Կարևոր իրադարձություններ

Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին

10 Հոկտեմբեր, 2015 14:56
Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին

ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Գուբազ Սանիկիձեին եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը: Հերմինե Նաղդալյանը, շնորհավորելով պարոն Սանիկիձեին Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա առաջիկայում եւս իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը: Ի պատասխան՝ պարոն Սանիկիձեն, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ ձեւավորված փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով նպաստելու միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում դեռեւս առկա են փոխգործակցության զարգացման հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել՝ ի շահ երկու երկրների: Այս համատեքստում Հերմինե Նաղդալյանը կարեւորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վրաստան կատարած այցի ժամանակ, ուր Սերժ Սարգսյանը նշել էր, որ թեպետ մեր երկու երկրներն ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, այդուհանդերձ պետք է կարողանան շարունակել ձեւավորված համագործակցությունը եւ կամուրջ դառնան ինտեգրացիոն երկու մոդելների միջեւ: Խորհրդարանական կապերի զարգացման համատեքստում հատկապես կարեւորվել է համապատասխան հանձնաժողովների միջեւ համագործակցության ակտիվացումը եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա հասկանալու երկկողմ կարեւորություն ներկայացնող հարցերի շրջանակը: Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին նշել է, որ խորհրդարանական հանձնաժողովների միջեւ արդյունավետ համագործակցության ավանդույթ ձեւավորված է արդեն եւ փոխգործակցության առավել ակտիվացման հայկական կողմի առաջարկն ինքն արդեն փոխանցել է վրացի խորհրդարանականներին: Անդրադառնալով տարածաշրջանային մարտահրավերներին՝ Գուբազ Սանիկիձեն հատկապես կարեւորել է անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ կողմերի սերտ համագործակցությունը՝ եւ օրենսդիր, եւ գործադիր կառույցների մակարդակով: Կիսելով պարոն Սանիկիձեի մտահոգությունը՝ Հերմինե Նաղդալյանը տարածաշրջանային խնդիրների շրջանակում անդրադարձել է Ադրբեջանում տիրող ժողովրդավարական ճգնաժամին, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

 

Լրահոս

Դիտել ավելին