Նախօրեին ոստիկանության կողմից «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի վրա հարձակում գործած անձը՝ Բակուր Փայտյանը, Ղազարյանին ծանոթ չէ, ոչ էլ նրա անուն-ազգանունն է որևէ բան հուշում Ղազարյանին։
Վերջինիս ու հարձակում գործած քաղաքացու միջև դեռևս առերեսում տեղի չի ունեցել, որպեսզի Ղազարյանը հասկանա՝ նույն անձի մասի՞ն է խոսքը, թե՞ ոչ։ Սակայն Սամսոն Ղազարյանի վրա հարձակման գործը ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, և վաղը կամ մյուս օրը Ղազարյանը կկանչվի հարցաքննության։
«Ես հեռուստացույցով լսեցի այդ անձնավորության անուն-ազգանունը, բայց նկար ցույց չտվեցին, որ տեսնեի՝ ով է նա։ Բայց միայն անուն-ազգանունը ինձ ոչինչ չասաց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ հավելելով. «Ժամանակը ցույց կտա՝ ինչ կպարզվի, բայց դեռ լիքը հարցեր կան, որոնք ինձ համար պետք է պարզվեն, և քննությունը պետք է տա այդ հարցերի պատասխանը»։
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Ղազարյանն ասաց, որ դեռ գոհ է՝ օպերատիվորեն հայտնաբերեցին իր վրա հարձակվողին, բայց գործի քննության հետագա ընթացքը ցույց կտա, թե որքանով է ոստիկանությունը շահագրգռված բացահայտելու գործը։
Այնուամենայնիվ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամի մտքում շրջանառվող վարկածներից ամենադոմինանտը տաքսի վարելու՝ իր գործունեության հետ է կապված։ Հայտնի է, որ քաղաքում տաքսիների կայանման հատուկ տեղեր կան, կոնկրետ տաքսիներ կանգնում են կոնկրետ վայրում և օրվա կամ ամսվա կտրվածքով որոշակի գումար են մուծում այդ տարածքը կոնկրետ «նայող» մարդու։ Ղազարյանը ևս հակված է այս տարբերակին, քանի որ իր վրա հարձակված մարդը հայտարարել է, որ այդ տարածքից մարդ են տարել, և ինքը ուզում է իմանալ, թե Ղազարյանի մեքենան ինչ տաքսի է։
Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանի վրա հարձակման դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 21-ին։ Ղազարյանը իր տաքսի ավտոմեքենայի մեջ նախաճաշելիս էր եղել, երբ ինչ-որ մեկը սև «Գազ 24» մակնիշի 062 ԼԼ 10 պետհամարանիշով ավտոմեքենայից իջել և մոտեցել էր նրան, վիճաբանության մեջ մտել Ղազարյանի հետ ու սկսել մեքենայի իջեցված ապակուց հարվածներ հասցնել Ղազարյանին, սպառնացել «կտրել Ղազարյանի վիզը» և հեռացել։ Ոստիկանությունը դեպքից կարճ ժամանակ անց հայտնաբերեց այդ անձնավորությանը։
Բակուր Փայտյանը Նորաշեն գյուղի բնակիչ է, սակայն բնակվում է Երևանում՝ Ավան-Առինջ թաղամասում։