Սիրիայի հյուսիսում նոր նահանգ ստեղծելու մասին քրդերի հայտարարությունը սպառնալիք է Թուրքիայի համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով, որ Անկարան այդ քայլն ընկալում է որպես սեփական անվտանգությանն ուղղված սպառնալիք:
«Սիրիական Թել-Աբյադ քաղաքում իրավիճակը, որտեղ քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը հայտարարել է ինքնավարության հիմունքներով կազմավորման մասին, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար», -ասել է Էրդողանը: Նրա խոսքով` «բոլորը պետք է գիտակցեն, որ Անկարան այդ հայտարարությանը կարձագանքի այնպես, ինչպես դա անհրաժեշտ է»:
Անցյալ շաբաթ սիրիացի քրդերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից հետ են գրավել Թել-Աբյադ քաղաքը եւ հայտարարել, որ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանում քրդական ինքնապաշտպանական ջոկատների հսկողության տակ քրդական նոր նահանգ է ստեղծվում:
Ներկայում Սիրիայում գործում է 16 սիրիական քրդական կուսակցություններից կազմված Քրդական ազգային խորհուրդ, որը ստեղծվել է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի աջակցությամբ: Կազմակերպության ղեկավարը Աբդուլ Հաքիմ Բաշարն է: Քրդական ազգային խորհուրդը ցանկանում է Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծել:
Սիրիայում գործում է նաեւ 2003 թվականին ստեղծված եւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) hետ սերտ կապեր ունեցող քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը, որը նույնպես լիիրավ քրդական ինքնավարություն ստեղծելու կողմնակից է: