Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիաների (YMCA) Եվրոպական Ալյանսի ներկայացուցիչները, կազմակերպության «Հաշտեցման արմատներ» ծրագրի աշխատակազմն ու մասնակիցները, YMCA Հայաստան, YMCA Արցախ և YMCA Վրաստան կազմակերպությունների ներկայացուցիչները և կամավորները կիրակի օրը այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և վերհիշելու այն բազմաթիվ մարդկանց և կազմակերպություններին, որոնք այդ դժնդակ օրերին օգնեցին հսկայական թվով քրիստոնյաների` փրկվել Օսմանյան Կայսրությունում ծրագրված եղեռնից: YMCA շարժումն այդ դաժան օրերին` 100 տարի առաջ, հայերի կողքին էր: Կազմակերպության ներկայացուցիչները՝ ի դեմս YMCA Եվրոպական Ալյանսի գործադիր աշխատակազմի՝ գործադիր քարտուղար Խուան Սիմոես Իգլեսիասի ղեկավարությաբ, գործադիր քարտուղար Վարդան Համբարձումյանի, YMCA Հայաստանի գործադիր տնօրեն Հայկ Խաչատրյանի, YMCA Արցախի նախագահ Դավիթ Մելքումյանի, YMCA Վրաստանի նախագահ Գիորգի Չաչխունաշվիլիի և գործադիր տնօրեն Գելա Չիխրաձեի և այլոց, եղևնի տնկեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշատակի ծառուղում: «YMCA-ը մեկն է այն միջազգային կազմակերպություններից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մենք այսօր ներկայացնում ենք YMCA շարժումն ամբողջ աշխարհում և տնկում ենք այս եղևնին, որը կյանքի, վերապրման և հույսի խորհրդանիշ է», - նշեց YMCA եվրոպական ալյանսի գործադիր քարտուղար Վարդան Համբարձումյանը: YMCA-ը միջազգային երիտասարդական շարժում է, որը ներկայացված է 125 երկրներում և աշխատում է շուրջ 57 միլիոն շահառուների հետ: YMCA-ը դաշնային կազմակերպություն է` բաղկացած տեղական և ազգային կազմակերպություններից կամավորական ասոցիացիաներից: Առաջին հայկական YMCA խմբերը գործել են Օսմանյան կայսրության տարածքում, հատկապես արևմտյան մասում՝ Կոստանդնուպոլսում, Ադանայում, Վանում և Ադաբազարում: Դժբախտաբար բոլոր այս ԵՄՔԱ-ները Թուրքիայում գործող շատ ուրիշ հայկական կազմակերպությունների հետ միասին 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից հետո փակվեցին: Ներկայումս YMCA Հայաստանն ունի 5 անդամ-կազմակերպություն և մեկ սիրիահայ նախաձեռնող խումբ, որոնք գործում են Հայաստանի տարբեր համայնքներում և առաջարկում են երեխաների և երիտասարդների զարգացման և փոխանակման, քաղաքացիական ներգրավվածության, ճամբարային և գյուղական վայրերի զարգացման ծրագրեր: