Կարևոր իրադարձություններ

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի կնոջ լուսանկարներն ու բանաստեղծությունները

09 Հոկտեմբեր, 2015 12:59
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի կնոջ լուսանկարներն ու բանաստեղծությունները

 

(Բնագիր 7-ից)

Ովքե՞ր են մեռելները
 

Այս ինչ նվագ է. երևի նորեկ են բերել:
Տեսնես ջահել է, թե ծեր ,
Բայց երևի ջահել է, տես ինչ
Շնչակտուր են լալիս…
… Վարդենիներս չորացան,
Գոնե ջրեք, անխիղճներ:
Մոլախոտերն արդեն խանգարում են շնչել,
Շուտով գերեզմանս արտ կդառնա…
… Գիշերը կողքիս գերեզմանից
Լացի ձայն առա, գնացի ձայնի վրա.
Նորեկն էր, որ ցերեկը բերեցին:
Սկզբում վախվխաց, բայց
Հետո ներս թողեց:
Հարցրեցի՝ ինչու է լալիս, ասաց,
Որ շատ էր սիրում կյանքը,
Չէր ուզում մեռնել, որ
Կարոտել է հարազատներին
Ու չի իմանում ինչպես պիտի
Ապրի առանց նրանց:
Ես գրկեցի այդ փոքրիկ աղջկան
Ու մխիթարեցի :
Նա ընդամենը մեկ մրվա մեռել էր,
Դեռ սովոր չէր մեռյալների կյանքին,
Այդ պատճառով էլ զարհուրում էր
Դագաղից, գերեզմանափոսից,
Չէր կարողանում շնչել հողի հոտը:
Ինչ իմանար այդ փոքրիկը ,
Որ մի մր անպայման կսովորեր
Տեղի կյանքին, իսկ մինչ այդ
Ամեն գիշեր լսվում էր նրա
Աղեկտուր լացը, որին տեղացիները
Արդեն սովոր էին :
… Մի մր էլ նրա ծնողները
Հանկարծ հայտնվեցին:
Կեսմր էր, ամառ էր ու տոթ:
Գերեզմանաքարի առջև կանգնել էր
Մայրը ու թաշկինակն աչքերին
Ամուր սեղմած լալիս էր,
Իսկ արցունքների միջից
Խոսում էր աղջկա հետ, պատմում,
Որ երազներին միշտ երևում է
Ու լալով աղաչում, որ
Իրեն տուն տանեն:
Մայրը չէր կարողանում զսպել
Արցունքների շիթերը,
Հանգստացնում էր նրան:
Աղջիկը գերեզմանից
Ձայն էր տալիս մորը,
Բայց զուր, նրա բղավոցները
Նույնիսկ ճանճի բզզոցից էլ ցածր էին
Եվ լսելի չէին մոր համար:
Մայրը ողբում էր աշխարհից,
Աղջիկը՝ մահճից: Երկու աշխարհների միջև
Այնքան մեծ վիհ կա, որ տարանջատում է
Մորը մանկանից: Ցավալի է,
Բայց փաստ, որ երկու աշխարհներն էլ
Գոյություն պիտի ունենան
Մինչև աշխարհի վերջը…

 

Կուբիզմ

Կնոջ անբնակ արգանդից
Եռանկյուն բուրգի տեսքով
Աշխարհն էր կարծես
Դուրս խոյացել ու այդպես
Կնոջ որովայնի վրա մնում էր,
մինչև որ…
Դա երազ էր երազի մեջ,
Դա իրական կյանքն էր
Երազացել ու մի քիչ էլ
Վիկտոր Սադովսկու
Պլակատներից մեկի նման էր,
Բայց եռանկյուն բուրգը
Վերջինիս մոտ տղամարդու
Դեմքի մաշկից էր դուրս խոյացել:
Կինը լուռ էր, բայց բուրգը
Բաբախում էր ու ճչում,
Որովհետև այլևս այս դառը կյանքը
Չէր կարողանում իր մեջ կրել,
Պահել, զսպել, ուտել, ձգձգել…
Ու ինչպես պարադ ալլեում
Թափանցիկ բուրգի մակերեսին
Մերթ լողալով հայտնվում էին
Կախաղաններ, մերթ ճոճարաններ,
Մերթ բժիշկներ ու մերթ
Քաղաքական պարագլուխներ:
Մերթ մանկան ծնունդ
Ու մերթ աղանդներ…
Իսկ այդ կնոջ՝ հակառակի պես
Լուսավոր ու խաղաղ սենյակի
Պատուհանից անընդհատ
Ներս էին ցայտում արեգակի
Կաթիլները ու թրջում
Կնոջ սենյակը ամբողջությամբ:
Ու մոտ երեք ժամ տևողությաՄբ
Վիդեոարտի ցուցադրություն
Հիշեցնող այդ բուրգի
Արարողության ընթացքը
Նկարում էր պահարանին դրված
BETACAM ֆորմատի տեսախցիկը
Իր փակ «մբեկտիվային աչքերով»
Ու կարծես ուզում էր
Մի հետաքրքիր ու արտասովոր
Ռեպորտաժ սարքել ու ներկայացնել
EXCLՄSՎV հաղորդաշարին
ԱՐՄԵՆԻԱ TV-ի եթերում,
Բայց այդ անսպասելի տեսարանին
Ուշադիր հետևելուց չէր հիշել
Ձայնագրող rec կոճակի մասին,
Ու հիմա տրտնջում ու զղջում էր:
Ոչինչ, այդպես էլ է պատահում:
Կինը քնած էր և երբ արթնացավ
Ամեն ինչ անհետացել էր:
Նա վեր կացավ, տրորեց աչքերը,
Հագավ խալաթը
(Երևի որովհետև ցուրտ էր),
Դուրս նայեց պատուհանից
Ու շտապով գնաց դեպի դուռը
(Երևի որովհետև դուռը թակել էին)։




(Բնագիր 9-ից)
Ասք սովետական կարգերի փլուզման մասին

 

Արագավազ ջրեր ու քաղաքի եռուզեռ
Աշխատանքի շտապող առավոտյան ամբոխ.
Այո, ճիշտ եք նկատել, այսօր, ինչպես և միշտ,
Արագության օր է, այսօր, ինչպես և միշտ,
Աշխարհի` այդքան սպասված ու ճիշտ չգուշակված
վերջին օրն է:
Այսօր հայհիդրոմետի տվյալներով
Ճառագայթման օր է, և արևն էլ երևի
Գլխիս է խփել,
Մագնիտոֆոնիս ձայներիզն էլ հնչեցնում է
PINK FLOYD-ի լուսնի մութ կողմերից մեկը:
Իսկ ինձ համար մութ, այսինքն չբացահայտված
մնաց քո պահվածքը մեր վերջին
հանդիպման ժամանակ:
Երևի դու էլ գիտեիր, որ այսօր հենց այն օրն է
Դե, աշխարհի այն վերջին օրը, որի մասին վերևում նշեցի.
Այս ռոքը ինձ տանում է անվերադարձ:
***
Սև թեյի բաժակի հատակին հանկարծ
Ինձ տեսա ու հետո ինձ տեսա
Դրսում, անձրևանոցը ձեռքիս
Վազում էի անձրևից պատսպարվելու,
Հիշում եմ, հագս կաշվե
Ծնկներիս հասնող կիսաշրջազգեստ էր,
Անձրևանոցս էլ էր սև կաշվից,
Ուրեմն, եթե ապահով էի,
Ու՞ր էի փախչում:
Մտքովս այդ վայրկյանին անցավ.
Հետաքրքիր է, ի՞նչ է մտածում
Այն մարդն իմ մասին, ով
Կարդում է իմ` բանաստեղծական
Տողերով գրած արձակը, որի ամեն տողատակից,
Տողատանիքից ու տողավերջից
Ստորակետի, բութի, միջակետի,
Կամ լավագույն դեպքում
Վերջակետի փոխարեն խոնավության
Հոտ է գալիս, իսկական,
Գարնանային խոնավության
Զզվելի հոտ: Ուր ամեն մի
Բառափոխին մի նեխած
Բառի ես հանդիպում ու
Փտանեխագորշահոտ
Բառակապակցության.
Ես զզվում եմ, զզվում եմ
Ինձանից, ուղղակի ինձանից
Խորշում եմ, և իմ կարծիքով
Այն անձրևային օրը
Երբեք էլ չի եղել, իսկ եթե
Լինի էլ, այն կլինի ամենա
Ամենամաքուրը, ամենամաքրողը
Եվ ամենամաքրողը այս
Գարշանեխած ու նավթածխի
Քուլաների վրա կառուցած
Աշխարհում:



(Բնագիր 6)

Բոլորից թաքուն մի տարածություն

 

Այրելը էությունն է կրակի,
Հոսելը էությունն է ջրի,
Ապրելը էությունն է բոլոր կենդանի առարկաների։
Հավիտյան կլինի կրակը,
Հավիտյան կլինի ջուրը,
Հավիտյան կլինի կյանքը,
Իսկ մենք կլինե՞նք։
Չկա մի վայր, ուր կրակ չլինի,
Չկա մի վայր, ուր ջուր չլինի,
Չկա մի վայր, ուր մարդ չլինի,
Ո՛չ, կա‘ իմ մտքի տիեզերքում։
Ես մտքի տիեզերքն եմ,
Ես տարածություն եմ չբնակեցված,
Աղաչո՜ւմ եմ, ինձ մի բնակեցրեք,
Ոչինչ մի տեղավորեք իմ մեջ։
Ոչ անուն, ոչ տարիք, ոչ սեռ,
Ոչ կահույք եւ ոչ էլ ժամանակ,
Ոչ մարդ եւ ոչ էլ երթեւեկության կանոններ։
Ոչինչ իմ մեջ մի տեղավորեք,
Մի՛ բնակեցրեք ինձ։
Ինձ մի կահավորեք։
Իմ մեջ մի լցրեք ո՛չ ջուր, ո՛չ կրակ,
Եվ մի դարձրեք ինձ բաբախող երակ։
Եվ թողեք մնամ ես տարածություն
Մաքուր վիճակում, չարատավորված,
Չբնակեցված։

Ովքեր են մեռելները

Նորից այդ երգն ես երգում‘
Ռադիոյով լսած,
Մրմնջում ես ու նկարում,
Վրձինդ հոգնել է պարապությունից,
Կտավներդ‘ սարդոստայն բռնել։
Հիշողությունդ քեզ դավաճանում է,
Չես կարողանում հիշել տեսածդ բնանկարը,
Ուզում ես կրկնօրինակել,
Լավ է, որ չի ստացվում։
Երբեմն անիծում ես քեզ, որ նկարիչ դարձար,
Պատռում ես կտավներդ դանակով,
Ջղայնանում ես, որ սոված ես, ծարավ.
. Ինչ է նկարիչը հաց չի՞ ուտում։
Վերնիսաժում նկար չես վաճառի,
Տուրիստները չքացել են,
Միայն նրանք էին գնում,
Նրանք էլ չվել են տաք երկրներ։
Ձմեռը վրա հասավ, սովը‘ մյուս կողմից,
Ուշագնաց ես լինում մի կտոր հացի
Բացակայության պատճառով։
Գոնե լավ է երազները փողով չեն,
Եթե փողով էլ են, ապա միայն մեքենայի տեսքով։
Ամեն անգամ երազիդ
«Փարոսի» օգնություն ես ստանում,
Ծանր-ծանր բերում ես տուն,
Բայց արթնանում ես վրադ դրված
Անավարտ կտավի ծանրությունից։
Քո գործն էլ գործ չի, կյանքդ‘ կյանք։
Գիտեմ, մի անգամ փորձել ես ինքնասպան լինել,
Բայց ճիշտ ժամանակին եմ օգնության հասել։
Գոռում էիր վրաս, որ չթողեցի մեռնես,
Հետո փաթաթվեցիր ինձ ու հեկեկացիր։
Ասում էիր, որ սիրում ես ինձ
Ու չես ուզում միայնակ ապրել։
Ես չէի հասկանում կամ չէի հավատում,
Որ կսիրվեի, կգնահատվեի,
Ինձ միայն նվաստացնում էին,
Ինքս էլ չգիտեմ‘ ինչու։
Բայց հիմա կարեւոր չէ ոչինչ,
Հիմա ես էլ չկամ, դու էլ։
Այստեղ լավ է, միայն թե մի քիչ
Նեղվածք է երկուսիս համար,
Բայց կարեւորը‘ էլ դու մենակ չես մնա,
Չես սովածանա ու ինքնասպան չես լինի։
Հիշու՞մ ես մեր թաղումը,
Մարդիկ հարցնում էին, թե ովքեր են մեռելները…
Հիմա մենք ապահով ենք,
Մեկ-մեկ ծաղիկներ են բերում մեզ համար,
Խունկ ծխում, մաքրում են մեր քարը։
Այստեղ ամայի է, եթե չհաշվենք մեզ‘
Ստորերկրյա բնակիչներիս,
Միայն մարդու շունչը
Թաղումների ժամանակ ենք առնում, մեկ էլ ծաղիկ
բերելիս…
Լսեք, պարոն, պարո՛ն, դուք ինձ լսու՞մ եք,
Չէ, չի լսում, վատ է, որ ձայնի
Իրավունքն էլ ենք կորցրել։
Մուտքին մոտ գտնվող հարեւաններս
Պահակից լսել են, թե իբր նախագահ են փոխում,
Ի՞նչ տարբերություն Քոչարյանը կլինի,
Թե Դեմիրճյանը, մեզ համար միեւնույնն է,
Մեզ այստեղ թողել են, գնացել,
Ոչ հոգ են տանում, ոչ գերեզմաններն են մաքրում,
Դեռ մենք նոր ենք, բա հարեւաններս ինչ ասեն։
Է՜, ջղայնանում եմ, մի հիշեցրեք,
Այստեղ էլ բերեցին էլի աշխարհից չպրծա։
Բա էրեխեքը. հոգի են կանչում։
Այն օրն էլ ինձ էին կանչել,
Բախտները բերեց, հոգնած էի, գնացի։
Է՜, բա չես ասում, ես այստեղ աշխատանք էլ ունեմ,
Հա՛, դերասան եմ…
 

 

Լրահոս

Դիտել ավելին