Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբուն-Երևան 2797» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած Եկատերինբուրգի քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և Ռուսաստանի Դաշնության մարզերի ու քաղաքների միջև առկա հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ դրանք տարեցտարի ավելի ու ավելի ընդգրկուն և բազմակողմ են դառնում:
«Համոզված եմ, որ Երևանը և Եկատերինբուրգը ևս համագործակցության լայն հնարավորություններ ու հեռանկար ունեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փորձի փոխանակման առումով: Լիահույս եմ, որ մեր ջերմ ու բարի քաղաքի տոնին ձեր մասնակցությունը լրացուցիչ խթան կդառնա մեր քաղաքների միջև փոխգործակցության ձևավորման ու արդյունավետ զարգացման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Եվգենի Ռոյզմանը ի դեմս Տարոն Մարգարյանի շնորհավորել է բոլոր երևանցիներին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ ու նկատել, որ շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող Երևանն իրոք շատ ջերմ ու հյուրընկալ քաղաք է: Անդրադառնալով երկու քաղաքների համագործակցության հեռանկարին` Եկատերինբուրգի քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի գործընկերոջ համագործակցության պատրաստակամությունն ու կարևորելով երկու քաղաքների միջև փոխշահավետ գործակցության ծավալումը՝ ընդգծել է, որ կանի հնարավորը հարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ կանեմ հնարավորը երկուստեք գործընկերային հարաբերությունների առավել սերտացման ուղղությամբ»,- նշել է Եվգենի Ռոյզմանը: Երկու քաղաքապետերը պայմանավորվել են առաջին իսկ հնարավորության դեպքում առավել մանրամասն քննարկել փոխգործակցության հնարավոր ուղղությունները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն