Blognews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 22-ին մեծ էկրան կբարձրանա «Կարգին ստուդիայի» և «Էսքիզ ստուդիայի» նոր կինոկատակերգությունը՝ «Սիրո գործակիցը», որով ստեղծագործական թիմը նպատակ ունի գերազանցել «Սուպեր մամայի» հաջողությունն ու որակական առումով 1 աստիճան բարձր նշաձող սահմանել հայկական ֆիլմարտադրության մեջ: «Սիրո գործակցի» ռեժիսորներն են Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը Ռոբերտ Մարտիրոսյանն է, համահեղինակը՝ Արման Մարությանը:
Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանն առաջինը BlogNews-ին է վստահել ֆիլմի մանրամասները: Նրանից տեղեկացանք, որ նոր նկարահանել են ռոմանտիկ կատակերգություն՝ սպորտային ուղղվածությամբ: Այստեղ խաղում են Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժենյա Մկրտումյանը, Խորեն Լևոնյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Արմուշը, Աննա Հարությունյանը և այլք:
Ֆիլմի սյուժեն ձևավորվում է Հայկի հերոսի շուրջ. նա և մտերիմ ընկերը, ում մարմնավորում է Գարիկը, ունեն համատեղ բիզնես, որը փրկելու համար պետք է գումարներ հայթայթեն և ստիպված դիմում են խարդախության: Այն առնչվում է թենիսի տուրնեին, որին մասնակցում է Էթերի Ոսկանյանի հերոսուհին: Հենց նրան էլ սիրահարվում է Հայկի հերոսը: Գլխավոր հերոսի միակ գլխացավանքը, սակայն, խարդախությունը չէ. նրան ուզում են ամուսնացել թաղային հեղինակություն Աղվանի (Ռուդոլֆ Ղևոնդյան) դստեր՝ Փիրուզի (Արմինե Պողոսյան) հետ: «Առաջին անգամ եմ խաղալու ռոմանտիկ հերոսի, ինչն ինձ համար էլ էր հետաքրքիր: Ինձ հետապնդում, սիրապնդում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, վերջինիս կինը՝ Ժաննան (Լուիզա Ներսիսյան), ով ևս սիրահետում է հերոսիս: Մի խոսքով՝ բոլորից անընդհատ փախչում եմ»,- նշեց Հայկը:
Դերասանն այս անգամ դիմահարդարման հատուկ միջոցներով չի կերպարանափոխվել, սակայն ֆիլմում նման հնարքներ օգտագործվել են: «Հատուկ գրիմով Արմինեին նմանեցրել են Ռուդիկին, կարծես Ռուդիկը լինի, շատ է փոխվել: Վիզուալ փոխված է նաև Գարիկը. պեպեններն ու շիկակարմիր մազերը նրան անճանաչելի են դարձրել:)»,- ասաց պրոդյուսերը:
Էթերին և Աննան 2-3 ամիս թենիսի պարապմունքների են գնացել, քանի որ մարմնավորում են թենիսիստուհիների: «Մեր ամբողջ թիմի մոտ սպորտային ոգի էր արթնացել:) Կարևորում ենք նաև սպորտի պրոպագանդան»,- նշեց Հայկը, ով ևս որոշակի պատրաստվածություն է անցել: Ըստ դերասանի՝ թեև կատակերգություն են նկարահանել, չեն անտեսել նաև ֆիլմի ասելիքը. «Անկախ ամեն ինչից ընկերությունը, սերը, բարին հաղթում են մեզ մոտ»:
Ֆիլմը նկարահանվել է Երևանում, Ծաղկաձորում, Դիլիջանում և այլ վայրերում: Հայկի խոսքով՝ այն շատ գեղեցիկ ցույց կտա Հայաստանը: «Սիրո գործակիցը» կցուցադրվի նաև Հայաստանի մարզերի քաղաքներում և գյուղերում, նույնիսկ այն գյուղերում, որտեղ չկան կինոթատրոններ. «Մենք կստեղծենք այդ հնարավորությունը: Կարևորում եմ ցուցադրությունը նաև սահմանամերձ գյուղերում, որտեղ բարեգործական հիմունքներով «Սուպեր մաման» ցուցադրել ենք, այս ֆիլմը ևս ցուցադրելու ենք»:
Անդրադառնալով սպասումներին՝ Հայկը նշեց, որ մրցակցության մեջ են մտել իրենք իրենց հետ: ««Սուպեր մամայով» շատ բարձր նշաձող ենք սահմանել. վերջին 25 տարվա մեջ այն ամենամեծ լսարան ունեցող ֆիլմն է եղել՝ սահմանելով ռեկորդային թիվ՝ 220 հազար այցելու կինոթատրոնում, ավելի քան 5 մլն դիտում «Youtube»-ում, ինչը շատ բարձր ցուցանիշ է ֆիլմի համար: Թվերից բացի, կան հազարավոր մեկնաբանություններ, նամակներ, որոնցով մարդիկ հայտնում են իրենց գոհունակությունը: Այս առումով մենք մեզ մրցակից ենք և պետք է հաղթենք ինքներս մեզ»,- ասաց Հայկն ու հավելեց, որ այս ֆիլմն ավելի մասշտաբային է թե՛ բյուջեի, թե՛ դերասանական կազմի, թե՛ նկարահանման վայրերի առումով:
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի