Հայաստանի ամենաչսիրվածները. Շաբաթի TOP 10
Այս ամիս ամենաչսիրվածի տիտղոսին են արժանացել ոչ միայն այս անվանակարգի մշտաբնակները, այլև երբեմնի մի քանի «թունդ» ընդդիմադիրներ՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված իրենց քաղաքական դավանափոխության համար: Այս տասնյակում դարձյալ չեն ներառվել Հայաստանի այն չսիրվածները, որոնք չնայած խոր ատելություն են առաջացնում հասարակության մի ստվար զանգվածի մոտ, բայց ունեն իրենց համակրողների և հետևորդների համանման մի ստվար զանգված: Եվ այսպես.
1. Գալուստ Սահակյան+
Ի սեր Աստծո, թույլ մի՛ տվեք, որ նա ոչ միայն օրենքով շարժվի, այլ պարզապես խոսի: Այս ամիս նա դարձյալ կարողացավ լրագրողներին բարկացնել՝ վերջիններիս Ստալինի մասին իր հուշերից եկող աշխատակարգ առաջարկելով: Զարուհի Փոստանջյանի օգնականին ԱԺ շենք չթողնելով՝ նա ցույց տվեց, որ երկրի թիվ 2 պաշտոնյայի միակ զենքն ԱԺ շենքի անցաթուղթն է: Նա աչքի ընկավ տարօրինակ մտքի հերթական ցնցող օրինակով՝ ասելով, որ Սուրիկ Խաչատրյանի որդին ազատվեց կալանքից, որովհետև որդին որդի է: Բայց նա միշտ չէր այսպիսինը: Միգուցե սեփական կարողություններից վեր պաշտոնը փոխեց բարի, սրտաբաց ու զուսպ Գալուստ Գրիգորիչին: Չնայած, հնարավոր է՝ նրա ապաշնորհ աշխատակազմն է դիտավորյալ վարկաբեկում սեփական ղեկավարին և դարձնում Հայաստանի ամենաչսիրված մարդը:
2. Սուրիկ Խաչատրյան (Լիսկա)+
Նա դարձյալ հանրային ատելության աճ արձանագրեց, երբ իր որդին հայտնվեց ազատության մեջ: Նա այնքան է սովորել իր հասցեին հնչող արդար ու անարդար քննադատությանը, որ չի տխրի այդ ատելության նոր դոզայից: Դրա փոխարեն նա տոնում է իր որդու վերադարձը տուն և անկեղծորեն զվարճանում է տեսնելով, թե ինչպես են գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն իրար վրա գցում իր որդուն ազատելու սոսկալի հակափիարը: Պատվերով հոդվածներ, հայտարարություններ և բազմանշանակ հարցազրույցներ են շրջանառվում միմյանց դեմ, տուժողների ու փաստաբանների դեմ, բարձրագույն իշխանության դեմ: Այս հիստերիկ ինքնամաքրման գործընթացը դեռ հաջող է ընթանում, քանի որ այս տասնյակում դեռ միայն Լիսկան է:
3. ԳագիկԾառուկյան+
Նա դարձյալ ընկավ այս տասնյակ այն բանից հետո, երբ ասաց, որ այլ բանի մեջ իրեն չեն կարող գցել բողոքավոր խաղողագործները: Իսկապես, նա հոգնել է բարի ծերուկի և ազգի խոնարհ ծառայի դերից: Երբ նրանից մեծ սպասումներ ունեցող ժողովուրդը շատ է հոգնեցնում նրան, իշխանական ներկայիս մեդալակիրը վրդովվում է և ունենում էմոցիոնալ պոռթկումներ: Նրա խոսնակը հնարավորինս մեղմում է այդ պոռթկման իմիջային հետևանքները և փորձում այն մարդկային ու հասկանալի դարձնել, բայց անհասկանալի են մնում շատ այլ հարցեր, որոնք բարձրացվում են շատ ուրիշների կողմից: Բարու և չարի անդին հայտնված հայ միլիարդատերը դեռ ծնում է հարցեր, սպասումներ, հիասթափություններ, թևավոր խոսքեր և նաև հսկայական հանրային ցասում՝ տարբեր կերպարներով հանդես գալու պատճառով: Այդ ցասումը փոքր-ինչ նվազեցնում, բայց չեն վերացնում Վարչապետի լեզվով ասած՝ «very nice» շինությունները:
4. Վալերի Օսիպյան+
Նախորդ ամիս այս հորիզոնականը չսիրվածների մեջ զբաղեցնում էր պապի ծեծող ոստիկանը, այս անգամ այն տրվում է ընդդիմադիր պատգամավորներին հրմշտող ոստիկանին: Նրան մեդալ տվեցին և նա անխնա սկսեց բղավել ԱԺ պատգամավորների վրա ու ապօրինություններ գործել ընդդեմ ցուցարարների: Նախկինում էլ չսիրված, բայց միշտ բարի դեմքով հանդես եկող հրեշտակապետը վերցրեց իշխանության մեդալը, դեն նետեց հրեշտակի թևերը և ցույց տվեց իր ավելի անկեղծ դիմագիծը:
5. Ալեքսանդր Սարգսյան (Սաշիկ)+
Երեք աննշան հիշեցում իր մասին, և նա չսիրվածների տասներորդից դարձավ հինգերորդը: Նախ գրվեց, որ նա ծեծել է տվել ընկերուհու հետ անցնող մի երիտասարդի: Ճիշտ է՝ դա չհաստատվեց, բայց ոչ էլ հերքվեց: Այնուհետև նրան հիշեցին, երբ բողոք եղավ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տուգանում են իր արագաչափերի պատճառով: Վերջում էլ Նիկոլ Փաշինյանը նրան կոչեց հայկական Դոու Ջոնս ու, որպես ժողովրդական բանահյուսության մաս, նրան մեղադրեց բիզնեսի վրա հսկայածավալ ազդեցության համար:
Հաջորդ4 չսիրվածներնայսցուցակումենհայտնվելսահմանադրությաննախագծինկողմքվեարկելուպատճառով: Սահմանադրությանը կողմ լինելու մեջ իրականում ոչ մի վատ բան չկա: Շատ հնարավոր է, որ այն իրոք լավն է ու պայծառապագա է խոստանում Հայաստանին: Անընդունելին, հիասթափեցնողն ու չսիրված դարձնողը սեփական խոսքերից, դիրքերից, հետագծիցու ելույթներից անսկզբունքային հրաժարումն է:
6. Թևան Պողոսյան+
Այս ամիս շարունակվեց ընդդիմադիր մի զանգվածի քողազերծումը: Հասարակական սեկտորից և նախագահականից «Ժառանգություն» ներթափանցած պատգամավորը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին և իր պես անկախ մեկ այլ պատգամավորի հետ մասնակցեց նախագահական ֆոտոսեսիային: Այս ամենի արդյունքում ինքն էլ իր հարցազրույցում խոստովանեց, որ կարող է արժանանալ հայհոյանքների, սակայն ընդամենը հիասթափեցրեց իր համակիրների մի զանգվածի և արժանացավ բարձր դիրքի ամենաչսիրվածների մեր տասնյակում:
7. Ալեքսանդր Արզումանյան+
Մեկ այլ ժառանգական, նույն ինքը՝ ՀՀՇ-ական, նույն ինքը՝ ազատ դեմոկրատ, ունեցավ բազմաթիվ ընդդիմադիր կրքոտ ելույթներ վերջին 4 տարիներին, իսկ այս ամիս կողմ քվեարկեց իշխանության համար ամենակարևոր նախաձեռնությանը: Եվս մի հանրային հիասթափություն, ևս մի հաղթող չսիրվածների հիթ-շքերթում:
8. Ռուբիկ Հակոբյան+
Հնարավոր է՝ ճիշտ է այն պնդումը, որ դաշնակցականը երբեք նախկին չի լինում: Ահա «Դաշնակցությունը» փչեց նոր սահմանադրության շուրջ համախմբման փողը, և նա թողեց իր ընդդիմադիր խմբակցության ղեկավարի աթոռը, ընդդիմադիր լոզունգներն ու տեքստերը և նետվեց 104 կողմի հորձանուտը: Իր նոր կուսակցության շարքերը դավաճանած և հին ընկերների շարքերում կանգնած գործիչն այսօր հիասթափեցնողների և չսիրվածների կողքին է:
9. Նաիրա Զոհրաբյան+
Հայկական Կլեոպատրան ամենաակնհայտ դավանափոխի դիրքերում էր, քանի որ առկա են և լայնորեն շրջանառված նրա ագրեսիվ միտինգային ելույթների տեսագրությունները, որտեղ նա դաժանորեն դատափետում է սահմանադրական փոփոխությունները: Այսօր նա կողմ է քվեարկել դրանց և միայն իր մարդկային հմայքի ու բազմաքանակ հետևորդների շնորհիվ զբաղեցրել ամենամեղմ հորիզոնականը սահմանադրականի չսիրված այս քառյակում:
10. Ռուբեն Հայրապետյան (Նեմեց)
Այս ամիս նրա հայտնվելը տասնյակում ամենևին արդար չէ, բայց նրա անունը դարձյալ լայնորեն և բացասականորեն շոշափվեց՝ այս անգամ ծեծված ազատամարտիկի մերկապարանոց հայտարարությունների շնորհիվ: Հնարավոր է՝ ծեծված ազատամարտիկը նույնքան ճշմարտախոս է այս պարագայում, որքան ստախոս Վահան Մարտիրոսյանն էր Մհեր Սեդրակյանի դեպքում, բայց ինչպես ասում է ժողովուրդը, ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը:
Այս ամիս չարի իրենց կերպարը չեն ամբողջացրել հաջող PR-ից հույսները կորցրած շատ այլ գործիչներ: Ոչինչ, մեծ խաղի ընթացքը երբեք կանգ չի առնում: Ամեն ինչ առջևում է:
Շաբաթի թղթակցակազմի ու իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց
Տիգրան Գալստյանը