Կարևոր իրադարձություններ

ԵԽ պատգամավորները ողջունել են Հայաստանի ԵՄ անդամակցման օրենքը

26 Մարտ, 2025 18:45
ԵԽ պատգամավորները ողջունել են Հայաստանի ԵՄ անդամակցման օրենքը

Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը և Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական ​​զեկուցող Միրիամ Լեքսմանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունման վերաբերյալ։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնությամբ առաջարկված օրենքի այսօրվա ընդունումը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, որով հայտարարվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, ևս մեկ կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան առանց այդ էլ շատ ամուր հարաբերություններում:

Եվրոպական միության պայմանագրի 49-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած եվրոպական պետություն կարող է դիմել ԵՄ անդամ դառնալու համար՝ պայմանով, որ այն հավատարիմ է Կոպենհագենի չափանիշներին և ժողովրդավարության սկզբունքներին, հարգում է մարդու և փոքրամասնությունների հիմնարար ազատություններն ու իրավունքները և պաշտպանում է օրենքի գերակայությունը:

Մենք նշում ենք Հայաստանի կառավարության մտադրությունը՝ քննարկել ԵՄ-ի հետ հնարավոր ճանապարհային քարտեզը և ապագայում հանրաքվեի ժամանակ խորհրդակցել բնակչության հետ։

Մենք հիշեցնում ենք, որ ԵՄ անդամակցությունը բարդ, երկարաժամկետ և արժանիքների վրա հիմնված գործընթաց է և պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին բարեփոխումների, ինչպես նաև կայունության ապահովման իր ջանքերում՝ հիմնվելով, մասնավորապես, ԵՄ-Հայաստան առկա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և առաջիկա հավակնոտ Գործընկերության օրակարգի վրա:

Մենք կոչ ենք անում Հանձնաժողովին, Բարձր ներկայացուցչին/փոխնախագահին և Խորհրդին ակտիվորեն աջակցել ԵՄ-ի հետ բոլոր հարթություններում համագործակցությունն ընդլայնելու՝ Հայաստանի ցանկությունն ու նրա եվրոպական ձգտումները»,- ասված է հայտարարությունում:

Լրահոս

Դիտել ավելին