Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 30-ին կկայանա Արտաշես Հովհաննիսյանն ընդդեմ «Ամերիաբանկի» գործով դատաքննության հերթական նիստը:
Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ դատական նիստի ընթացքում մի շարք հարցեր կուղղվեն ԿԲ-ի ներկայացուցչին, որը գործում ներգրավված է որպես երրորդ անձ:
«Պետական մարմինը՝ԿԲ-ն կայացրել է մի վարչական որոշում, որի արդյունքում մեր վստահորդը զրկվել է իր բաժնետոմսերից: Եթե այդ փաստաթուղթն առկա է, որովհետև մինչ այսօր այդ փաստաթղթի գոյության մասին կան միայն բանավոր հայտարարություններ, բայց այն ներկայացված չէ դատարանին, պետք է տրամադրվի: Տալով իր վերահոսկողական դրական դիրքորոշումը, ԿԲ-ն շոշափել է մեր վստահորդի օրինական շահերը և հիմնարար իրավունքներից մեկը՝ սեփականության իրավունքը»,-ասաց փաստաբանը, հավելելով, որ քո իրավունքների վերաբերյալ փաստաթուղթը քեզ չտրամադրելը միջնադարյան ինկվիզիցիոն մոտեցում է:
Փաստաբանի խոսքով, ԿԲ-ն պնդում է, և «Ամերիաբանկն» էլ չի ժխտում, որ ԿԲ-ի դրական վերահսկողական դիրքորոշումը բանկը ստացել է:
«Իսկ ինչպես կարող է բաժնտոմսերի բռնի հետգնողը ստանալ այդ ակտը, իսկ սեփականատերը, ումից դրանք հետ են վերցվում, չստանա: Որտեղ է կողմերի հավասարության սկզբունքը»,-նկատեց Հայկ Հովհաննիսյանը:
Խոսելով «Ամերիաբանկի» և ԿԲ-ի ներկայացուցչի դրսևորած տակտիկայի մասին, փաստաբանը նկատեց, որ նրանց կողմից տրվում են և ընհդհանրական պատասխաններ, ինչը, մի կողմից ձեռնտու է իրեն. «Եթե քո գործն արդար է, դու պետք է պարզ նայես դիմացինի աչքերին և տաս հստակ պատասխաններ»:
Հայկ Հովհաննիսյանի խոսքով, տվյալ դեպքում չտրված պատասխանների բեռը կրում է «Ամերիան»:
«Նրանք արդեն այդ բաժնետոմսերը օրենքի խախտմամբ հետ են գնել, հիմա էլ ծխածածկույթ դատավարություն է տեղի ունենում»,-նկատեց փաստաբանը:
Նշենք, որ այս ընթացքում «Ամերիաբանկից» ոչ մի արձագանք չի եղել, Հայկ Հովհաննիսյանը բազմիցս դիմել բանկին գրավոր. «Ամերիաբանկը» հրաժարվում է տրամադրել բոլոր փաստաթղերը, ընդհուպ մինչև, իրենց ասած, անկախ գնահատողի ակտը, որով այդ անկախ գնահատողը որոշել է մեր վստահորդի բաժնետոմսերի շուկայական արժեքը և իրենք հետ են գնել դրանք»:
Հիշեցնենք, որ Դեռևս 1990-ական թվականներից Արտաշես Հովհաննիսյանը եղել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնեմասերի 5 տոկոսի բաժնետերը: 2008 թվականի մայիսի 19-ին Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ: 2012 թվականի դեկտեմբերի 17-ին «Ամերիաբանկի» բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի ընդունած որոշմամբ` բանկի բաժնետոմսերը կոնսոլիդացվել են (համախմբվել են): Կոնսոլիդացիայի արդյունքում Արտաշես Հովհաննիսյանի 5 տոկոս բաժնետոմսը դարձել է 0.625 և այդ կոտորակյին բաժնետոմսն էլ հետ է գնվել բանկի կողմից: Հայկ Հովհաննիսյանը պնդում է, որ այս գործողությունների ընթացքում մի քանի օրինախախտում է թույլ տրվել, ինչի հետևանքով խախտվել է իր հոր սեփականության իրավունքը:
Նշենք, որ Shabat.am-ը գրավոր հարցում էր ուղարկել «Ամերիաբանկին» և խնդրել մեկնաբանել բանկի և Հովհաննիսյաների միջև եղած խնդիրը, սակայն 30 օր շարունակ չէինք ստացել ոչ մի պատասխան : Ասյօր ևս մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, երկարատև փորձերից հետո ի վերջո բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատուն պատասխանեց հետևյալ կերպ,- «մենք չենք մեկնաբանում և ավելացնելու ոչինչ չունենք»: