Կարևոր իրադարձություններ

«Այն ինչ պատմում էր Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը` միայն ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեի քննիչն է ճիշտ հասկացել»

06 Հոկտեմբեր, 2016 09:30
Հեղինակ՝ Արթուր Սաքունց
«Այն ինչ պատմում էր Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը` միայն ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեի քննիչն է ճիշտ հասկացել»

Ուրեմն, այն ինչ պատմում էր Վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանը ԶԼՄ-երին, այդ թվում ձայնագրությունների տեսքով, նաև ինձ, մենք ճիշտ չենք հասկացել, միայն ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեի քննիչն է ճիշտ հասկացել։

Եվ ուրեմն այսպես պետք է հասկանանք այսուհետ։ 

Վերապատվելի Ռ․Գրիգորյանին այցելել են ինչ որ անհայտ էակներ /ըստ ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեի հիմնավոր վարկածի՝ ամենայն հավանականությամբ Մարս մոլորակից/, ծանոթանալու և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների տիեզերական նշանակությունը հասկանալու նպատակով։

Եվ որոշ ժամանակ անց, չհամաձայնվելով Վերապատվելու մոտեցումներին, սկսել են բանավիճել, այդ ընթացքում տարօրինակ և անբնական մարդկային ձայներ են արձակել, որոնք Եկեղեցում գտնվողները զարմանալի և անհասկանալի կերպով հասկացել են որպես սպառնալիքներ մարդկային քաղաքակրթությանը և Վերապատվելու կյանքին, և սկսել են օգնություն գոչել, կանչել ամենատարբեր հնարքներով։

Առաջինն արձագանքել է "Հայկական Վերասնունդ" տիեզերական փրկարար ծռայությունը, որի 15 հոգանոց խիզախ ջոկատը անհապաղ հայտնվել է Վերապատվելու սենյակում և իր խրոխտ քայլերով, հմուտ գործողություններով փախուստի մատնել Մարսեցիներին, որոնք աչքի էին ընկնում իրենց ռազմատենչությամբ և դաժան կերպարանքով։

Այսպիսով "Հայկական Վերասնունդ" տիեզերական փրկարար ծառայության 15 հոգանոց խիզախների ջոկատը փրկեց և՛ Վերապատվելուն՝ անխուսափելի թվացող գերեվարումից և սպանությունից, և՛ մարդկային քաղաքակրթությունը՝ վերահաս Ապոկալիպսիսից։

ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեն շարունակում է քննությունը, գործի հանգամանքները պարզելու և "Հայկական Վերասնունդ" տիեզերական փրկարար ծառայությանն ու նրա 15 խիզախ մարտիկներին պարգևատրելու աստիճանը որոշելու ուղղությամբ։

Ծանոթություն ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեից․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Տիեզերական գործերով քննչական կոմիտեն, ՀՀ Տիեզերական ոստիկանությունը անչափ շնորհակալ կլինեն բոլոր նրանցից, ովքեր կհայտնեն միջադեպի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, մասնավորապես թռչող, ցատկող, փախչող ափսեների, թավաների և թեյնիկների վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին