Կարևոր իրադարձություններ

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Կիևի Պեչորյան վանքի ուխտավորներին

26 Հոկտեմբեր, 2015 13:30
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Կիևի Պեչորյան վանքի ուխտավորներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոկտեմբերի 25-ին հյուրընկալել է Կիևի (Ուկրաինա) Պեչորյան վանքի ուխտավորներին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, իր գնահատանքի և օրհնության խոսքը բերելով նրանց, գ ոհունակություն է հայտնել, որ Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու բարեպաշտ զավակներն ուխտավորաբար այցելել են Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նորին Սրբությունը ներկայացրել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մոսկվայի Պատրիարքության միջև ձևավորված եղբայրական հարաբերությունները և առկա սերտ գործակցությունը:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Հայ եկեղեցու կյանքում վանականության ունեցած մեծ դերակատարությանը, ներկայիս հոգևոր կյանքին և Հայ Եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելությանը:

Վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսն աղոթք է բարձրացրել առ Աստված, որպեսզի Տիրոջ ողորմությամբ Ուկրաինայի ժողովուրդը հավատքով և աղոթական ոգով կարողանա դիմագրավել իր առջև ծառացած բոլոր դժվարությունները, և խաղաղության, սիրո ու եղբայրության ոգին մշտապես առաջնորդող լինի վերջինիս կյանքում:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին