Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Քեշիշյանը շնորհավորել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ աշ-Շարաային՝ երկրի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Այս մասին հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։«Սիրիայի ժողովուրդն իր տարբեր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջով և դիմակայել՝ համբերությամբ ու հույսով, որ երկրում կիշխի արդարությունն ու հավասարությունը, և կհարգվեն բոլոր սիրիացիների իրավունքներն առանց խտրականության», – նշել է Արամ Ա կաթողիկոսն իր և Սիրիայի հայ համայնքի անունից տարածված շնորհավորական ուղերձում։
Արամ Ա կաթողիկոսն իր ուղերձում հույս է հայտնել, որ նոր ղեկավարության շնորհիվ Սիրիայի պատմության մեջ բարգավաճման նոր էջ կբացվի։
Կաթողիկոսը նախագահ աշ-Շարաային մաղթել է հաջողություն իր առաքելության մեջ։