6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր հացադուլ է հայտարարել: Իր դիմումի մեջ Ավետիսյանը խնդրել էր հանդիպում նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հետ:
Օմբուդսմենի տեղակալ Երանուհի Թումանյանցը այցելել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում է, որտեղ պահվում է դատապարտյալը, և առանձնազրույց է ունեցել վերջինիս հետ:
Վոլոդյա Ավետիսյանը մասնավորապես բողոքել է, որ արդեն 2-րդ անգամ անկախ հանձնաժողովն իր վաղաժամկետ ազատման դիմումը մերժում է: Վ. Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ հացադուլի պատճառը ոչ միայն իր, այլև բազմաթիվ ազատազրկվածների վաղաժամկետ ազատման դիմումների մերժումն է:
Տեղեկացնենք, որ այս պահին Վոլոդյա Ավետիսյանը գտնվում է մեկուսարանում և բժշկի հսկողության տակ: Օմբուդսմենի ներկայացուցիչները տեղում ուսումնասիրել են նաև Վ. Ավետիսյանի անձնական գործը և համապատասխան տեղեկություններ են արձանագրել հետագայում ուսումնասիրության համար:
Օմբուդսմենի ներկայացուցիչները հանդիպել են նաև դատապարտյալներ Փայլակ Խանամիրյանին և Հովսեփ Տերտերյանին, ովքեր հայտարարել են, որ պատրաստվում են երկուշաբթի օրվանից հացադուլ սկսել:
Ի դեպ, Փայլակ Խանամիրյանը դիմում է ներկայացրել Օմբուդսմենին բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու և ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վերաբերյալ: