Արգենտինայում համընդհանուր նախագահական ընտրություններ տեղի կունենան: Պետության նախագահի պաշտոնին հավակնում են 6 թեկնածուներ: Գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները պաշտոնավարման երրորդ ժամկետի համար չի կարող առաջադրվել: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Հիմնական ընտրապայքարը կծավալվի երեք թեկնածուների միջև` Դանիել Սցիոլին իշխող «Ճակատ հաղթանակի համար» կուսակցությունից, Մաուրիսո Մակրին ընդդիմադիր պահպանողական «Հանրապետական առաջարկություն» կուսակցությունից և ընդդիմադիր կենտրոնաձիգ «Թարմացման ճակատ» կուսակցությունից Սերխիո Մասոյը:
Տվյալ պահին կարևոր է երկրորդ փուլի հարցը: Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 45 տոկոսից ավելին կամ 40 տոկոսով` պայմանով, որ իրեն ամենամոտը գտնվող հակառակորդին շրջանցում է ձայների առնվազն 10 տոկոսով:
Վերջին հարցումները ցույց են տվել, որ Մակրիի օգտին կքվեարկեն 30 տոկոսը, իսկ Սցիոլիին` 40: