Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ

18 Փետրվար, 2025 14:05
Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 17-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

 

Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրել է ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման և զարգացման փորձը՝ ընդգծելով ձեռքբերումներն ու իրականացվելիք խոշոր նախագծերը։

Կողմերը քննարկել են փոխգործակցության հեռանկարները և համաձայնություն ձեռք բերել համատեղ ծրագրերի իրականացման շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել տիեզերական տեխնոլոգիաները և նպաստել գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին՝ ի շահ երկու պետությունների։

Առանձնահատուկ ընդգծվել է գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների, ոլորտային ստարտափների ուղղությամբ հնարավոր համագործակցության կարևորությունը, ինչպես նաև շարունակական համագործակցությունը՝ «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքներին համահունչ՝ ուղղված տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը, ԱՄԷ տիեզերական գործակալության տիեզերական քաղաքականության տնօրեն Ֆաթմա Ալշամսին և Ռազմավարական համագործակցության ավագ մասնագետ Հասան Ալշեհին։

 

Լրահոս

Դիտել ավելին