Հայաստանում ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:
«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաև ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարի խոսքով` կատարված հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել կարևոր կրթական հիմնախնդիրներ և միաժամանակ հասկանալ այսօրվա ու վաղվա քաղաքացիական զարգացումները:
Արմեն Աշոտյանը նշեց, որ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից կոռուպցիան մատնանշել է հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսը, մինչդեռ այդ մասին մամուլում ավելի շատ է խոսվում:
«Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից քիչ է կարևորվել՝ ընդամենը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Մեզ մոտ ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ: Մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ հույսերը դրվում են պետության հետ: Հետաքրքիր է նաև ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող տվյալը: Մամուլը սովոր է գրել, որ ուսանողությունը կուսակցականացված է, քաղաքականÕ �ցված: Կուսակցական կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից»,-շեշտեց նախարարը:
Արմեն Աշոտյանի խոսքով` քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը:
«ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ՀՀ ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության, ինչպես նաև տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ ուսանողների դիրքորոշման վերաբերյալ: Երևանի ուսանողության կարծիքով` Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրն է գործազրկությունը (նշել են 25.3%-ը), որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):
Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքն, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ համաձայն են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը համաձայն են այն կարծիքին, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է: Երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն: