ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում չեղյալ համարեց, այս տարվա հունիսի 25-Ին ընդունված որոշումը: Հիշեցնենք համաձայն այդ որոշման 2000-ական դրամով բարձրացվելու էր ընտանեկան եւ սոցիալական նպաստների բազային չափը: Որոշումը չեղյալ համարելու մասին նախագիծ գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Սա ըստ էության պայմանավորված է այն հանգամանքով, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագանի բարձրացում տեղի չունեցավ:
Իր խոսքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց.«Քանի որ ընդլայնում ենք այս ցանկը եւ 604 հազար ընտանիքի սուբսիդավորում ենք, այս որոշումը չեղյալ ենք համարում»:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը սույն որոշումը չեղյալ համարելը պայմանանավորել է հետեւյալ կերպ
Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի օգոստոսի 1-ից նախատեսվում էր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 6.93 դրամով: Բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 25-ի նիստի օրակարգային 42-րդ հարցով քննարկեց և հավանության արժանացրեց <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց: