Կարևոր իրադարձություններ

Ձեռագրի գաղտնիքները

24 Հոկտեմբեր, 2015 23:55
Ձեռագրի գաղտնիքները

Մարդու բնավորությունը, ընդունակություններն ու հոգեվիճակը ձեռագրից հասկանալն առաջին հայացքից կարող է առեղծվածային ու անհասկանալի թվալ: Սակայն դա լուրջ գիտություն է և կոչվում է գրաֆոլոգիա: Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ ձեռագիրը կազմող ձեռքի ավտոմատ շարժումները կառավարվում են ուղեղի կողմից և արտացոլում են դրանում ընթացող հոգեբանական պրոցեսները: Երբ մարդը գրում է, նա չի մտածում, թե ինչպես է դա անում (եթե, իհարկե, չի փորձում մտածված ձևով փոխել ձեռագիրը): Նա մտածում է այն մասին, թե ինչ է գրում: Ենթագիտակցությունը կառավարում է այդ պրոցեսը: Ահա և ստացվում է, որ ամեն մի տառն իր վրա է կրում գրողի անհատականության կնիքը: Դեռևս հին ժամանակներից ուշադրություն են դարձրել ձեռագրին: Մեզ են հասել Ներոն կայսեր խոսքերը. "Ես վախենում եմ այս մարդուց: Նրա ձեռագիրը ցույց է տալիս, որ դավաճանելու հատկություն ունի": Այս խնդրին վերաբերող առաջին գիրքը հրատարակվել է 1630 թ.: Իսկ 200 տարի անց ֆրանսիացի աբբա Ֆլանդրենը ստեղծել է ձեռագրերի ժամանակակից վերլուծության հիմքում ընկած կանոնները և հենց ինքն էլ տվել է նոր գիտության անունը` գրաֆոլոգիա: Այսօր այն օգտագործում են տարբեր բնագավառներում` բժշկության, հոգեբանության, բիզնեսի և, իհարկե, քրեագիտության մեջ:

Եվ այսպես, դիտարկենք ձեռագրի մի քանի օրինակներ:

  • Իրար կպած տառերով գրող մարդիկ սովորաբար անկեղծ են, նախաձեռնող, կարողանում են քննադատել, նրանց մոտ գերակշռում է տրամաբանական մտածողությունը:
  • Տառերն առանձին գրող մարդիկ ունեն պատկերավոր մտածողություն, լավ զարգացած ինտուիցիա և հարուստ ներաշխարհ:
  • Ուղիղ տողերը վկայում են այն մասին, որ մարդը հանգիստ է, կշռադատող և սեփական հնարավորությունները ռեալ գնահատող:
  • Լավատես և զվարճասեր մարդու մոտ տողերը վերջում բարձրանում են վերև: Այդպիսի մարդիկ բարձր ինքնագնահատական ունեն և շուտ հարամարվող են:
  • Զգույշ և թերահավատ մարդկանց մոտ տողերը վերջում իջնում են ներքև: Ընդ որում, եթե բառամիջյան հեռավորությունը և տառերը փոքր են, ապա մարդը հաշվենկատ է, ժլատ և չի սիրում իր վրա ուշադրություն հրավիրել:
  • Զգայուն և ռոմանտիկ մարդիկ գրում են գրիչը թղթին թեթև սեղմելով: Գրիչը թղթին ուժեղ են սեղմում վճռական, նպատակասլաց, եռանդուն շփվող մարդիկ:
  • Մի թեթև աջ թեքված ձեռագիր ունեն ընկերասեր, ջերմ մարդիկ: Նրանք կարողանում են վերահսկել իրենց զգացմունքները և անկեղծ են շփման մեջ:
  • Խիստ դեպի աջ թեքված ձեռագիր ունեցողները սիրում են ցույց տալ իրենց զգացմունքները: Ծայրահեղությունների սիրահար են, եթե սիրահարվում են` մինչև ականջների ծայրը, եթե չեն սիրում` կարող են լցվել խորն ատելությամբ: Նպատակասլաց և համառ են:
  • Խիստ ձախ թեքված ձեռագիր ունեն այն մարդիկ, ովքեր ապրում են "կա երկու տեսակետ՝ սխալ և իմը" սկզբունքով:
  • Թեթև ձախ թեքված տառերով գրում են այն մարդիկ, ովքեր իրենց շահերը վեր են դասում ամեն ինչից և սիրում են քննադատել:
  • "Մանկական" ձեռագրով գրող մարդիկ շատ անմիջական են:
  • Ճշտապահ, մանրակրկիտ, կարգապահ մարդկանց ձեռագիրը ոչ միայն մանր է, այլև գեղեցիկ ու գեղագրական: Սակայն այդպիսի ձեռագիր ունեցողները կարող են լինել նաև հիշաչար ու նախանձ: Նրանք շատ պահանջկոտ են մոտիկ մարդկանց նկատմամբ, հաճախ են "սղոցում" նրանց և միշտ ամեն ինչից դժգոհ են:
  • Խոշոր տառերով գրողները բաց են, զգացմունքային, հեշտ են ծանոթանում նոր մարդկանց հետ, կոլեկտիվում, որպես կանոն, լիդեր են:
  • Առանց թեքության ձեռագիրը բնորոշ է համառ, հեռատես մարդկանց, որոնք սկզբում վերլուծում են իրավիճակը և միայն դրանից հետո որոշում ընդունում:

 

Աղբյուրը՝ Barometer.am

 

Լրահոս

Դիտել ավելին