Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    482

  • EUR

    531,5
    539,5

  • RUB

    7,88
    8,13

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երեք օր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ թեյ էինք խմում.Շաբաթը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

27 Մարտ, 2016 14:22
Երեք օր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ թեյ էինք խմում.Շաբաթը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Shabat.amշարունակում է իր նոր «Շաբաթը՝ քաղաքական գործչի հետ» խորագիրը, որի շրջանակներում փորձելու ենք ներկայացնել մեր գործիչներին մի փոքր այլ տեսանկյունից, զրուցել նրանց հետ քաղաքականությունից դուրս տարբեր թեմաներից:

Մեր խորագրի երկրորդը հյուրը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է, որի հետ զբոսնել ենք Երևանի կենտրոնով:

Նաիրա Զոհրաբյանին ուղեցկում է նրա թոռնիկը՝ փոքրիկ Բաբկենը, ով թեև քչախոս էր, բայց պարզեցինք, որ ուզում է պատգամավոր դառնալ, հետո նաև՝ երկրի նախագահ: Բայց այդ ամենից առաջ պետք է դպրոց գնա, լավ սովորի...

Բաբկենը շատ կապված է տատիկին, միասին միշտ ուրախ ժամանց են անցկացնում, մուտլեր դիտում, զբոսնում:

 

-Տիկին Զոհրաբյան, հանգստյան օրերն անցկացնելու ավանդական տարբերակ ունե՞ք, ի՞նչ հանգիստ եք նախընտրում:

-Ցավոք սրտի, հատկապես վերջին տարիներին, «հանգստյան օր» հասկացություն ինձ համար գոյություն չունի։ Բայց, եթե բախտս բերում է, և գոնե մի քանի ժամ կարողանում եմ ինքս ինձանից գողանալ, թոռնիկիս հետ մուլտեր եմ  նայում, կամ՝ կարդում եմ։ Մանկուց մնացած սովորույթ է, սովորաբար ես մի քանի գիրք միաժամանակ եմ սկսում կարդալ։ Այս պահին, խիստ հազվադեպ ազատ ժամերին, կարդում եմ  Ժան-Լուի Ֆուրնիեյի «Ո՞ւր ենք գնում, հայրիկ» վիպակը՝ ֆրանսերեն լեզվով, և Անյես Մարտեն-Լյուգանի «Երջանիկ մարդիկ գրքեր են կարդում և սուրճ խմում» վեպը։  Երկուսն էլ անչափ հետաքրքիր գործեր են։

 

 -Դուք մայր եք, տատիկ, պատգամավոր, կուսակցության նախագահ: Սրանք բոլորն են բարդ ու պատասխանատու աշխատանքներ են, ո՞րն է ամենից դժվար տրվում Ձեզ և ինչպե՞ս եք համատեղում դրանք:

-Գիտեք,  ես մի կարևոր սկզբունք ունեմ իմ կյանքում,  որը սովորել եմ Սամվել Մկրտչյանից՝ կյանքում ամեն ինչ պետք է անել սիրով։ Ու այդ դեպքում դու և՜ լավ մայր ես,  և՜ լավ տատիկ։  Կարծում եմ՝ վատ քաղաքական գործիչ ու կուսակցության նախագահ էլ չեմ։ Բայց, դա թողնում եմ հանրության դատին։ Ինձ համար կարևորը, որ ես երբեք անհարմար չզգամ նայել ինձ սիրող մարդկանց՝  իմ հարազատների աչքերին։ 

-Տիկին. Զոհրաբյան, երբեմն,  երբ հետ եք նայում, ի՞նչ եք զգում, գո՞հ եք այօրվա Ձեր ներկայից, ինչի՞ մասին են այսօր Ձեր երազանքները:

-Այո։ Դժգոհելու առանձնապես առիթ չունեմ։ Ես, անկեղծ ասած, միշտ հաջողակ եմ եղել ու ինչ-որ բանից հիմա դժգոհելը ազնիվ չի լինի։ Իսկ երազանքներս այժմ  շատ պարզ են, որ աղջիկս, թոռնիկս, քույրերս, մայրս,  իմ  մերձավորները առողջ ու երջանիկ լինեն։  Մեկ էլ՝  կարողանամ իրականացնել Սամվել Մկրտչյանի ցանկությունը՝  Գյումրիում, Սամվելի տունը դարձնել թարգմանական դպրոց։ Հաստատ անելու եմ:

-Վերջին տարիները բավականին բուռն ու, կարելի է ասել, դժվար են եղել ԲՀԿ-ի համար, երբևէ ամեն ինչ թողնելու ցանկություն ունեցե՞լ եք և եթե այո, ի՞նչ է Ձեզ հետ պահել:

-Այո, երբեմն այնպիսի մեծ ցանկություն եմ ունենում՝ ամեն ինչ թողնել ու  գնալ, որ մեկ քայլ ու հաստատ դա կանեի։ Բայց, ես իմ տեսակով պատասխանատու մարդ եմ, չեմ սիրում նահանջել, երբեք չեմ պարտվում, ու եթե վերցրել եմ պատասխանատվություն, ապա ինչքան էլ երբեմն անասելի դժվար ու բարդ է՝ ես սովոր եմ հաղթահարել դժվարություններն ու շարժվել առաջ։ 

-Աշխատանքային  ծանր օրվանից հետո ինչպե՞ս եք լիցքաթափվում, կա՞ մի բան, որ պարտադիր է Ձեր առօրյայում:

-Քնելուց առաջ անպայման մի քանի էջ Նարեկ պիտի կարդամ։ Դա պարտադիր է։ Մեկ էլ՝ վերջերս սկսել եմ լրջորեն հետաքրքրվել անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի տեսությամբ՝ տիեզերքում սև խոռոչների առաջացման վերաբերյալ։  

-Կա՞ մի գիրք, որը միշտ ձեռքի տակ եք պահում:

-Աստվածաշունչը և Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»,որը համարում եմ համաշխարհային արձակի Աստվածաշունչը։ 

-Համաշխարհային կին քաղաքական գործիչներից կա մեկը, ում գաղափարախոսությունն ու տեսակետները կիսում եք Դուք:

-Ինչ-որ մեկին հատուկ չէի առանձնացնի։ Ուժեղ  կանայք ինձ միշտ հետաքրքիր են եղել եւ բոլորից ինչ-որ մի բան անպայման սովորում ես։ 

-Ո՞րն է եղել ամենակարևոր խորհուրդը, որ ստացել ու տվել եք երբևէ:

-Իմ շատ սիրելի Հրանտ Մաթևոսյանի խորհուրդը՝ չվախենալ երազելուց և միշտ լինել քաջ։ Իսկ իմ հարազատ մարդկանց ես միշտ մի խորհուրդ եմ տալիս՝ երբեք չնահանջել սեփական սկզբունքներից, ինչ գին էլ որ դրա համար ստիպված լինեք վճարել։ 

-Ինչ է փոխվել Ձեր կյանքում կուսակցության նախագահ դառնալուց հետո:

-Հոգսերս  միլիոնապատկվել են։ 

-Ինչպիսին են Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքականությունից դուրս, կա՞ որևէ գիծ, որ այժմ էլ փորձում եք պահել կուսակցության ներսում:

Երեք օր առաջ Գագիկ Ծառուկյանի հետ թեյ էինք խմում ու զրուցում։ Նման մեծ կուսակցություն ղեկավարելու համար պետք է ոչ թե տասը, այլ տասը հազար անգամ մտածես ու նոր որեւէ քայլ անես։ 

   

-Սիրո՞ւմ եք ճանապարհորդել, ո՞ր երկիրն է Ձեզ գրավում:

-Անկեղծ ասած՝ ոչ այնքան։ Բազմաթիվ երկրներում եմ եղել, սակայն ամենաշշմելու տպավորությունը ստացել եմ Արգենտինայի և Բրազիլիայի միջեւ գտնվող Իգուազու ջրվեժից։ Դա այն պահն էր, երբ ինձ թվաց, թե ես դրախտում եմ։  

 

-Եթե հնարավորություն ունենայիք հանդիպել ու զրուցել մարդկության պատմության մեջ մեծ դեր  ունեցած որեէ գործչի հետ, ո՞ւմ  կընտրեիք և ինչո՞ւ:

-Կուզենայի հանդիպել Ալբերտ Էյնշտեյնին և հարցնել՝ իրապե՞ս ամեն ինչ աշխարհում հարաբերական է։ 

-Երևանում ո՞ր վայրն եք սիրում ամենից շատ:

Փողոցը, որտեղ անցել է իմ կյանքի մեծ մասը՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան փողոց։

-Տիկին Զոհրաբյան, Դուք մշտապես նշում եք կանանց դերի ու նշանակության մասին, նույնիսկ մարտի 8-ի նկատմամբ ունեք յուրահատուկ մոտեցում, այն համարում եք կանանց հանդեպ դիսկրիմինացյաի օր և պնդում, որ կանանց մշտապես պետք է ուշադրություն դարձնել, կինը պետք է հարգի իրեն…Այս մոտեցումները Ձեզ երբևէ դժվարությունների առջև չեն կանգնացրել, ի վերջո, մեր իրականության մեջ ավելի շատ տեղ ու դեր ունեն տղամարդիկ:

-Իմ շատ մոտեցումներ և սկզբունքներ, այո, հաճախ են հենց ինձ համար խնդիրներ ստեղծում։ Բայց, ես արդեն ասացի, որ որևէ մարտահրավերից երբեք չեմ խուսափում ու չեմ սիրում նահանջել։  

-Ինչպիսի  տատիկ եք Դուք Ձեր կարծիքով, Ձեր թոռնիկի հետ որքան ժամանակ եք անցկացնում: Գիտեք նրա երազանքների մասին:

Ցավոք, քիչ ժամանակ եմ ունենում թոռնիկիս հետ անցկացնելու համար։ Նա շուտով կդառնա 5 տարեկան, ու նրա բոլոր երազանքները  կապված են տվյալ պահին արտադրված  հեռախոսի հերթական նոր մոդելի հետ։ 

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Իմ հոգին խաղաղ է ու խիղճս հանգիստ, երբ իմ հարազատները առողջ են ու լուրջ հոգսեր չունեն։ Իսկ ես երջանիկ եմ, որ իմ կյանքում եղել է Սամվել Մկրտչյանն ու  ես եղել եմ  աշխարհի ամենաերջանիկ կինը։  

Մեր մշտական հարցերը՝

1.Ի՞նչ կփոխեիք ամենաառաջինը մեր երկրում, եթե մեկ օրով լինեիք ղեկավար:

Մանկապղծության դեպքում կվերականգնեի մահապատիժը։ 

2. Կյանքի ամենամեծ ձախողումը:

Բարեբախտաբար՝ չի եղել։

3. Ի՞նչ գերբնական ուժով կուզեիք օժտված լինել:

Դա թող մնա իմ գաղտնիքը։ 

Եվ վերջում ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Նաիրա Զոհրաբյանը պատասխանում է մեր համաքաղաքացիների հարցերին:

 

Կարինա Սահակյան

Խաչատուր Էլլոյան 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին