Ընդդիմությունը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը: Դաշնակցության և պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են լատինամերիկյան սերիալները»,- Աժ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
«Պարոն Աղազարյան, ասում եք՝ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, որ ճնշումներ են գործադրում, ասում եք, որ Հայաստանում, ըստ էության, ավտորիտարիզմ է ձևավորվում, և այլն: Եկեք նայենք փաստերին: Դուք հրաժարվել եք կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել Ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի Ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցություն, կուսակցության համագումար եք արել և հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ մասնակցելու եք քաղաքական գործընթացների ու թույլ չեք տալու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի: Սա ավտորիտարի՞զմ է: Սա դասական ժողովրդավարություն է: Բռնապետության մեջ այդպե՞ս է լինում»,- ասաց Կոնջորյանը:
Նա Աղազարյանին խորհուրդ տվեց պատկերացնել, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ի՞նչ տեղի կունենար իր հետ, եթե նա, օրինակ՝ հանկարծ համարձակվեր չկատարել իշխանության հորդորը ու վայր չդներ մանդատը:
«Սա դասական ժողովրդավարություն է, պարո՛ն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ, և այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին Դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում էիք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին»,- հավելեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Աղազարյանն այսօր ունի պաշտպանվելու բոլոր իրավունքները:
«Պարոն Աղազարյան, դուք էն տաշեղն եք, որով ընդդիմությունն ուզում է կրակ վառել, էդ էն կրակն է, որով ուզում են ՀՀ պետականությունը հրդեհել»,- ասաց ՔՊ-ականը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում քննարկում են Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։