ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը
Ավելի վաղ լրատվականը հայտնել էր, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանին ժամը 18։00-ին կանչելու են Հակակոռուպցիոն կոմիտե, որպեսզի մեղադրանք առաջադրեն։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու:
Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: