ՀՀ կրթության և գիտության նախարարության ու նախարար Արմեն Աշոտյանի համար փակ թեմաներ չկան: Այս մասին ՀՀ հանրային խորհրդի անդամների, կրթության ոլորտի մասնագետների հետ հանդիպման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը:
«Հանրակրթության ոլորտում երեք թոփ խնդիրներն են կրթության որակի, մատչելիության, արդյունավետության հետ կապված հարցերը: Սրանք այն երեք կետերն են, որոնց վրա խարսխված է ցանկացած կրթական համակարգ: Կրթությունը պետք է լինի որակյալ, մատչելի և արդյունավետ ցանկացած երկրում»,-Արմենպրես-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը շեշտեց, որ իրենց համար շատ կարևոր է բաց լինել:
«Կրթական համակարգը փոխելն ամեն տեղ արժանանում է դիմադրության: Այն ամենամեծ համակարգն է, և ամեն մի փոփոխություն ազդում է երեխայի վրա: Մյուս կողմից` չխոփոխել չի կարելի, որովհետև տնտեսությունն ու հասարակությունը շատ արագ են զարգանում: Եվ աշխարհում, և մեր երկրում նոր մարտահրավերներ կան: Ինչպիսի՞ն կլինի կրթական համակարգը ապագայում: Այս պատասխանը փնտրում են աշխարհի ինտելեկտուալները: Ամեն մի երկիր իր կարիքին համապատասխան պետք է ձևավորի իր կրթական համակարգը: Այն պետք է լինի ազգային և միջազգային»,-նշեց Արմեն Աշոտյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի պարագայում կրթությունը պետք է խարսխված լինի ազգային բովանդակության և ավանդույթների վրա ու մյուս կողմից` լինի մրցունակ: