ: Երեխաս փոքր է՝ մեկ տարեկան:

 

 -Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը: Արդյո՞ք այն բավականացնում է սպորտով զբաղվելու համար:

 -Ազատ ժամանակս հիմնականում անցկացնում եմ ընտանիքիս և մանկության ընկերների հետ: Սպորտով զբաղվելու ժամանակ իհարկե գտնում եմ: Իրականում մի կիրակի օր է ազատ, այն էլ, երբ առաջնություններ չեն լինում: Ես ընկերներիս չեմ փոխում: Հինգ ամենամտերիմ ընկերներս համադասարանցիներս են եղել, ճանաչում ենք իրար1988թ.-ից, մյուսները բակի ընկերներս են եղել և նրանք, ում հետ սկսել եմ մարզվել 1990-ականներին, երբ սկսեցի բասկետբոլով զբաղվել: Այսինք՝ բոլոր ընկերներս անցյալ դարից են /ծիծաղում է/:

 -Երևանում ո՞ր վայրն եք ամենից շատը սիրում և որտե՞ղ եք ավելի հաճախ լինում:

-Մեր բակն եմ ամենից շատը սիրում: Այստեղ տիրում է իսկական երևանյան մթնոլորտ, մեր բակի հետ են կապված իմ հիշողությունները: Կարծում եմ յուրաքանչյուրն իրեն երջանիկ է զգում, երբ նրա ներքին և արտաքին աշխարհները ներդաշնակ են լինում: Ես այնտեղ գտնում եմ ներդաշնակություն և հանգստություն:

 

-Ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ ժամանակ:

 -Երազում էի հրշեջ դառնալ: Այդ մասնագիտությունն ինձ համար յուրահատուկ էր այն իմաստով, որ հրշեջները մարդկանց կյանքն են փրկում: Ես բարձրահասակ էի և ինձ մոտ կարծրատիպ էր ձևավորվել, որ եթե հրշեջը բարձրահասակ է, նա մարդուն ավելի շուտ կփրկի և ուրիշների համար դժվարամատչելի տեղերից կկարողանա հանել:

 

-Եթե ժամանակը ետ տալու հնարավորություն ունենայիք, անցյալում ինչ-որ բան կփոխեի՞ք:

-Որևէ բան չէի փոխի: Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, իմ ծնողներից, շրջապատից, որ իմ կյանքում ամեն ինչ այնպես է, ինչպես կա:

 

3 մշտական հարցեր

-Ձեր կյանքի ամենամեծ ամոթի զգացումը ե՞րբ և ինչու՞ եք ապրել:

-Սկսեմ նրանից այնպիսի արարք ինձ թույլ չեմ տվել, որ ամաչեմ…

Ինձ թվում է՝ ուզում եք ընտանիքիս մեջ վեճ գցել /ծիծաղում է/… Այսպես ասեմ, : Մինչև աղջկան մոտենալն ընկերներիս հետ նստած քննարկում էինք, թե ինչ պետք է ասեմ, ինչ պետք է պատասխանեմ նրա հնարավոր հարցերին: Նոր աղջիկ էր տեղափոխվել մեր դասարան, մարտի 8-ին վարդեր գնեցի նրա համար, պլանավորել էի, որ պետք է նրան սրճարան հրավիրեմ: Ես՝ ծաղիկները ձեռքիս, բանաստեղծություն պատրաստած, իմ ամբողջ բարձր հասակով կանգնածեմ ու… չկարողացա ոչինչ ասել: Դա է եղել ամենամեծամոթի զգացումը, որ երբևէ ապրել եմ: Նշեմ, որ դա նաև միակ դեպքն է, երբ ես իմ ձեռքով ծաղիկներ եմ նվիրել որևէ աղջկա:

 

-Ո՞րն է ամենալավ նվերը, որ տվել և ստացել եք:

-Վերջին խոսակցությունը հորս հետ: Ես Թբիլիսիում էի: Մեր բասկետբոլի աղջիկների թիմը հաղթել էր: Երեկոյան երկուսն անց կես զանգահարեց: Այդ օրը երեք անգամ եմ հետը խոսել: Հայրս շատ խիստ մարդ էր: Անգամ եթե լավ բան էի անում, նա ինձ միշտ քննադատում էր: Նա իմ ամենամեծ քննադատն էր… Երկուսն անց կես զանգահարեց, ասաց՝ տղա ջան, այնքան ուրախ եմ, այնքան գոհ ու երջանիկ: Ամենամեծ նվերը դա էր, որ կյանքում առաջին անգամ նա ինձ գովեց:

 

 -Եթե միայն մի երազանքի համար կախարդական փայտիկ ունենայիք, ինչի՞ համար այն կօգտագործեիք:

 -Այնպես կանեի, որ աշխարհի բոլոր մարդիկ համերարշխ լինեին և հիվանդ մարդիկ չլինեին: Բժիշկ լինելով շատ բաների եմ ականտես եղել: Ուսանողական տարիներին միակ առարկան, որին միայն մեկ դասաժամ եմ ներկա եղել, դա օնկոլոգիան էր, որն անցկացվում էր օնկոլոգիայի ինստիտուտում: Երբ մտնում ես այնտեղ ու տեսնում 7-8 տարեկան երեխաների, որոնց ապրելու մնացել է 1-2 շաբաթ… դա աննկարագրելի է:

 Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյան

 

-Պարո՛ն Գալուստյան, Ձեր ընկերն այժմ պետական պաշտոն է զբաղեցնում: Նախարար ընկեր ունենալը Ձեզ ինչ-որ առավելություն տալի՞ս է:

 - Նախ շատ ուրախ եմ, որ իմ ընկերը նախարար է: Այս դեպքում ընկերոջ պաշտոնն ավելի պարտավորեցնող է և դժվար: Եթե ինչ-որ հարցերում թերանաս դա կրկնակի պատասխատատվություն կենթադրի: Ընդհանրապես անթույլարտելի է, օգտագործելով ընկերությունը, փորձել ինչ-որ հնարավորություններ ձեռք բերել:

 -Քանի՞ տարվա ընկերներ եք:

-Պարոն Ռոստոմյանին ճանաչել եմ վաղուց: Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, արդեն կլինի երևի յոթ տարի, ինչ աշխատանքային հարաբերություններից զատ մենք նաև լավ ընկերներ ենք:

-Պարոն Ռոստոմյանն արդեն երկրորդ անգամ է, որ սպորտի նախարար է նշանակվել, եղել է ՀԱՕԿ քարտուղար: ՀԱՕԿ-ում և որպես նախարար նրա աշխատանքային գործունեության և վարքի մեջ փոփոխություններ նկատու՞մ եք:

 -Երբ պարոն Ռոստոմյանը սպորտի նախարար էր, նա ինձ առաջարկեց միասին աշխատել: Այն ժամանակ ես զբաղեցրի խորհրդականի պաշտոնը և փորձում էի իմ գիտելիքներով օգտակար լինել: Երբ նա նշանակվեց ՀԱՕԿ քարտուղար, ես նրա հետ տեղափոխվեցի այնտեղ, և մենք շարունակեցինք միասին աշխատել: Նրա աշխատանքային գործունեության մեջ որևէ փոփոխություն չեմ նկատել: Իր զբաղվածությամբ հանդերձ՝ նա միշտ փորձում է ներկա գտնվել բոլոր կարևոր միջոցառումներին: Նա միշտ աշխատում է կիսել մարզիչների խնդիրները:

 -Հիշարժան դեպքեր եղե՞լ են ձեր համատեղ աշխատանքային գործունեության ընթացքում:

 -Ամեն անգամ հուզմունքով եմ հիշում մի դեպք, երբ խորապես հպարտացել եմ իմ ընկերոջով: 2015թ. Հայաստանը որոշեց առաջին անգամ մասնակցել Եվրոպական խաղերին Ադրբեջանում: Հայաստանի Հանրապետության դրոշը նրա առաջարկությամբ անցավ այդ 80 հազար հոգանոց ստադիոնով Ադրբեջանի սրտում: Նա խնդրել էր ՀԱՕԿ նախագահին և Հանրապետության նախագահին, որ էդ դրոշն ինքը մենակ տանի, բայց կոլեկտիվը որոշեց, որ բոլորս միասին անցնենք ստադիոնով:

-Ռոստոմյան- Գալստյանն էն տղեն է, որ հետս եկավ Բաքու /ծիծաղում է/: Ուրեմն, Բաքու էի մեկնելու, Գալուստյանը եկավ, ասաց՝ հնարավոր չէ մենակ գնաս, քեզ մենակ չեմ թողնի: Ասում եմ՝ ես մենակ եմ ուզում գնալ, իմ մուրն իմ գլուխը… Գալուստյանը չթողեց:

-Վլադիմի՛ր , ե՞րբ եք ծանոթացել պարոն Ռոստոմյանի հետ:

 -Ես սպորտային ամսագրի հիմադիր խմբագիր էի, և պարոն Ռոստոմյանն աջակցում էր մեր ամսագրին: Այդտեղից էլ ծանոթացել ենք: Ավելի մոտիկից սկսել ենք շփվել2013թ.-ից: Հունգարիայում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը երկուսս էլ ներկա էինք: Նկատեցինք, որ նույն մոտեցումներն ու հայացքներն ունենք բազմաթիվ հարցերում և ձևավորվեց մեր ընկերությունը:

 -Ինչպե՞ս կբնութագրեիք պարոն Ռոստոմյանին

-Նա շատ հումորասեր է: Դա հեշտացնում է նրա շփումը մարդկանց, գործընկերների հետ: Ճիշտ է ուշ եմ ճանաչել պարոն Ռոստոմյանին, բայց հասցրել եմ նկատել, որ նվիրված ընկեր է:

 

 Նյութը պատրաստեցին՝ 

Մարիամ Մելքումյանը

Անուշ Մուրադյանը

Խաչատուր Էլլոյանը

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին