Կարևոր իրադարձություններ

Հայկական ձեռագրերի արծաթե կազմերը և մանրանկարչությունը յուրահատուկ են և անծանոթ Եվրոպային. Գերմանացի վերականգնող

27 Հոկտեմբեր, 2015 20:05
Հայկական ձեռագրերի արծաթե կազմերը և մանրանկարչությունը յուրահատուկ են և անծանոթ Եվրոպային. Գերմանացի վերականգնող

Գերմանացի մասնագետներ Ռոբերտ Շտեհլեի և Մարգրեթ Յաշկեի շնորհիվ նոր կյանք են ստացել Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում պահվող ավելի քան 220 մետաղակազմ ձեռագրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարգրեթ Յաշկեն լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար կարևոր էր լինել Հայաստանում և վերականգնել հայկական ձեռագրերի արծաթե կազմերը:

Գերմանացի մասնագետի խոսքով` աշխարհի որևէ այլ երկրում նմանատիպ կազմեր չեն հանդիպել և, առհասարակ, հայկական ձեռագրերը շատ տարբեր են. հայկական մանրանկարչությունը յուրահատուկ է և անծանոթ Եվրոպային:

Մարգրեթ Յաշկեն նշեց, որ 100-րդ ձեռագրի կազմի վերականգնումից հետո հրապարակվել է գերմաներեն ձեռնարկ, որում մանրամասն նկարագվել են կազմերը և դրանց վերականգնման մեթոդաբանությունը: Շուրջ 15 տարի շարունակ աշխատելով Մատենադարանում` Մատենադարանի վերականգնման բաժում Յաշկեն ձևավորել է արծաթե կազմերի վերականգնման բաժին և դպրոց: «Շատ կարևոր է, որ մեր իմացածը կարող ենք փոխանցել երիտասարդ սերնդին»,- ասաց նա:

«Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովի գերմանացի վերականգնողները ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից պարգևատրվեցին մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»՝ Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերն անհատույց նորոգելու, մեծարժեք ձեռագրերի միջազգայնացման գործում ունեցած մեծ ավանդի, հայ մշակույթին մատուցած նշանակելի ծառայությունների համար:

Հին ձեռագրերի կազմերի վրա գերմանացի մասնագետները սկսել են աշխատել 2001 թվականից` համագործակցելով Մատենադարանի վերականգման բաժնի աշխատակիցների հետ: Վերականգման ենթակա կազմերը լուսանկարվել և չափագրվել են Հայաստանում, ապա ուղարկվել Գերմանիա, որտեղ էլ պատրաստվել են առանձին մասերը: 83-ամյա արվեստաբան Ռոբերտ Շթեհլեն, ով տարիքի պատճառով չէր կարողացել մասնակցել գիտաժողովին, ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ որոշ կազմեր ունեն հատուկ` տիպիկ հայկական ձեռագրերի կազմերին բնորոշ փականներ: «Այդ դեպքում բացակայող մասերը մենք պատրաստել ենք պահպանված բնօրինակների հիման վրա: Կազմերի պատրաստման եղանակների և ժամանակաշրջանի մասին որոշ տեղեկություններն էլ պահապանվել են ձեռագրերում»,- ասել էր նա:

 

Լրահոս

Դիտել ավելին