Փարիզում Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի մեկնարկից րոպեներ առաջ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:
Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը, ինչպես նաև Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը:
Սպիտակ տան տվյալով՝ երկու երկրի ղեկավարներն ընկերական զրույց են ունեցել:
Մակրոնը հայտնել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո զանգահարել է նաև Վոլոդիմիր Զելենսկուն:
«Ձգտում ենք ուժեղ և կայուն խաղաղության Ուկրաինայում:
Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, դա պետք է ուղեկցվի ուկրաինացիների համար անվտանգության ամուր և վստահելի երաշխիքներով։
Կաշխատենք այդ ուղղությամբ եվրոպացիների, ամերիկացիների և ուկրաինացիների հետ միասին։ Սա է բանալին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը:
Մակրոնը X-ի էջում գրել է, որ Եվրոպան պետք է ավելի լավ և շատ ներդնի սեփական անվտանգության և պաշտպանության համար: