Կարևոր իրադարձություններ

МГИМО-ի ռեկտոր Անատոլի Տորկունովին հանձնվեց ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտորի դիպլոմ

24 Հոկտեմբեր, 2015 13:56
МГИМО-ի ռեկտոր Անատոլի Տորկունովին հանձնվեց ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտորի դիպլոմ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ռեկտոր Անատոլի Տորկունովին ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողությունը: ՀՀ ԳԱԱ-ն այս կոչումը Անատոլի Տորկունովին շնորհեց Հայաստանի դիվանագիտական կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ներդրման համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ-ի նախագահը նշեց, որ МГИМО-ն տվել է ավելի քան 100 հայ շրջանավարտ, ովքեր աշխատում են տարբեր դիվանագիտական պաշտոններում: Նա նաև կարևորեց МГИМО-ի դերը Երևանի պետական համալսարանում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ստեղծման և զարգացման գործում: Ի հիշատակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա այցելության ՀՀ ԳԱԱ նախագահը Անատոլի Տորկունովին նվիրեց հայերեն առաջին տպագիր գրքի` «Ուրբաթագրքի» կրկնօրինակը: «Ուրբաթագիրքը» լույս է տեսել Վենետիկում 1512թ-ին: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արմատները գալիս են հնագույն ժամանակներից: Նա հիշեցրեց, որ Հայաստանում են թարգմանվել Էվկլիդի մաթեմատիկայի 15 հատորները, որից մնացել է մեկ հատորը` «Երկրաչափություն»-ը, որը պահվում է Մատենադարանում: Անատոլի Տորկունովը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ-ին: Նա մասնավորապես ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է ստանալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում»: Նա նշեց, որ МГИМО-ի մի մասը կազմում է Լազարևի ինստիուտը, որի հիմքի վրա ստեղծվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը: МГИМО-ի գրադարանում պահվում է Լազարևի գրադարանի 4400 գիրք: Նա ասաց, որ համագործակցության ավանդույթը շարունակվում է, և որ ներկայումս МГИМО-ում սովորում են հայ ուսանողներ և գործում է МГИМО-ի հայկական ակումբ: Անատոլի Տորկունովը ծնվել է 1950 թ-ին` Մոսկվայում: 1972 թ-ին ավարտել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը: 1979 թ-ին Տորկունովը ստացել է դոցենտի աստիճան, 1991թ-ին ` պրոֆեսորի աստիճան, 1995թ-ին ստացել է քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան: 2003թ-ին ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) թղթակից անդամ, իսկ 2008թ-ին ընտրվել է ՌԳԱ-ի ակադեմիկոս: Անատոլի Տորկունովը 1983թ. եղել է Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի դեսպանատան երկրորդ քարտուղարը, 1986թ.` առաջին քարտուղարը: 1992թ-ին կոլեկտիվի ընդհանուր ժողովում ընտրվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ռեկտոր եւ վերընտրվել է 1997, 2002, 2007, 2012 թվականներին: 2015թ-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց Անատոլի Տորկունովին Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պաշտոնում: 1993թ-ի Անատոլի Տորկունովը ստացել է արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում: 1994թ-ից միջազգային հարաբերությունների ոլորտում Ռուսաստանի Դաշնության ԲՈՒՀ-երի ուսումնամեթոդական միավորման նախագահն է: 1997թ-ից Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Կոլեգիայի անդամ է:1999թ-ից նախագահում էՄիջազգային հետազոտությունների ռուսական ասոցիացիան: 2006թ.-ից դարձել է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գիտության, տեխնոլոգիաների և կրթության խորհրդի նախագահության անդամ: 2007թ-ից բարդ հարցերի գծով ռուս-լեհական խմբի համանախագահն է: 2008թ-ից Անատոլի Տորկունովը «Вестник МГИМО-Университета» գիտական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գլոբալ խնդիրների և միջազգային հարաբերությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալն է 2010թ.-ի հոկտեմբերից: Անատոլի Տորկունովը ՄԱԿ-ին աջակցող ռուսական ասոցիացիայի նախագահն է, անդամակցում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդին կից գիտական, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակական խորհուրդներին: Նա մի շարք արտասահմանյան համալսարանների պատվավոր դոկտոր է: Մի շարք ամսագրերի խմբագրական կոլեգիայի և ամսագրերի խորհրդի անդամ է, այդ թվում «Համաշխարհային տնտեսություն և միջազգային հարաբերություններ», «Միջազգային կյանք», «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ», «Իրավունք և կառավարում, XXI դար», «Միջազգային իրավունքի Մոսկովյան ամսագիր»: Պարգևատրվել է բարեկամության շքանշանով, փառքի շքանշանով, հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար երրորդ և չորրորդ աստիճանների, Սերգեյ Ռադոժենսկու երկրորդ և երրորդ աստիճանի շքանշաններով, ունի Ֆրանսիայի, Լեհաստանի, Կորեայի Հանրապետության, Մոնղոլիայի, Բուլղարիայի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի պետական պարգևներ:

 

Լրահոս

Դիտել ավելին