Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանին. նախարար

09 Հունվար, 2025 11:27
ԵՄ-ն քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանին. նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այսօր Կառավարության նիստում հայտարարեց, որ ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նա ընդգծեց, որ ըստ սահմանված կարգի, Կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի՝ տվյալ նախագծի վերաբերյալ:

Միրզոյանն ավելացրեց, որ առաջարկում է դրական դիրքորոշում ընդունել՝ հիմնվելով մի շարք կարևոր հանգամանքների վրա:

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունները եղել են ինտենսիվ և դինամիկ, ու այդ հարաբերությունները ընդգրկել են տարբեր ոլորտներ՝ ներառյալ քաղաքական, տնտեսական և անվտանգային համագործակցությունը:

Արտաքին գործերի նախարարը կարևորեց, որ ԵՄ-ն բազմաթիվ անգամներ քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և պատրաստակամություն է ցուցաբերել ապահովելու Հայաստանի անվտանգային միջավայրը, օրինակ՝ քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելով Հայաստանում:

Միրզոյանը նաև նշեց, որ վարչապետի՝ Եվրոպական Խորհրդում ունեցած ելույթում նշվել է, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրոպական Միությանը այնքան, որքան ԵՄ-ն կհամարի հնարավոր: Այս տեսանկյունից, նա նկատեց, որ Հայաստանի հետ համագործակցության որոշ նշաններ արդեն տեսանելի են, օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև մի շարք այլ գործիքներ, որոնք արդեն կիրառվում են կամ քննարկվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին