Կարևոր իրադարձություններ

«Բոլոր իշխանագողերը մտահոգ են». Փոստանջյանը Քոչարյանի հարցազրույցի մասին

08 Հոկտեմբեր, 2015 13:37
«Բոլոր իշխանագողերը մտահոգ են». Փոստանջյանը Քոչարյանի հարցազրույցի մասին

Shabat.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը

-Տկն. Փոստանջյան Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, խոսեց արատավոր համակարգի վերարտադրման մասին, դրան հաջորդեց ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանավի արձագանքը, ինչին ի պատասխան էլ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը իր հերթին նշեց, որ Շարմազանովը ճիշտ չի ըմբռնել: Ըստ Ձեզ ՀՀԿ-ում խնդիր կա Քոչարյանի բառերը ճիշտ չըմբռնելու հարցում, թե՞ Քոչարյանը ճիշտ դիտակետին էր խփել պարզապես:

-Ես չեմ փորձելու մեկնաբանել «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներին և Ռոբերտ Քոչարյանի ու նրա գրասենյակի ղեկավարի հայտարարությունները, որովհետև դրանք բացարձակն ինձ չեն հուզում: Ես գիտեմ, որ ՀՀ-ում և աշխարհում, մեր հարևան երկրներում տեղի են ունենում քաղաքական իրադարձություններ և մենք այս և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական իրադարձությունների մեջ չպետք է նորից գնանք այսպիսի անձանց հայտարարությունների հետևից: Դրանք ուղղակի ապարդյուն են և մեզանից ժամանակ են խլելու: Մենք այս մարդկանց մերժում ենք՝ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ «Հանրապետական» կուսակցությանը, և՛ Սերժ Սարգսյանին: Նրանք անելիք չունեն մեր ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ: Նրանց տեղը ոչ թե քաղաքականությունն է, այլ բանտախուցը, հետևաբար այս տիրույթում է իմ մեկնաբանությունը և գնահատականը:

- Տեսակետ կա, որ այս կերպ Ռոբերտ Քոչարյանը փորձում է նոր թիմ հավաքել և ազդակ տալ, որ վերադառնում է քաղաքականություն: Ըստ Ձեզ, սա որքանո՞վ է իրատեսական:

-Նախ ասեմ, որ իշխանագողության հետևանքով այսօր նաև ՀՀ-ում իշխանագողի քաղաքականություն են իրականացնում և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը: Դա միանշանակ է: Այսօր Սերժ Սարգսյանը պաշտոնավարում է, որովհետև նրան այդ հնարավարությունը,օգնությունը ցուցաբերել է հենց Ռոբերտ Քոչարյանը: Հետևաբար, խոսել, որ այս մարդը նոր փորձում է վերադառնալ կամ թիմ հավաքել, ճիշտ չէ, քանի որ ինքը կա քաղաքականության մեջ, ինքը ունի իհարկե նաև լծակներ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Եվ այստեղ մենք միամիտ չենք, այս ամենի մասին մենք տեղեկացված ենք: Մենք հասկանում ենք նաև, որ կա որոշ չափով խնդիր, որովհետև իր կողմից այսպիսի հայտարարության պատճառները մեկը չեն, մի քանիսն են և այստեղ մենք շատ զգոն ենք:

-Դուք կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ Քոչարյանը մտահոգված է, որովհետև սրանից բացի այլևս չի ունենալու հնարավորություն վերադառնալու համար:

-Բոլոր իշխանագողերը մտահոգ են: Իհարկե մտահոգ է, որովհետև բոլորը այսօր, այս պահին ցանկանում են նորից մասնակցել հայ ժողովրդի քվեի կողոպտմանը: Այս մարդիկ չեն պատժվել ժամանակին և այսպիսի հասկացություն կա քրեական իրավունքում՝ «ռեցիդիվ»՝այսինքն այստեղ մենք «ռեցիդիվ»-ի հետ գործ ունենք: Եվ այս հայտարարությունները դրա վառ ապացույցն են:

 

Լրահոս

Դիտել ավելին