Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երբևէ բանակցություններ չի վարել թուրքական «Տրաբզոնսպոր» տեղափոխության շուրջ:
Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:
«Դա թուրքական ակումբի վարդագույն երազանքն է, և ոչ մի աղերս չունի իրականության հետ: Սպերցյանի բոլոր հարցերով զբաղվում է հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը: Մկրտիչ Սպերցյանի, Էդուարդի կնոջ՝ Ալինայի հայրիկի՝ Արտյոմ Կարապետյանի, և անձամբ իմ անունից պաշտոնապես հերքում եմ և պնդում, որ նման բան չի եղել. որևէ մեկը Թուրքիայից չի կապվել Էդուարդ Սպերցյանի հետ: Վստահաբար ասում եմ՝ եթե անգամ կապվեին, Սպերցյանը չէր էլ բանակցելու, ոչ թե գալու էր համաձայնության, հետո որևէ մեկի հորդորով կամ քաղաքական դրդապատճառներով հրաժարվելու էր: Չէր էլ բանակցելու: Հիմա շատ լուրջ թիմեր են պայքարում Սպերցյանի համար, իսկ «Կրասնոդարում» նա անչափ սիրված է Սերգեյ Գալիցկու կողմից: Սա ասում եմ՝ որպես Էդուարդի ընտանիքին շատ մոտ մարդ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու կարևորել մամուլի կողմից նմանօրինակ հրապարակումների ճշգրտումը:
Կարեն Գիլոյանը նաև ընդգծել է՝ Էդուարդ Սպերցյանն արժեքներ գնահատող ֆուտբոլիստ է, և թեև ֆինանսական շատ լուրջ առաջարկներ է ստացել՝ շարունակում է հանդես գալ «Կրասնոդարում»:
«Սպերցյանը «Կրասնոդարում» շատ տպավորիչ գումարներ է ստանում, բայց դրանից շատ ավելի լուրջ առաջարկներ է ստացել, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայից, բայց մնացել է խաղալու «Կրասնոդարում»: Իսկ եթե թուրքական ակումբը թեկուզ 5 անգամ ավելի գումար առաջարկեր, քան Սպերցյանը ստանում է «Կրասնոդարում», միևնույն է՝ նա բանակցությունների մեջ չէր մտնի»,- նշել է Կարեն Գիլոյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Լիդս Յունայթեդը» դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերը գնելու տարբերակը: Հաղորդվում էր նաև, որ «Կրասնոդարը» պատրաստ է Էդուարդ Սպերցյանին 12-13 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել «Լիդս»:
Կարեն Գիլոյանի խոսքով՝ անգլիական թիմը շատ ավելի մեծ գումար է առաջարկել. «Սպերցյանն, ինչպես արդեն նշեցի, արժեքներ գնահատող, ինչպես նաև մարզական լուրջ կարիերայի մասին մտածող ֆուտբոլիստ է: Հիմա նա «Կրասնոդարում է», իսկ հետո կլինի այն ակումբում, որն արժանի է՝ Սպերցյանն այնտեղ խաղա»: