Կարևոր իրադարձություններ

Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար

10 Հոկտեմբեր, 2015 13:24
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին: 

Իր ելույթում նախարարն ասել է.

«Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հարգելի պարոն նախագահ,

Ֆրանկոֆոնիայի հարգարժան տիկին նախագահ,

Տիկնայք և պարոնայք ԱԳ նախարարներ և պատվիրակության ղեկավարներ,

Տիկնայք և պարոնայք,

Կցանկայանի ևս մեկ անգամ Ձեզ ասել, որ մեծ պատիվ է մեզ համար այստեղ՝ Երևանում, հյուընկալելու Ֆրանկոֆոնիայի ատյանների այս կարևոր հանդիպումը:

Այսօր ես առանձնահատուկ կուզենայի հիշատակել Նախագահ Աբդու Դիուֆին, ով մեր կազմակերպության գլխավոր քարտուղարն էր այն պահին, երբ մենք կազմում էինք մեր այս ծրագրիը, ով իր ողջ բարյացկամությամբ էր ուղեկցում մեր բոլոր քայլերը:

Առաջին անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է այսպիսի իրադարձություն. բոլոր հինգ մայրցամաքներից եկող, Ֆրանկոֆոնիայի անդամ և դիտորդ 80 պետություններ և կառավարություններ ներկայացնող մի քանի տասնյակ նախարարների և պատվիրակության ղեկավարների մասնակցությունն իրապես եզակի է:

Մեր նախաձեռնության միջոցով, նախևառաջ, արտահայտվում է, Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային՝ համերաշխության և համագործակցության այս ընդարձակ տարածքին, որը կիսում է ֆրանսերեն լեզուն, համախմբված է համամարդկային այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են՝ խաղաղությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:

Մենք նաև ցանկանում էինք վերահաստատել այն տեղը, որ մեր երկիրը մշտապես զբաղեցրել է պատմության ընթացքում՝ քաղաքակրթությունների խաչմերուկում, Արևելքի և Արևմուտքի միջև, տարբեր մշակույթների հանդիպման կետում:

Եվ նաև հիշեցնելու իր կոչումը, առաքելությունը՝ լինել հանդուրժողականության երկիր, հարգալից այլոց նկատմամբ, բաց մարդկանց և ժողովուրդների հարաբերությունների առջև, խանդավառ՝ մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսությամբ:

Վերջապես, մեզ համար կարևոր էր նաև նշել Ֆրանկոֆոնիայի անսահման նվիրվածությունը մշակութային և լեզվական բազմազանությանը, քանզի այն կրում է իր մաս կազմող երկրների և ժողովուրդների մշակույթների և լեզուների հարստությունը:

Այսօր ես ցանկանում եմ Ձեզ վերահաստատել Հայաստանի հանձնառությունն ի նպաստ ֆրանկոֆոնիայի, նրա արժեքների, նպատակների: Մեր գործուն ներկայությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ատյանների աշխատանքներին և ֆրանկոֆոնիայի կարևոր իրադարձություններին վկայում է մեր հանձնառության ամրությունը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի խորհրդարանի միջև կապերն ամրապնդվել են՝ համալրելով մեր համագործակցությանն այդչափ անհրաժեշտ խորհրդարանական ձևաչափով:

Ֆրանկոֆոն ապակենտրոնացված համագործակցությունը զարգացել է ֆրանկոֆոն քաղաքների միջազգային կազմակերպության միջոցով, որն իր 31–րդ գլխավոր ասամբլեան գումարեց Երևանում:

Ընդլայնվել է հայկական համալսարանների մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի համալսրանական գործակալության շրջանակներում:

Մշակութային ոլորտում, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ իր հայուրավոր մշակութային և կրթական միջոցառումներով, արդեն մի քանի տարուց ի վեր դարձել է հայկական մշակութային կյանքի առանցքային իրադարձություն:

2015 թվականին շուրջ 450 միջոցառում է կազմակերպվել Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Մենք ամրապնդել ենք նաև մեր հարաբերությունները Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ:

Այս բոլոր իրագործումները վկայությունն մեր երկրում Ֆրանկոֆոնիայի խարսխման:

Մենք համոզված ենք, որ նախարարական այս համաժողովի կազմակերպումը կարևոր փուլ կլինի, որն առավել կամրապնդի Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջև համագործակցությունը:

Եզրափակելով՝ ցանկանում եմ արտահայտել իմ վստահությունը մեր առջև ծառացած մարտահրավերներին հանդիման Ֆրանկոֆոնիայի դիրքեր հաստատելու մեր ունակության նկատմամբ և մաղթել լիակատար հաջողություն մեր աշխատանքներում:

Իմ ջերմ շնորհակալությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տկին Միկայել Ժաննին, ինչպես նաև նրա բոլոր գործընկերներին, համաժողովի կազմակերպման գործում ունեցած նրանց անգնահատելի ավանդի համար, այսչափ բարենպաստ մթնոլորտի ստեղծման և նրա հաջողությանը նպաստելու համար:

Մենք երջանիկ ենք, որ համաժողովի գումարումն այստեղ՝ Հայաստանում, մեզ հնարավորություն է ընձեռում նաև Ձեզ ծանոթացնելու մեր երկրին, նրա բազմահազարամյա մշակույթին»:

 

Լրահոս

Դիտել ավելին