Կարևոր իրադարձություններ

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլին հետևել է ԿԳՄՍ նախարարն

26 Մարտ, 2025 22:45
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլին հետևել է ԿԳՄՍ նախարարն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում այսօր հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ Կոտայքի մարզի համայնքային փուլի մրցումներին, որոնցում ընդգրկված են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցները:

Ինչպես հայտնում են նախարարությունից, մրցաշարին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների հավաքական թիմեր:

Համայնքային փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը կմասնակցեն մրցաշարի երկրորդ՝ մարզային փուլին, որը կանցկացվի ապրիլի 1-15-ը: Եզրափակիչ փուլը նախատեսված է ապրիլի 26-27-ին:

Ժաննա Անդրեասյանը այցի շրջանակում զրուցել է մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքից, հարցրել՝ արդյոք երեխաներն իրենց դպրոցում ունեն համապատասխան ենթակառուցվածք:

Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են նախապատրաստվում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցումներին:

Շատերն առաջին անգամ են մասնակցում և մեծ ակնկալիքներ ունեն: Դպրոցականներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ընդգծել են, որ դպրոցներում թենիսի սեղանների բավարար քանակության դեպքում մրցաշարին մասնակցողներն ավելի շատ կլինեն:

Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի թիմը 5-9-րդ դասարանների շրջանում անցկացվող համայնքային փուլում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արսեն Ավագյանի խոսքով՝ իրենք առաջին անգամ են մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարին:

Սեղանի թենիսի մրցաշարից հետո նախատեսում են մասնակցել նաև դպրոցականների թիմային խճուղավազքի և հեծանվավազքի մրցումներին:

«Հուսով եմ՝ կկարողանանք հաջող հանդես գալ նաև մարզային փուլում, թեև մրցակցությունը բավական մեծ է լինելու: Անկասկած, նմանօրինակ մասսայական մրցաշարերը կնպաստեն մարզաձևի զարգացմանն ու երեխաների՝ առողջ ապրելակերպի խթանմանը:

Երեխաների շրջանում մեծ է ոգևորությունը: Մենք նաև դպրոցականների բասկետբոլի լիգային ենք մասնակցում և լավ արդյունքներ ենք գրանցել:

Երկու շաբաթից ավելի ժամանակ ունենք. ամեն ինչ պետք է անենք մարզային փուլին ավելի բարձր մակարդակով ներկայանալու համար»,- նշել է ֆիզկուլտուրայի ուսուցիչը:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մարզերի 38 քաղաքներում (տարածաշրջաններում) և Երևան քաղաքի վարչական շրջաններում: Մրցաշարը նպատակ ունի դպրոցականների շրջանում խթանել առողջ ապրելակերպի քարոզչությունը՝ նպաստելով սեղանի թենիսի մասսայականացմանը:

Կոտայքի մարզից առաջին տարիքային խմբի մրցումներին ավելի քան 30, իսկ երկրորդ՝ ավագ տարիքային խմբի մրցումներին ավելի քան 40 դպրոցի աշակերտներ են մասնակցել:

Ընդ որում՝ մրցաշարին չեն կարող մասնակցել դպրոցական թիմերի այն աշակերտները, որոնք երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները կպարգևատրվեն՝

1-ին տեղ՝ 4 մլն ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 2,500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 1,500,000 ՀՀ դրամ:

Կպարգևատրվեն նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝

1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով՝

1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Այս տարի առաջին անգամ իրականացված ՀՀ մարզերի և Երևանի մարզական վարկանիշավորման արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել էր հենց Կոտայքի մարզը և կստանա 8 մլն ՀՀ դրամ արժողությամբ մարզագույք: Մարզագույքի ցանկը պետք է որոշվի մարզպետարանի կողմից:

Մարզի պատասխանատուները նախարարի հետ զրույցում նշել են, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հանդեպ հետաքրքրությամբ պայմանավորված, ինչպես նաև Կոտայքի դպրոցականների շրջանում մարզաձևի զարգացման խթանման նպատակով նախատեսում են նախևառաջ թենիսի սեղաններ ձեռք բերել:

Լրահոս

Դիտել ավելին