Երևանում աշխատանքներն ավարտեց Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրների կարողությունների զարգացմանն ուղղված «Մասնակցային ժողովրդավարություն, բաց կառավարում և արդյունավետ էլեկտրոնային կառավարման ծառայություններ /PADOS/» ծրագրի երկօրյա աշխատաժողովը: Այն ուղղված էր հանրային ծառայության հատվածում բաց կառավարման և էլեկտրոնային մասնակցության սկզբունքների և մեխանիզմների կիրառման, քաղաքացիական ծառայության բարեփոխումների, քաղաքացիական ծառայողների ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների վերահսկողության ապահովման եվրոպական և հայաստանյան առանձնահատկություններին ու միտումներին առնչվող հիմնախնդիրների քննարկմանը: Աշխատաժողովը հանրային կառավարման ոլորտի շուրջ չորս տասնյակ մասնագետին հնարավորություն ընձեռեց Էստոնիայի և Ֆինլանդիայի օրինակով ուսումնասիրել վերոնշյալ խնդիրների շրջանակում եվրոպական լավագույն փորձը, ինչպես նաև` քննարկել արդիական ու առանցքային մի շարք հարցեր: Սույն աշխատաժողովին նախորդել էր PADOS-ի փաստահավաք խմբի այցը Հայաստան, որի արդյունքում էլ ձևավորվել էր աշխատաժողովի օրակարգը: Աշխատաժողովն անցկացվեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և PADOS ծրագրի իրականացման պատասխանատու Ֆինլանդիայի հանրային կառավարման ինստիտուտի /HAUS/ համագործակցության արդյունքում` Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ: Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, Հայաստանի կառավարությունից, քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմիններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև` միջազգային և տեղական փորձագետներ: ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն աշխատաժողովի բացման իր ելույթում նշեց, որ ներկայումս մշակվում է Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարության շրջանակը, որը հիմնված է լինելու հանրային կառավարման եվրոպական չափանիշների և սկզբունքների տեղայնացման վրա: Նա շնորհակալություն է հայտնել PADOS ծրագրի նախաձեռնողներին արդյունավետ համագործակցության համար: PADOS ծրագրի հիմնական նպատակն է ուժեղացնել ԱրԳ երկրներում որոշումների կայացման և կառավարման թափանցիկությունը` նպաստելով ժողովրդավարական կառավարմանը, աջակցելով ԱրԳ երկրների ինստիտուցիոնալ կարողությունների և հանրային կառավարման զարգացմանը: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ. 1-ին` մասնակցություն, էլեկտրոնային ժողովրդավարություն և բաց կառավարում, 2-րդ` էլեկտրոնային կառավարում, տեղեկատվական (կիբեր) անվտանգություն և տվյալների պաշտպանություն, 3-րդ` հանրային կառավարման բարեփոխումներ և բարդ իրավիճակներում ղեկավարման նոր մոտեցումներ: