Ինդոնեզիայի Բալի կղզում հաջորդ շաբաթ մեկնարկելիք Գրականության միջազգային փառատոնը կարող է չեղյալ համարվել, եթե փառատոնի կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները չգան ընդհանուր հայտարարի: Ինչպես հաղորդում է BBC-ն, փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ առանձին ծրագրով քննարկվելու է Ինդոնեզիայում 1965-66թթ կոմունիստների զանգվածային սպանության հարցը, ինչին դեմ են արտահայտվել երկրի իշխանությունները` զգուշացնելով, որ եթե կազմակերպիչները ծրագրում փոփոխություն չկատարեն, իրենք կխոչընդոտեն փառատոնի անցկացմանը:
1965թ. երկրում կումունիստական կուսակցության չհաջողված հեղափոխությունից հետո իսլամականներն ու երկրի զինված ուժերը զանգվածաբար սպանել են ավելի քան 500 հազար կոմունիստների եւ նրանց համակիրների: Սպանությունների մեծ մասը տեղի է ունեցել Յավու եւ Բալի կղզիներում: