«Ու ծակում հոգիս» խորագրի ներքո գերմանախոս ընթերցողի դատին են հանձնվել Պարույր Սևակի ստեղծագործությունները:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի գրողների միությունում անցկացվեց Սևակի 24 և 4 բանաստեղծություններն ամփոփող հայերեն-գերմաներեն գրքի շնորհանդեսը:
«Բնակվում եմ Գերմանիայում արդեն 30 տարի: Պարույր Սևակի բանաստեղծությունների այս փոքրիկ գիրքը ստեղծվել է իմ և գրող Հայդե Ռիկի շնորհիվ: Ընտրել ենք 24+4 բանաստեղծություններ. 24-ը խորհրդանշում է ապրիլի 24-ը, 4-ը` չորրորդ ամիսը` ապրիլը: Պարույր Սևակի բանաստեղծական բոլոր շերտերը գերմանացի ընթերցողին ներկայացնելու նպատակ ունեինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց բանաստեղծ, գրքի թարգմանիչ Ագապի Մկրտչյանը:
Նրա խոսքով, ավելի վաղ Գերմանիայում հրատարակվել են Սևակի բանաստեղծությունները ներառող ժողովածուներ: «Այս ժողովածուի առաջին շնորհանդեսն այստեղ ենք անում, պատրաստվում ենք նոյեմբերի 20-ին Վիզբադենում շնորհանդեսն անել: Գիրքը տպագրվել է 1000 օրինակով Բեռլինի «Hans Schiler» հրատարակչությունում»,-ընդգծեց Ագապի Մկրտչյանը` հավելելով, որ գերմանացի ընթերցողը լավ է ընդունում Սևակին:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ բոլոր հայերը պետք է իրենց ներդրումն ունենան հայ մշակույթի տարածման գործում:
«Ագապի Մկրտչյանը թարգմանություններ է անում, փորձում հրատարակել հայ գրողների գործերը տարբեր պարբերականներում: Այնպես պետք է անենք, որ մեր մշակույթը լավ ճանաչելի լինի: Պարույր Սևակի կենդանության օրոք նրա գործերը մի շարք լեզուներով թարգմանվեցին, օրինակ` ռուսերեն, բայց ոչ այնքան բարձր մակարդակով: Թարգմանելը քիչ է, պետք է լավ թարգմանել»,-շեշտեց նա:
Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթից հետո Գրողների միության վաստակի մեդալով պարգևատրեց Ագապի Մկրտչանին`գրական արգասաբեր գործունեության համար:
Հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1945), Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը (1955), որտեղ և դասախոսել է (1955–1959)։1963-1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։ Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942-ից։ Բանաստեղծը թողել է հարուստ գրական ժառանգություն: Մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից: