Կարևոր իրադարձություններ

ԵՏՄ-ն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար

23 Հոկտեմբեր, 2015 12:34
ԵՏՄ-ն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը համարում է լավ հնարավորություն՝ մտքեր փոխանակելու միջազգային հարաբերություններում առկա խնդիրների մասին:

Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրում ընթացող համաժողովի ժամանակ նախարարը, խոսելով կոնկրետ Մերձվոր արևելքում առկա իրավիճակից, նշեց, թե ահաբեկչական գործողությունները մարտահրավերներ են ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Նա շեշտեց, որ հայերը բնակվում են Մերձավոր արևելքի բոլոր երկրներում՝ կազմելով բազմազգ, բազմակրոն խճանկարի անբաժանելի մասը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ սիրիական կոնֆլիկտի հետևանքով միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է 17 000 փախստական: «Մերձավոր արևելքում հայկական համայնքների ազգային փոքրամասնությունների խնդիրը մեր մշտական անհանգստության առիթ է»,- ասաց նա:

ՀՀ արտգործնախարարը կարևորեց նաև Իրանի հարցում գործընթացների կարգավորումը՝ նշելով Իրանում տնտեսության զարգացումը էականորեն կփոխի իրավիճակը ողջ տարածաշրջանում:

Նախարարն անդրադարձավ նաև տնտեսական միություններին՝ նշելով, որ դրանց դերը տարածաշրջանում բավական զգալի է: «Փորձագետները փորձում են պարզել, թե ինչքան է այս կամ այն պետությունը շահում՝ անդամակցելով այս կամ այն տնտեսական միությանը: Անհրաժեշտ է պարզել նաև,թե ինչքան կկորցնի՝ չանդամակցելով այդ միություններին, որը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ ստանալու միջոց է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը և տնտեսական կառույցին առհասարակ, ապա ըստ նրա՝ ԵՏՄ-ն լրացուցիչ ներուժ է անդամակցող երկրների տնտեսական զարգացման համար:

Նախարարը խոսեց նաև հայ-չինական հարաբերություններից՝ ընդգծելով, որ դրանք զարգացման բարձր մակարդակի վրա են:

 

Լրահոս

Դիտել ավելին