Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար. Պան Գի Մուն

25 Հոկտեմբեր, 2015 19:38
ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար. Պան Գի Մուն

Միավորված ազգերի օրվա կապակցությամբ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել: «Արմենպրես»-ը ներկայացնում է ուղերձն ամբողջությամբ: «Ազգային դրոշները հպարտության ու հայրենասիրության խորհրդանիշ են աշխարհի ցանկացած երկրում: Սակայն միայն մեկ դրոշ կա, որ պատկանում է բոլորիս: Միավորված ազգերի կազմակերպության կ ապույտ դրոշը հույսի փարոս էր ինձ համար, երբ հասակ էի առնում պատերազմական Կորեայում: Իր հիմնադրումից յոթ տասնամյակ անց էլ ՄԱԿ-ը շարունակում է փարոս լինել ողջ մարդկության համար: Ամեն օր Միավորված ազգերի կազմակերպությունը կերակրում է քաղցածներին ու ապաստան տրամադրում իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց: ՄԱԿ-ը պատվաստում է երեխաներին, որոնք այլապես կարող են մահանալ կանխարգելելի հիվանդություններից: ՄԱԿ-ը պաշտպանում է բոլոր մարդկանց իրավունքները՝ անկախ ռասայական, կրոնական, ազգային, գենդերային կամ սեռական պատկանելությունից: Մեր խաղաղապահները հակամարտության առաջին գծում են, պատերազմող կողմերը մեր միջնորդների ջանքերով նստում են խաղաղ բանակցությունների սեղանի շուրջը, մարդասիրական ոլորտի մեր աշխատակիցները արիաբար գործում են վտանգավոր պայմաններում, որպեսզի տրամադրեն կենսական անհրաժեշտության օգնություն:

ՄԱԿ-ն աշխատում է յոթ միլիարդ մարդուց բաղկացած մարդկային ողջ ընտանիքի համար և հոգ տանում մեր միակ ու անկրկնելի տան՝ Երկիր մոլորակի համար: Եվ ՄԱԿ-ի բազմազան ու տաղանդավոր աշխատակազմն է, որ օգնում է կյանքի կոչել ՄԱԿ-ի կանոնադրությունը: ՄԱԿ-ի 70-րդ տարեդարձը նրանց անձնվիրությունը գնահատելու պահն է, ինչպես նաև առիթ՝ հարգանքի տուրք մատուցելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց պարտականությունները կատարելիս զոհել են առավելագույնը՝ իրենց կյանքը: Աշխարհը կանգնած է բազում ճգնաժամերին հանդիման, իսկ միջազգային հավաքական գործողության սահմանները ցավալիորեն հստակ են: Եվ այնուամենայնիվ, ոչ մի երկիր կամ կազմակերպություն ի զորու չէ միայնակ դիմակայել մերօրյա մարտահրավերներին: Մենք պետք է շարունակենք առաջնորդվել ՄԱԿ-ի կանոնադրության հավերժական արժեքներով: Մեր ընդհանուր պարտքն է՝ «միավորել մեր ուժերն» ու ծառայել «մեզ՝ ՄԱԿ-ի ժողովուրդներին»:

Այս տարեդարձը նշելու նպատակով ամբողջ աշխարհում բազում շենքեր ու հուշարձաններ են լուսավորվում ՄԱԿ-ի դրոշի կապույտով: Եվ մինչ լույս ենք սփռում այս դարակազմիկ տարեդարձին՝ եկեք վերահաստատե՛նք ավելի լավ ու ավելի պայծառ ապագա ստեղծելու մեր հանձնառությունը»:

Միավորված Ազգերի Կազմակերպությունը կամ ՄԱԿ-ը Միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների միջև համագործակցության զարգացման նպատակով։ Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ «Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել է 1942թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացիալ Ազգերի հռչակագրում։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան-Ֆրանցիսկոյի կոնֆերանսում: Կանո նադրության ուժի մեջ մտնելու օրը` հոկտեմբերի 24-ը, նշվում է որպես Միացիա Ազգերի Կազմակերպության օր:

 

Լրահոս

Դիտել ավելին