Սահմանադրության առաջիկա հանրաքվեին նույնականացման քարտեր ունեցող ՀՀ քաղաքացիները մասնակցելու հնարավորություն չեն ունենա, որովհետև քարտերի վրա հնարավոր չէ տեխնիկական նշում կատարել ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցելու փաստը ֆիքսելու համար:
Հարցը լուծելու նպատակով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում և նույնականացման քարտերի մասին օրենքում: ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց հարցը լուծելու համար ներդնել համապատասխան էլեկտրոնային սարքեր, որոնք օնլայն համակարգով կֆիքսեն նույնականացման քարտով ընտրած քաղաքացու մասնակցությունը:
Տիգրան Ուրիխանյանն ասաց, եթե անձնագրերի պարագայում դրանց մեջ կնիք է դրվում՝ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ, ապա նույնականացման քարտերի վրա դրանք դնելը հնարավոր չէ, ուստի՝ անվերահսկելի կդառնա կրկնակի քվեարկությունը:
Տիգրան Մուկուչյանն ասաց, թե հարցն իսկապես կարևոր է, քանի որ նույնականացման քարտեր ունեցողների անձը հաստատող միակ փաստաթուղթը դա է և նրանք պետք է իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին: ԿԸՀ նախագահը շեշտեց, որ վերահսկողության մեխանիզմները պետք է լինեն այնպիսին, որ ցանկացած շեղում ունենա օրենսդրական լուծում և ապահովի ընտրական պրոցեսի անխափան աշխատանքը: «Եթե ընտրության օրն օրինակ ունենանք այդ սարքերի խափանման միջոցներ, լրիվ օբյեկտիվ պատճառներով, սա կդառնա շահարկման առարկա, քան հակառակը»,- ասաց Մուկուչյանը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց առանձնացրել նույնականացման քարտերով ընտրողների ցուցակները: Նա նշեց, որ ոստիկանությունը ընտրություններից առաջ պարտավոր է ծանուցել քաղաքացիներին՝ ընտրության տեղի, ժամի, վայրի մասին և նույնականացման քարտ ունեցողներին տրվեն փաստաթղթեր՝ մասնակցության վերաբերյալ:
Քանի որ նույնատիպ նախագիծ ուներ նաև իշխող Հանրապետական կուսակցությունը, հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հորդորեց հետաձգել հարցը, բայց Տիգրան Ուրիխանյանը պնդեց՝ հարցը մտցնել ԱԺ օրակարգ:
Հովհաննես Սահակյանն ասաց, թե տեխնիկական միջոցների ներդրումը հնարավոր կլինի՞ կատարել մինչև դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, դրանք փորձարկել: «Համապետական ընտրական պրոցես է լինելու, հասցնելո՞ւ ենք այս ամենն անել: Կարծում եմ, որ ոչ: Եկեք տանք մեկ այլ կարգավորումը՝ հսկողությունը մեծացնենք, որ գնանք առաջ: Ամեն դեպքում ճիշտ չէ այդ մարդկանց չթույլատրել մասնակցել ընտրություններին»,- նշեց ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահը: