Mediahub-ը հարցազրույց է հրապարակել արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանի հետ:
- Տիկին Հովհաննիսյան, 2024 թվականին ընթացքում Դուք ակտիվ լուսաբանում էիք հանրությանը, թե ինչ փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, և ինչ հետևանքներ են դրանք առաջացնելու կոնկրետ ոլորտների ներկայացուցիչների և քաղաքացիների համար։ Կմանրամասնե՞ք, թե ինչ է սպասվում մեզ 2025 թվականին։
- Իրավացի եք, ես Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եմ անդրադարձել, որոնք երկու մասի պետք է բաժանել։ Կան փոփոխություններ, որոնք արդեն կատարվել են և ընդամենը պետք է ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, և կան փոփոխություններ, որոնք պետք է քվեարկվեն և ուժի մեջ մտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից։ Խոսքը վերաբերում է մի շարք ոլորտներում հարկային բեռի շեշտակի ավելացմանը, մասնավորապես՝ փաստաբանական ծառայություններին, բուն իրավաբանական ծառայություններին, որոնք ավելի լայն են և ներառում են նաև խորհրդատվության ոլորտը, հաշվապահական, նոտարական ծառայություններին և այլն։ Եվ, այս տեսանկյունից, ես փորձել եմ ցույց տալ, որ այս փոփոխությունների մուլտիպլիկատիվ էֆեկտը, որոնք իրենք ակնկալում են, որ պիտի տեղի ունենա հարկահավաքության և տնտեսության վրա, չի լինելու ակնկալածի պես։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող են սխալներից դաս քաղելու փոխարեն մարդիկ նորից սխալ գործեն, որովհետև 2024 թվականը, իրականում, հարկային եկամուտների հավաքագրման տեսանկյունից դեֆիցիտով են փակել, այսինքն՝ չեն հավաքագրել այն եկամուտները, որոնք նախատեսված էին, դրա հիմնական պատճառներից մեկը սխալ պլանավորումն է, որը կատարվել է։ Եվ հիմա նախատեսվում է 0.7 տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ավելացում։
Սա մոտավորապես մի քանր հարյուր միլիարդ ավել դրամի գումար է նախատեսում, որը պետք է տեղի ունենա բացառապես երկու գործոնի հաշվին՝ հարկային բեռի ավելացման օրենսդրական փոփոխությունների և հարկային վարչարարության։ Այսինքն՝ հարկայինը ավելի ագրեսիվ և ավելի անզիջում կարգով պիտի ստուգի բոլորին ու ամեն ինչ, որպեսզի կարողանա բյուջե լցնել։
Մյուս կողմից էլ, մարդիկ ասում են՝ դե, գիտե՞ք, փաստաբանական, իրավաբանական ծառայություններ ու մյուսներ, նորմալ չէ, որ դուք աշխատում եք շրջանառության հարկով, եկեք, մտեք ընդհանուր հարկային համակարգ։ Ես խնդիր չեմ տեսնում, հակառակը՝ համարում եմ, որ ճիշտ է ընդհանուր հարկային համակարգ տեղափոխելը, բայց դա պիտի կատարվի աստիճանական և գրագետ ձևով: Չես կարող մարդկանց, որոնք աշխատում էին 5 տոկոս շրջհարկով, կտրուկ դարձնես 20 տոկոս ԱԱՀ, գումարած՝ 18 տոկոս շահութահարկ վճարողներ, և ասել՝ դե լավ, էդքան շատ թանկացում չի լինի, մենք հաշվել ենք։ Իրականում, ոչ մի բան չեն հաշվել և հաշվի չեն առել։ Արդյունքում ստացվելու է, որ փաստաբանները, իրավաբաները և մյուսները պիտի բարձրացնեն իրենց հաճախորդների գումարները, որ վնաս չկրեն։
- Իսկ հաշվարկ կա՞, թե որքան մարդու վրա սա կազդի, ովքե՞ր կտուժեն սրանից հիմնականում։ Հատկապես շատ քննարկվեց փաստաբանական, իրավաբանական ծառայությունների վրա դրվող հարկային բեռի ավելացման հարցը, նաև խորհրդարանական լսումներ եղան, բայց ոչինչ չփոխվեց։
- Ամենացավոտ հատվածը հենց սա է, որ մակրոտնտեսական տեսանկյունից էֆեկտը հաշվի չեն առել, թե ինչքան մարդու վրա է սա ազդելու։ Ոչ թե բուն համայնքի՝ փաստաբանների, որոնք, այսպես ասած, «աղմկող» մասն են, այլ այս պահի դրությամբ չխոսող և իր մաշկի վրա դա չզգացող մարդկանց մասին է՝ ժողովրդի, որոնք անընդհատ ունենում են իրավական խնդիրներ, այսինքն՝ սկսած հարկայինի ակտերը բողոքարկելուց, վերջացրած ՃՈ ակտերը բողոքարկելով, մարդիկ իրավաբանի կարիք են ունենալու։ Եվ այստեղ տարբերակները շատ չեն․ կա՛մ իրավաբաններն ուղղակի սևով՝ կանխիկ են վերցնելու գումարը, իսկ այնտեղ, որտեղ ցույց տալու կարիք կա, և չես կարող ամբողջն անել կանխիկով, իրենք անկանխիկ մասը ցույց են տալու փոքր, մեծ մասը վերցնելու է կանխիկ, և այս փոփոխությունների հեղինակները ուզեն, թե չուզեն, հարկային եկամուտները իրենց պատկերացրածի չափ չեն ավելանալու։
- Դուք ասում էիք, որ այս փոփոխությամբ հարուստները կլինեն ավելի պաշտպանված, իսկ կարիքավորները՝ անպաշտպան։ Ի՞նչ է դա նշանակում։
- Տեսեք, շատ պարզ տրամաբանություն կա այստեղ․ ծառայությունը, որը թանկանում է, դառնում է պակաս մատչելի։ Իսկ ո՞ւմ համար է դառնում պակաս մատչելի, այն մարդկանց, որոնց ֆինանսական միջոցները՝ որակյալ, մասնագիտացված ծառայություն ստանալու մասով, ավելի սուղ են։ Արդյունքում ստացվում է՝ այն մարդիկ, ովքեր շատ փող ունեն, նույնիսկ իրենց սխալը գումարով, որակյալ իրավաբանության հաշվին առաջ տանելու ավելի լայն հնարավորություն են ունենալու, քան այն մարդիկ, որոնք գուցե դիրքային, իրավական ու բարոյական տեսանկյունից ավելի ճիշտ են, բայց անգրագետ ձևով են իրականացնում իրենց իրավունքների պաշտպանությունը։
- Կարո՞ղ ենք ասել, որ այս կառավարությունը տարեց տարի էլ ավելի է շեղվում իր հռչակած սկզբունքներից՝ օր-օրի ավելի բարդացնելով մարդկանց կյանքը, ավելացնելով հարկային բեռը, քաղաքացուն դարձնելով տուգանքի մատերիալ։
- Իմ այս ամբողջ ասածից հետո, կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը թող գնահատի՝ ինչպես է գնահատում կառավարության գործունեությունը, շեղվո՞ւմ է, թե՞ չի շեղվում, քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնո՞ւմ է, թե՞ ոչ։
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: