Կարևոր իրադարձություններ

Կին փրկարարների վերապատրաստում՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման համար

27 Մարտ, 2025 19:15
Կին փրկարարների վերապատրաստում՝ արտակարգ իրավիճակներում արձագանքման համար
ՆԳ նախարարությունը կարևորում է միջազգային վերապատրաստման դասընթացներին կին ծառայողների ներգրավվածությունը՝ կատարելագործելու արտակարգ իրավիճակներում արձագանքելու նրանց կարողություններն ու մասնագիտական գիտելիքները։
 
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) նախաձեռնությամբ 2024-2025 թթ․ իրականացված Օժանդակության և պաշտպանության կարողություններն ամրապնդող միջազգային վերապատրաստման դասընթացի նպատակը խաղարկային սցենարներով քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վթարների ժամանակ հիմնական վարքագծային կանոնների ուսուցումն է եղել, որին մասնակցել են 25 կին՝ աշխարհի հինգ մայրցամաքներից:
 
Վերապատրաստման դասընթացի ամփոփիչ վարժանքը տեղի է ունեցել մարտ ամսին Շվեյցարիայի Շպից քաղաքում: Վարժանքին մասնակցել է նաև Փրկարար ծառայության աշխատակից, փ/ծ փոխգնդապետ Մերի Առաքելյանը: Նա շուրջ մեկուկես տարի Շվեյցարական բանակի կողմից վերապատրաստվել է որպես քիմիական զենքի պայթյունի դեպքում առաջին արձագանքող և ուսուցանող։
 
Դասընթացի մասնակիցներին ուսուցանվել են քիմիական անհատական պաշտպանության միջոցների կրման, չափիչ սարքերի կիրառման, ինքնապաշտպանական հակաթույների օգտագործման առանձնահատկությունները, նմուշառման ընթացակարգը:
 
Նրանք նաև անցել են արտակարգ դեպք-պատահարների կառավարման հատուկ ուսուցում, արցունքաբեր գազի ազդեցության տակ իրականացրել են անհրաժեշտ գործողություններ, կատարել լաբորատոր վերլուծությունների համար նմուշների հավաքում և ամբողջական ախտահանում:
 
Շվեյցարական բանակի պատասխանատվությամբ անցկացվել են նաև զորավարժություններ։
 
Դասընթացի հրամանատար Մարկոս Մյուլլերը ներկայացրել է Շվեյցարական բանակի առաջնորդության փորձառությունը, մասնակիցներին սովորեցրել ձեռք բերած փորձը հետագայում ինչպես տեղայնացնել իրենց տարածաշրջանում։
 
Հայաստանի ներկայացուցիչը ներգրավվել է տարբեր առաջնորդական դերերում, որոնք արժանացել են բարձր գնահատականի։ Նա վերապատրաստվել է որպես հրշեջ-փրկարարներին առաջին արձագանքողներ ուսուցանող։

Լրահոս

Դիտել ավելին