Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը (լուսանկարներ)

24 Հոկտեմբեր, 2015 14:01
Վարչապետը ներկա է գտնվել Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը (լուսանկարներ)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում ներկա է գտնվել «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Կրթություն, վերապատրաստում և հանրահռչակում» անվանակարգում մրցանակի է արժանացել «Մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագիրը: Այն հանձնել է «Եվրոպա Նոստրա» մշակութային ժառանգության կազմակերպությունների եվրոպական դաշնության փոխնախագահ Իրինա Սուբոտիչը: 

Ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի հիման վրա: Ծրագրի համակարգողը եղել է Միլանի պոլիտեխնիկի դասախոս, ճարտարապետ Գայանե Կազնատին: 

«Իր ելույթում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կարևորել է Հայաստանին «Եվրոպա Նոստրա» մրցանակի հանձնումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում մշակութային ժառանգության պահպանության հարցը: Նախարարը նշել է, որ կառավարությունը միջոցներ չի խնայում պատմամշակութային արժեքների պահպանման, վերականգնման ու տարածման, ինչպես նաև հնագիտական պեղումների իրականացման համար:
Մրցանակաբաշխության «Պահպանություն» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել նաև Դիարբեքիրի Սբ. Կիրակոս հայկական եկեղեցին, իսկ «Հանրության ընտրություն» անվանակարգում երկրորդ և երրորդ պատվավոր տեղերին՝ համապատասխանաբար Դիարբեքիրի Սբ. Կիրակոս և Նիկոզիայի հայկական եկեղեցիները: 

«Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը քաղաքացիական հասարակության կոչն է` պահպանելու և խթանելու Եվրոպայի մշակութային ժառանգությունը: Այն հիմնադրվել է 1963 թ. և համարվում է Եվրոպայում ոլորտի ամենաներկայացուցչական ցանցը: Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2012 թվականից: Ընդհանուր առմամբ «Եվրոպա Նոստրան» ընդգրկում է 42 երկիր»,-ասվում է հաղորդագրությունում:


 

 

Լրահոս

Դիտել ավելին