Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաք այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Երախտագիտություն» խորագրով ցուցահանդեսը յուրօրինակ երախտիքի խոսք է՝ ուղղված աշխարհի այն քաղաքներին, որոնք գրկաբաց ընդունեցին ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականներին:
«Քաղաքապետարանի հյուրընկալ հարկի ներքո բացված այս ցուցահանդեսը «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունների շարքում բացառիկ երևույթ է: Բացառիկ այն առումով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հարկ էր, որ Երևանի քաղաքապետարանը, ի դեմս Երևանի քաղաքապետի, իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտներ աշխարհի այն քաղաքներին, որոնք հայ ժողովրդի ամենածանր օրերին դրսևորել են մարդասիրական, գթասիրական մեծ վերաբերմունք: Չկա ավելի վեհ առաքելություն, երբ քաղաքային իշխանությունն է ձեռնարկում այդ ամենը՝ այն դեպքում, թե ինչ վերաբերմունք ուներ իր երկրի քաղաքական ղեկավարությունը այդ օրերին հայ ժողովրդի օրհասական վիճակի հանդեպ: Տոնական այս մթնոլորտի մեջ Ցեղասպանությանը անդրադառնալը միանշանակ խորհուրդն է այն բանի, որ մենք ապրող ժողովուրդ ենք»,- նշել է Կամո Արեյանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին և հյուրերին ներկայացնելով ցուցանմուշները՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշել են, որ ցուցադրությունում ներկայացված են Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճենները, որոնցում հստակ արտացոլվում է տվյալ քաղաքների հայասերների դիրքորոշումը, ովքեր, հետևելող խղճի ձայնին, դատապարտել են հայերի կոտորածը։ Ծանոթանալով ներկայացված նյութերին՝ պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները նշել են, որ շուրջ մեկ դար անց էլ իրենք ևս հաստատում են իրենց նախնիների դիրքորոշումը և դատապարտում են 1915-ի ոճրագործությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն